KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Karine Yaralyan: Պատերազմն ու հետպատերազմյան

Karine Yaralyan: Պատերազմն ու հետպատերազմյան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
399 0

Պատերազմն ու հետպատերազմյան իրադարձություններն ամբողջությամբ տակնուվրա արեցին մեր կյանքը` տեղավորելով մեզ իրականության լրիվ այլ չափումներում. մեզ պատել են անսփոփ վիշտը, հուսահատությունը, վախը… Հիմա բոլորը շարունակում են փնտրել մեղավորներ, դավաճաններ, ու, որն ամենահետաքրքիրն է, պարզվում է` բոլորն «արժանապատիվ խաղաղության» կողմնակիցն էին ու ջատագովը: Սրանից անազնիվ ու ցավալի իրականություն հնարավոր չէր պատկերացնել: Ցավն այն է, որ մենք երեկ չենք հայտնվել միմյանց կյանքում, ու գրեթե յուրաքանչյուրիս կենսագրությունը` մոտեցումները, սկզբունքները, վարքը միմյանց աչքի առաջ էին և են: Տարիներ շարունակ մենք եղել ենք այն հասարակությունը, որը մերժել է երկխոսության բոլոր հնարավորությունները, որն ինքն իրեն շարունակաբար կերակրել է վերամբարձ խոսքերով, լցրել է իր կյանքը պաթոսով, տարատեսակ կործանիչ միֆերով, ծաղրել և «ոչնչացրել» է անխուսափելի փոխզիջումների մասին բարձրաձայնող գրեթե յուրաքանչյուրին, ներկայացնելով վերջիններիս որպես պարտվող, «հող ծախող», «դավաճան» և այլն: Քննադատվել են մարդիկ, որոնք, անտեսելով ամեն մի ստոր մեկնաբանություն, տարիներ շարունակ բարձրաձայնել են այսօրվա վտանգների մասին, փորձել են հասկացնել, որ ՀԱՂԹԱՆԱԿԱԾԻ ԴԻՐՔԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼԸ ԼՐԻՎ ԱՅԼ Է, ՔԱՆ ԶԻՋՈՒՄԸ ՊԱՐՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ: Տարիներ շարունակ սա եղել է անըմբռնելի (նույնիսկ այնպիսի մարդկանց կողմից, որոնք, կարծես, պետք է որ ունենային տարրական տրամաբանություն ու վերլուծական կարողություն): Հիշում եմ` հեղափոխությունից հետո ՔՊ-ի հայտնի պատգամավոր(ուհիներից) մեկն այս փոխզիջումների թեմայով մի երկար «ճառ» էր գրել. որ սա անընդունելի է մեզ համար, որ «ոչ մի թիզ հող», որ մենք անպարտելի ենք, և այլն, և այլն: Արդյունքում հավաքել էր անթիվ-անհամար like-եր, իր «տղամարդ-աղջիկ» տեսակով հիացմունքի խոսքեր: Երբ փորձեցի միջամտել և հասկացնել, որ գոնե պատգամավորները պետք է մի փոքր ավելի իրատես ու պատասխանատու գտնվեն, այլ ոչ թե զբաղվեն պոպուլիզմով, շատ զայրացավ, իսկ սիրելի ուսանողներիցս մեկը սկսեց ակտիվ իրեն պաշտպանել: Արդյունքում, այսօր մեր անհեռատեսության, իռացիոնալիզմի, մեծամտության, տարրական տրամաբանության և գիտելիքի բացակայության պատճառով հայտնվեցինք անդունդի եզրին: Մենք անդունդի եզրին ենք և այլևս պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք շարժվում: 23 տարի իմ երկրի իշխանությունն ինձ համար եղել է անընդունելի: Եվ ես սա միշտ բարձրաձայնել եմ: Բացի այն, որ երկրում կլանային, կոռումպացված համակարգ էր, մեզ մոտ գրեթե ոչնչացվել էր քաղաքական դաշտը, ինչի պտուղները մինչ այսօր քաղում ենք: Վերացել էր «քաղաքական տեքստ» ասվածը, չհաշված ժամանակ առ ժամանակ հայտնվող Լ.Տեր-Պետրոսյանի հոդվածները, ելույթները կամ հարցազրույցները, որոնք թե քաղաքական մտքի ու գիտականության, թե հասարակության կողմից ըմբռնելիության տեսանկյունից, կարծես, այլ մոլորակի բնակիչների համար լինեին: Իշխանությանը հաջողվել էր «դեֆորմացնել» հասարակական գիտակցության ոչ միայն ռացիոնալ շերտը, այլև ազդել վերջինիս հոգեբանական կտրվածքի վրա, առաջացնելով 90-ականների` Հայաստանի Հանրապետության առաջին իշխանության նկատմամբ չափազանց նեգատիվ տրամադրություններ: Մարդիկ մեղադրում էին Տեր-Պետրոսյանին «մութ ու ցուրտ» տարիների և «Ղարաբաղը ծախելու» մեջ: Եվ ես մեր հասարակության փոխարեն սրա համար ամաչում եմ և ուզում եմ հարցնել. այդ ինչ կոմֆորտ էիք ուզում պատերազմի տարիներին: Իրականում սա նշանակում է, որ ինչ-որ տեղ ղարաբաղյան առաջին պատերազմն անցել է ձեր կողքով, որովհետև իշխանությունը կարողացավ հնարավորինս պայքարել սեփական ուժերով` ազատամարտիկների և բանակի ռեսուրսներով` չընդգրկելով հասարակության լայն զանգվածներ, չհայտարարելով համընդհանուր զորակոչ, չզրկելով ուսանողներին իրենց ուսումը շարունակելու հնարավորությունից և այլն: Այսօր մենք կրկին տեսանք սարսափելի պատերազմ, որն անցավ գրեթե յուրաքանչյուր ընտանիքի կողքով: Եվ, արդյոք, այդ պատերազմի օրերին մենք պատրաստ չէինք ամեն ինչի, միայն թե լիներ հաղթանակ, միայն թե մեր երեխաները ողջ մնային: Երկրորդ մեղադրանքը, որը օգտագործվեց հեղաշրջման ժամանակ` «Ղարաբաղը ծախելն» էր, իսկ իրականում, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ, որի մերժման զոհը մենք այսօր դարձանք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճակատագրին, որի «ապահով ու անվտանգ» լինելը անտեղյակները կապում են Ռ.Քոչարյանի հետ, ապա, հղում տալով պատմաբան Աշոտ Սարգսյանին, կետերով հիշեցնեմ այն «ներդրումը», որն ունեցավ Քոչարյանը:
Ա) Համաձայնեց կարգավորման մի տարբերակի, որով Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում (1998 թ. «Ընդհանուր պետության»)։
Բ) Ստորագրեց միջազգային մի փաստաթուղթ, որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը («Ստամբուլյան խարտիա» 1999)։
Գ) Ի չիք դարձրեց հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը. նա Լեռնային Ղարաբաղին զրկեց հակամարտության կողմի միջազգային մանդատից՝ մի կարգավիճակ, որը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման առարկայական հիմքն էր (2001 թ.)։
Դ) Համաձայնություն տվեց Հայաստանի սուվերեն տարածքների հաշվին հակամարտության կարգավորման տարբերակի (Քի-վեստյան փաստաթուղթ, Մեղրիի տարբերակ, 2001 թ.)։
Ե) Ընդունեց կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որում միջազգային իրավունքի երկու՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները հիշատակվում են համատեղ, այդ դեպքում ինքնորոշումը պետք է տեղավորվի տարածքային ամբողջականության մեջ (2007 թ.)։ Հիշեցնեմ, որ հենց այսպիսի մի բանաձեւի վրա է, որ 1996-ին Լիսաբոնում «վետո» էր դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Այս ամենի մասին շատ երկար կարելի է գրել: Ավելին, այսօր ակնհայտ է, որ բազմաթիվ մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, չեն կորցրել ողջախոհությունն ու ազնվությունը, հասկացան և ընդունեցին իրենց/մեր պատմական սխալը: Բայց, ցավոք, Լ.Տեր-Պետրոսյանը մի հարցում էլ է ճիշտ. կա կարևոր գործոն` ԺԱՄԱՆԱԿԸ, և այն, ինչը հնարավոր է անել այսօր, հնարավոր չի լինի անել վաղը…
Հ.Գ. Երեկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ կմասնակցի ընտրություններին: Սա իմ և ինձ պես մտածող շատ-շատ մարդկանց հույսն է, որը կապում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մի մարդու, որի օրոք Հայաստանը կերտել է միայն ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

Karine Yaralyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir