KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վիգէն Չըթըրեանը: Պարտության պատճառներն ու հետեւանքները

Վիգէն Չըթըրեանը: Պարտության պատճառներն ու հետեւանքները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 14 dk okuma süresi
368 0

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ Հայաստանի ռազմական պարտությունը խոր ցնցում առաջացրին հայ հասարակության շրջանում: Այդ ցնցումն այն հսկայական անջրպետի հետեւանքն էր, որ առկա էր Հայաստանի քաղաքական վերնախավի շրջանում մինչ պատերազմը գերիշխող գաղափարների, հասարակական կարծիքի եւ ռազմական առճակատման արդյունքների միջեւ:

Պատերազմի արդյունքը հնարավոր է բացատրել ինստիտուտների թուլությամբ: Այս սյունակում ես կքննարկեմ դրանցից հինգը՝ բանակը, ռազմավարական մտածողությունը, դիվանագիտությունը, մեդիան եւ, վերջապես, Սփյուռքը:

Բանակը. պարտությունն առաջին հերթին ռազմական պարտություն է: Հայկական բանակը պատրաստ չէր դիմակայել ադրբեջանական ռազմամեքենային: Ճիշտ է՝ ադրբեջանական բանակն ուներ իսրայելական ժամանակակից անօդաչու թռչող սարքեր եւ բարձր ճշգրտության հրթիռներ, ինչպես նաեւ Թուրքիայի անմիջական մասնակցությունը պատերազմին եւ մի քանի հազար իսլամիստ վարձկաններ, այդուհանդերձ, դա որեւէ կերպ չի կարող արդարացնել հայկական բանակի արագ ջախջախումը: Ամենադաժան մարտերը մղվել են հարթավայրում, որտեղ Առաջին աշխարհամարտը հիշեցնող խրամատները չեն կարողացել հակազդել Ադրբեջանի գերազանցող թվաքանակին եւ կրակի ուժին, էլ չեմ խոսում օդային լիակատար գերազանցության մասին:

Այն դեպքում, երբ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մասին հայտնի էր առնվազն 2016-ից, որեւէ արդյունավետ հակազդող միջոց չէր իրականացվել այս ընթացքում՝ լիներ դա էլեկտրոնային պատերազմի, թե հայկական պաշտպանության միջոցները քողարկելու ավելի պարզ քայլերի միջոցով: Առաջնագծի անկումից հետո, երբ առկա էր առավել բարենպաստ լեռնային տարածք, չկար պաշտպանության երկրորդ գիծ: Այն դեպքում, երբ հայ զինվորներն անասելի քաջություն ցուցաբերեցին եւ դիմադրեցին իրենց գերազանցող ուժերին, սպաներն իրենց առջեւ դրված խնդիրների պլանավորման եւ կատարման ահռելի թերություններ թույլ տվեցին:

Պարզապես համեմատության համար. 1991-1994 թվականների Հայաստանի տարածքային ձեռքբերումները կորսվեցին 44 օրվա ընթացքում: Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր եւ ավելի քիչ զոհեր ունեցան, իսկ հայկական կանոնավոր բանակն ադրբեջանա-թուրք-վարձկանների միավորված ուժերին դիմակայեց 44 օր։

Թուլացնել ռազմական քննարկումների սրությունը՝ հավասարեցնելով դրանք միայն ադրբեջանական զենքի որակին ու քանակին, այդքան էլ ճիշտ չէ: Ադրբեջանական օդային գերազանցության բազմաթիվ ասիմետրիկ լուծումներ կային, որոնք չկիրառվեցին: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի զինված ուժերը վերջին պատերազմից հետո շատ չէին զարգացել ոչ միայն սպառազինության, այլեւ սպայակազմի վերապատրաստման եւ ռազմավարական մտածողության տեսանկյունից:

Ռազմավարությունը. «Ստատիկ պաշտպանություն» ռազմական մտածողությունը համընկավ քաղաքականության, ռազմավարության եւ դիվանագիտության ստատիկ մտածողության հետ: Այն շատ քիչ զարգացավ 1990-ականներից ի վեր, մինչդեռ մեզ շրջապատող աշխարհն արագորեն փոխվում էր: Միայն մեկ օրինակ. Կատալոնիան 2017-ին փորձեց անջատվել ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչի դեմ պայքարում էին ոչ միայն Իսպանիայի իշխանությունները Մադրիդում, եւ այդ շարժումը եվրոպական կոնտեքստից էապես մեկուսացված մնաց: Իրաքի քրդերն անկախության հանրաքվե կազմակերպեցին՝ կրկին 2017-ին: Թեեւ նրանք միջազգային կոալիցիայի մաս էին կազմում, որը ղեկավարում էր ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, այդուհանդերձ, նրանց ինքնորոշման ձգտումը որեւէ աջակցություն չստացավ աշխարհի մնացյալ հատվածի կողմից: Քրդական ուժերը միայնակ մնացին Բաղդադի հակազդման դեմ եւ կորցրին վերահսկողությունը Քիրքուքի եւ «վիճելի տարածքների» նկատմամբ: Աշխարհն արագ էր փոխվում, հատկապես 2016-ից հետո, երբ Սիրիայում ձեւավորվեց ռուս-թուրքական համագործակցությունը, մինչդեռ հայկական ռազմավարական մտածողությունը շարունակում էր «ավելի քան նույնը» մնալ:

Մինչ «ինքնորոշման» հայեցակարգը միջազգային ասպարեզում սկսում էր ավելի ու ավելի քիչ ընդունվել, Հայաստանի ռազմավարական դիրքորոշումը Ղարաբաղի հայերի ինքնորոշման գաղափարից եւ նրանց անվտանգությունից տեղափոխվեց դեպի ցանկացած զիջման մերժում Ադրբեջանին: Վերջին տարիներին թե՛ Հայաստանի քաղաքական վերնախավը, թե՛ հասարակական կարծիքը դեմ էին զիջումներին Ադրբեջանին՝ 1991-94 թվականների պատերազմի ընթացքում գրավված ադրբեջանական տարածքների ամբողջ կամ մի մասը վերադարձնելու տեսքով: Ամենավատն այն է, որ Երեւանում հնարավոր բանավեճ չէր ծավալվում այն մասին, որ առավելապաշտական «ոչ մի թիզ հող չվերադարձնելու» դիրքորոշման հնարավոր հետեւանքը լինելու էր երկրորդ պատերազմն Ադրբեջանի հետ: Այդ դիրքորոշումների հիմքում որեւէ քաղաքական մտածողություն չկար. համատեքստի, ուժերի հավասարակշռության, հետեւանքների վերաբերյալ ցանկացած առաջարկ պարզապես լռեցվում էր՝ որակվելով որպես «դավաճանություն»:

Երեւանում իշխող ուժը, որը ձեւավորվեց 2018 Թավշյա հեղափոխությունից հետո, եւ ներկայիս ընդդիմությունը՝ կազմված նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունից եւ նրա դաշնակիցներից, կիսում էին այս գաղափարները: Անկախ Երեւանում ներկայում իշխանության համար ընթացող պայքարից, պատերազմն ու պարտությունն ի ցույց դրեցին Հայաստանի պետական կառույցների, քաղաքական կառուցվածքի, ինչպես նաեւ Սփյուռքի թուլությունը:

Երեւանում հուզական կարգախոսներ կրկնելը սխալմամբ համարվեց դիվանագիտություն եւ ռազմավարական մտածողություն: Արդյունքում Հայաստանը դիվանագիտական լիակատար մեկուսացման մեջ էր, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց: Այն դեպքում, երբ Բաքվին հաջողվեց Թուրքիային եւ նույնիսկ մի քանի հազար սիրիացի իսլամիստ վարձկանի ներգրավվել պատերազմում, Հայաստանը միայնակ էր նրանց դեմ պայքարում:

Դիվանագիտությունը. Հայաստանի դիվանագիտությունը նույնպես չափազանց երկար ժամանակ ստատիկ էր: Երկու տասնամյակների ընթացքում, երբ Վարդան Օսկանյանն ու այնուհետ՝ Էդվարդ Նալբանդյանն արտաքին գործերի նախարարներ էին, երեք կարեւոր նախաձեռնություն մեկնարկեց. ամենակարեւորը Բաքվի հետ բանակցություններն էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, իսկ երկրորդ ամենակարեւոր բանակցություններն Անկարայի հետ էին՝ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Երկուսն էլ ձախողվեցին: Երրորդ խոշոր դիվանագիտական նախաձեռնությունը ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրին միանալն էր, որն աղետալի ավարտ ունեցավ. Ռուսաստանի ճնշման ներքո Երեւանը հրաժարվեց ԵՄ-ի հետ իր հավակնություններից եւ անդամագրվեց Մոսկվայի հովանավորած Եվրասիական տնտեսական միությանը: 20 տարվա դիվանագիտական ձախողումներն այդպես էլ չհանգեցրին որեւէ նախարարի պաշտոնանկության կամ որեւէ լուրջ բանավեճի ծավալման՝ կորսված տարիների եւ արտաքին քաղաքական չիրականացված նախաձեռնությունների վերաբերյալ: Անցյալի ձախողումներն ու ապագա հնարավորությունները չգնահատվեցին:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի կարճատեւ պաշտոնավարման ընթացքում Երեւանը ոչ միայն վիճարկեց ղարաբաղյան բանակցությունների ստատուս քվոն, այլեւ վտանգավոր կերպով հեռացավ իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի հավակնել լինել հմուտ դիվանագետ, սակայն նա իր կողքին ուներ նաեւ թույլ արտգործնախարարություն:

Մեդիան. պատերազմի ընթացքում հայկական լրատվամիջոցները գործում էին քարոզչական ռեժիմով: Չնայած հայկական զինված ուժերի ունեցած վաղ դժվարություններին եւ պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց հարավային գծի ճեղքման փաստին՝ «հաղթելու» կարգախոսներն այլընտրանքային տեղեկատվության համար դաշտ չէին թողնում: Ավելին, մեդիա քարոզչությունը հասարակական կարծիքը չէր նախապատրաստել կորուստների իրականությանը, որտեղից էլ գալիս է ցնցումն ու անհասկանալիությունը զինադադարի կնքման ժամանակ:

Հայկական լրատվամիջոցները, սակայն, ավելի խորքային խնդիրներ ունեն. Հայաստանում լրատվամիջոցները չկարողացան ազատվել խորհրդային փորձի երկարատեւ ավանդույթից: Սփյուռքում լրատվամիջոցները հիմնականում գավառական են մնացել: Երկուսին էլ պակասում էր պրոֆեսիոնալիզմը: Արդյունքն այն էր, որ Հայաստանում լրատվամիջոցները դեռ 1990-ականների սկզբից չուսումնասիրեցին, չտեղեկացրին եւ չքննարկեցին հայկական պետականության հիմնական մարտահրավերները: Լրատվամիջոցները միայն ամրապնդեցին գոյություն ունեցող քաղաքական կոնսենսուսը՝ առանց այն կասկածի տակ դնելու կամ վիճարկելու դրանք տարբեր փաստերով կամ փաստարկներով:
Հասարակությունը երբեք չի քննարկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կարեւորագույն հիմնախնդիրները:

Սփյուռքը. երբ պատերազմը սկսվեց, Սփյուռքի լրատվամիջոցները չկարողացան բավարար չափով ազդել միջազգային հասարակական կարծիքի, քաղաքական առաջնորդների ու լրատվամիջոցների վրա եւ իրական ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա: Սփյուռքի խնդիրը սակայն ավելի խորն է: Սփյուռքի կառույցները, որոնք հռչակվել էին որպես «Հայաստանի ռազմավարական խորություն», որը համեմատելի էր ադրբեջանական նավթի հետ, չկարողացան որեւէ լուրջ ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա, այն է՝ հասնել Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, օգտագործել 1915թ. Ցեղասպանության հարցը՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ցանկացած ագրեսիա անընդունելի դարձնելու համար, կամ բավարար քանակությամբ արտաքին աջակցություն ստանալ, որը կնպաստեր բուն Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը: Սփյուռքի կազմակերպությունների ձախողումը երկու գործոնի հետեւանք է. Հայաստանի անկախացումից ի վեր՝ Երեւանն այդպես էլ չկարողացավ Սփյուռքին ընդունել որպես ռազմավարական գործընկեր, որպեսզի կարողանար հայտնաբերել խնդիրներն ու դրանց ուղղեր համապատասխան ռեսուրսները: Երեւանը Սփյուռքին օգտագործում էր միայն որպես կանխիկ փողի աղբյուր:

Երկրորդն այն է, որ 1990-ականների սկզբից Սփյուռքը չկարողացավ թարմացնել իր քաղաքական ղեկավարությունը, արդիականացնել իր կառույցներն ու զարգացնել քաղաքական մտածողությունը: Վերջնական արդյունքն այն է, որ Սփյուռքն այսօր ունի հաստատություններ, որոնք ժառանգվել են 20-րդ դարի վերջերից, եւ ի վիճակի չեն արձագանքելու Սփյուռքի համայնքների մարտահրավերներին եւ սատարելու Հայաստանին ու Ղարաբաղին:

Ի՞նչ է սպասվում

Նոյեմբերի 10-ի համաձայնագրով Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանության տակ է անցել այն, ինչ մնում է Ղարաբաղի տարածքում, եւ վերջինիս հայ բնակչությունը: Այլ կերպ ասած, վերջին 26 տարիների քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական անգործությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղի հայության անվտանգության պաշտպանությունը՝ 1988-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման հիմնաքարը, որը հանգեցրել էր անկախ Հայաստանի ձեւավորմանը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության հետեւանքները շտկելու ցանկացած փորձի դեպքում անհրաժեշտ է վերանայել ինստիտուցիոնալ ձախողումները՝ որպես դրանք շտկելու նախապայման:

Նույնիսկ նախքան ընթացիկ աղետալի պատերազմը, Հայաստանը բախվել էր հսկայական մարտահրավերների՝ ներքին բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսության արդիականացում եւ ժողովրդագրական աճի խթանում, եւ այս ամենն այն նույն տարում, երբ COVID-19 համաճարակը սպառել էր տեղական եւ միջազգային ռեսուրսները: Պատերազմը ստեղծված իրավիճակին մի շարք նոր դժվարություններ գումարեց՝ Ղարաբաղին եւ Հայաստանին նետված անվտանգության նոր մարտահրավերներ, փախստականներ, պատերազմի զոհեր եւ գերիների ճակատագիր: Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի առջեւ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ Հայաստանի ներքին բարեփոխումների խոշոր խնդիրը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության արդիականացումը, ժողովրդագրական բացասական միտումների կանխումը եւ շատ այլ խնդիրներ:

Պատերազմը բացահայտեց Հայաստանի պետական ինստիտուտների, քաղաքական մտքի եւ Սփյուռքի կառույցների թերի զարգացումը: Այլեւս չի կարելի ապրել այնպես, կարծես «ոչինչ էլ չի պատահել»: Հնարավոր չէ վերադառնալ առօրյային: Հնարավոր չէ շարունակել հին գաղափարներն ու հին կառույցները:

Առաջին ղարաբաղյան պատերազմում եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը փլուզվող Խորհրդային միությունը լքելու գործընթացում էին՝ հավասարապես թե՛ թույլ էին, թե՛ անկազմակերպ: Այդ պայմաններում հայկական կողմն ի ցույց դրեց ավելի կուռ համախմբվածություն, քան Ադրբեջանը, որտեղ անընդհատ շարունակվում էր իշխանության համար պայքարը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում ավտորիտար, կոռումպացված, նավթով հարուստ Ադրբեջանն ավելի արդյունավետ գործեց, քան կիսաժողովրդավարական, անկազմակերպ Հայաստանը:

Թեեւ ակնհայտ է, որ հաջորդ տասնամյակում Ադրբեջանը շարունակելու է մնալ ավտորիտար եւ բռնապետական նավթահենք տնտեսություն, այդուհանդերձ, հարց է ծագում՝ Հայաստանը կշարունակի՞ մնալ կիսաժողովրդավարական, թույլ եւ քաոսային: Կամ էլ, Հայաստանը կգտնի՞ ներքին ռեսուրսներ, որպեսզի շարունակի նորագույն եւ արդյունավետ կառույցների զարգացման ուղղված իր բարեփոխումները:

Վիգէն Չըթըրեանը գրող եւ լրագրող է

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir