İran ABD gerginliğinde diplomasi

UKRAYNA’NIN ASKERİ TEKNİK KOMPLEKSİ RUSYA’YI DENGELEYEBİLİR Mİ

ОРГАНИЗАЦИЯ УПРАВЛЕНИЯ ГОРСКИМИ НАРОДАМИ СЕВЕРНОГО КАВКАЗА В XIX — НАЧАЛЕ XX ВВ.: ОСНОВНЫЕ ЭТАПЫ, ОСОБЕННОСТИ И ПРОБЛЕМЫ

İran tehditleri hakkında ciddi istihbarat bilgilerimiz var

7-8 տարի հետո մեզ սպասվում է դեպոպուլյացիա. Մենք շատ ենք ուշացել

Ermenistan, Gündem 22 Şubat 2019
14

Մեր զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Պարոն Մարկոսյան, օրերս հաստատվեց կառավարության ծրագիրը։ Դուք ծրագրում տեսա՞ք ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներ։

Կառավարությունն իր ծրագրում նշել էր ծնելիության խթանում, աջակցություն երիտասարդ ընտանիքներին։ Բայց քաղաքականություն, որպես մշակված ռազմավարություն և նաև լուծումներ, դեռևս չկան։ Ես դեկտեմբերին ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից ներգրավված եմ եղել այդպիսի մի ծրագրում, առաջարկություններ, վերլուծություն արել էի, թե 1980-ական թվականներից սկսած ընդհանրապես ինչ խնդիրներ կան՝ ծնելիություն, մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն։ Խնդիրները շատ-շատ են, բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իր ելույթում դրան անդրադարձ չարեց։ Դա որոշակի առումով զարմանալի էր։ Կամ իրենք դեռ չեն հասկացել այն խնդիրը, որ ծառացել է Հայաստանի առջև։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի բնակչությունը 2018-ին կրկին նվազել է 5600 մարդով։ Մեր միգրացիոն սալդոն դեռևս բացասական է։ Ես նկատի չունեմ ուղևորահոսքի սալդոն, դա ընդհանրապես չի հաշվարկվում։ Միգրացիոն սալդոն ձևավորվում է այն արդյունքով, թե Հայաստանում քանի մարդ է դուրս եկել հաշվառումից և քանի մարդ է հաշվառվել։ Այդ ցուցանիշը 2018-ին կազմել է 18 400 մարդ։ Մենք ունենք 10800 բնական աճ և ունեցել ենք ընդհանուր հաշվեկշռում 7600 մարդու պակաս, այդքանով պակասել է բնակչությունը։ Հայաստանի մշտական բնակչությունը 2 մլն 972 հազարից հասել է 2 մլն 965 հազարի։

Կառավարությունը պետք է արագացնի այս ոլորտում ռազմավարության մշակումն ու լուծումների առաջարկներ անի։ Մենք ժամանակ չունենք, շատ-շատ ենք ուշացել։ Մոտ 10-12 տարի ուշացել ենք, որովհետև ծնունդների թվաքանակը անկում է ապրում։ Օրինակ՝ 2018 թվականին 2017-ի համեմատ ծնունդները նվազել են 1200-ով։ Բնական աճը պայմանավորված է եղել նրանով, որ մահերի թիվն է նվազել։ Դա դրական է, բայց դա ժամանակավոր երևույթ է, քանի որ եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը մոտավորապես 74 տարի է, ապա այդ շրջանում է գտնվում նախորդ տարի 40-ականներին ծնված սերունդը, որոնց թվաքանակը, կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, քիչ է եղել։ Այդ տեսանկյունից մահերը հիմա պետք է պակասեին, բայց եթե նայում ենք 10-15 տարվա կտրվածքով, մահերի թիվը կտրուկ աճելու է, որովհետև բեյբի-բումի 50-ական, 60-ական թվականների սերունդն է գալու, որոնց թվաքանակը ավելի շատ է, քան 40-ականներին ծնվածներինը։ Մեզ նաև սպասվում է ծնունդների կտրուկ անկում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործում այն մայրական սերունդը, որը ծնվել է 1990-ական թվականներին։ Այսինքն, 2-3 տարի հետո եթե ոչինչ չփոխվի, ծնունդների խրախուսման քաղաքականություն չտարվի, ապա մեզ մոտ ծնունդների անկման գործընթացն ավելի է արագանալու։

7-8 տարի հետո մեզ սպասվում է դեպոպուլյացիա, այսինքն մահերը գերազանցելու են ծնունդներին։ Ի դեպ, այս տարի առաջին անգամ պատմության մեջ Լոռու մարզում մահերը գերազանցել են ծնունդներին։ Գալիս է այն սերունդը, որը քիչ է, ամուսնությունների թիվը պակասելու է, ծնունդներն էլ բնականաբար նվազելու են։ Երկրորդ՝ երիտասարդները չեն ուզում ամուսնանալ։ Հատկապես, երբ խոսում ենք 1990-ականներին ծնված սերնդի մասին, ապա արական սեռի ներկայացուցիչների արտագաղթի պատճառով, ցավոք, այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ աղջիկների մեծ մասը փեսացուներ չունի։ Դա արտագաղթի ամենավատ կողմն է, որն ավելի ցայտուն է դրսևորվում։ Մյուս կողմից, ինչ-ինչ պատճառներով երիտասարդները չեն ցանկանում ամուսնանալ, ուստի պետք է նաև Հայաստանում խրախուսել ամուսնությունները, պետք է երիտասարդներին մի բան առաջարկել, որ ամուսնանան։ Խնդիրը նաև այն է, որ նույնիսկ չեն շտապում առաջնեկ ունենալ։

Ըստ էության՝ կառավարության ռազմավարությունն այս առումով դեռ հստա՞կ չէ։

Ռազմավարություն չկա էլ դեռևս։ Եղել են ռազմավարություններ, 2016-2018 թվականների միջնաժամկետ ռազմավարություն կար, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, 2009 թվականին է եղել, բայց հիմա իրադրությունը բոլորովին այլ է։ 2009-ին մեզ մոտ ծնունդների թիվը դեռ աճում էր։ Հենց խնդիրն այն է, որ դա պետք է աճեր մինչև 2018-2019 թվականը, բայց 2010 թվականից մեզ մոտ սկսեց ծնունդների թվաքանակը նվազել։ Քանի որ չի կատարվել որևէ հետազոտություն և պատճառները պարզ չեն, մի քիչ դժվար է ասել, թե ինչու է դա տեղի ունենում։ Իհարկե, կարելի է հասկանալ, որ կա սոցիալ-տնտեսական վիճակ, կա արտագաղթ, որը բավական մեծ ազդեցություն է ունեցել։ Արտագաղթը շատ մեծ վնաս է հասցրել Հայաստանին, քանի որ գործունյա և վերարտադրողական տարիքի մարդիկ են հեռացել Հայաստանից, այդ թվում ընտանիքներով։ Դրա բացասական արձագանքը դեռ կզգանք մոտակա 20-30 տարիներին։ Այսօր պետք է մի քիչ արագացնել, կառավարությունը պետք է հասկանա, որ մենք գնում ենք դեպի դեպոպուլյացիա։ Դա ամենավատ բանն է ժողովրդագրության մեջ, որ կարող է տեղի ունենալ։

Մեզ մոտ խնդիրն այն է, որ երբ մի ռազմավարություն են գրում, ապա պետք է դրա տակ լինեն շատ խորը վերլուծություններ ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Օրինակ՝ գրվել էր մինչև 2040 թվականի ռազմավարություն, որի տակ ոչ մի վերլուծություն չկար։ Պարզապես քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև 2040 թվականը թվաքանակը պետք է լինի 4 մլն, նրա կողմից քաղաքական հրաման էր եղել, թվերը դասավորել էին, ստացել էին ինչ-որ թիվ։ Ոչ մի վերլուծություն չէր կատարվել, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Պարզապես թվերը գրել էին՝ բնական աճը այսքան, ներգաղթը այսքան կլինի և ստացել էին 4 մլն, ինչը դիլետանտիզմ է։ Հիմա էլ պետք է մի քանի լուրջ հետազոտություն անցկացնել մինչև վերջնական ծրագիր գրելը։ Այսինքն խթանումը միայն այն չէ, որ փող տվեցիր, ծնունդ ունեցար։ Եթե քաղաքականություն է գրվում, ապա ժողովրդագրական քաղաքականությունն ունի երեք բաղադրիչ՝ դրամական խրախուսում, օրենսդրական խրախուսում և քարոզչական մեծ աշխատանք։ Եթե այդ երեք բաղադրիչը չի միատեղվում մի ռազմավարության մեջ, ապա չի աշխատելու, ինչ էլ գրեն։ Հիմա խնդիրն այն չէ, որ փող տաս, որ կինը ծննդաբերի։ Այսօր աշխատող կինը վախենում է շատ երեխա ունենալ, որ կարող է կորցնել իր աշխատանքը։

Դայակների ինստիտուտն են ներդրել, որը, կարծես թե հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված։

Դա շատ քիչ է, որովհետև նաև որոշակի սահմանափակումներ կան։ Օրենսդրական դաշտում մեծ անելիքներ կան։ Նույնիսկ եթե ռազմավարություն է գրվում, այո մասնագիտական խորհուրդ է նստած և պետք է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեն։ Առաջարկներ կան, որ այո, եկամտահարկի խրախուսման մեթոդներով կարելի է մարդկանց խրախուսել։ Պուտինն արդեն հայտարարել է, որ 3 երեխա ունեցողներին պատրաստ են ազատել հարկերից։ Դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Ֆրանսիայում էլ 4 երեխա ունեցողը ազատված է հարկերից։ Նաև աշխատանքային օրենսգիրքը պետք է փոխվի, կանանց աշխատանքի պաշտպանվածության մակարդակը պետք է բարձրացնել։ Կինը պետք է հստակ գիտակցի, որ եթե ինքը գնում է ֆիզարձակուրդ, ապա վերադառնալու պարագայում եթե գործատուի հետ խնդիր առաջանա, պետությունը 100 տոկոսով կանգնած է իր կողքին, որ գործատուն չի կարող կամայական որոշումներ կայացնել, գործից ազատել։ Այսինքն պետք է համապարփակ գործուն ծրագիր մշակվի, որը հիմնված կլինի խորը վերլուծությունների վրա։ Գոնե պետք է այնպես անել, որ հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ այդ գումարը դրվի բյուջեում։

Եթե 2026 թվականին ինձ ասեն ծրագիր գրի, կասեմ՝ ես չեմ գրի, որովհետև այդ ժամանակ այլևս ոչինչ անել հնարավոր չի լինի։ Նույնիսկ շատ մեծ թվով խրախուսումները կարող են արդյունք չտալ։ Մենք ժամանակի խնդիր էլ ունենք։ Կառավարությունը պետք է հստակ հասկանա, որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Այստեղ սեղանին դրված է մեր պետականությունը։ Եթե մեր բնակչության թվաքանակը նվազում է, մենք մոտակա 20-25 տարվա ընթացքում կարող ենք վտանգի տակ դնել նաև մեր պետականությունը։ Տեսեք, Ռուսաստանում, Բելառուսում դեպոպուլյացիա ունեն, դրա դեմ պայքարում են։ Ռուսաստանը 2017-ից միլիարդավոր դոլարներ է ծախսել այս խնդրի վրա։

Մի խոսքով, ամեն ինչ պետք է անել, որ ընտանիքը չհեռանա երկրից։ Երեխայի ծնունդը տնտեսության համար շատ օգտակար է, որովհետև այդ պարագայում ավելանում են ծնողների ծախսերը, երեխան մեծանում է, դպրոց է գնում, համալսարան է գնում, նրա ծախսերը ավելանում են։ Իսկ այդ ծախսերը տնտեսական զարգացում են ապահովում։ Մենք պետք է հասնենք այդ գիտակցությանը։ Ցավոք, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վերջին ուղերձում ժողովրդագրության մասին ոչ մի խոսք չասվեց։ Մոտեցումները, իսկապես, պետք է փոխվեն, որովհետև ժողովրդագրության խնդիրները չեն լուծում 2-3 տարվա հարց։ Պետության կողմից խրախուսող քայլերն անում ենք մոտակա 20-30 տարվա համար։ Դրա համար ավելի շատ միջոցներ պետք է հատկացվեն այս ոլորտի խնդիրների լուծմանը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Yorumlar