KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վարչապետ․ Պետք է որոշում կայացնել Կուբաթլուի, Զանգելանի վերաբերյալ

Վարչապետ․ Պետք է որոշում կայացնել Կուբաթլուի, Զանգելանի վերաբերյալ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
369 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի հատվածում տեղի ունեցածին, ասել, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացնել Կուբաթլու եւ Զանգելան շրջանների վերաբերյալ, նաեւ խոսել գերիների վերադարձի մասին:
ԱԽ նիստում վարչապետի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ՝ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաեւ թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:

Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում, եւ գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:

Երեկ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված եւ այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա:

Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս եւ հետեւաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետեւ նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո:

Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են, եւ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա:

Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման եւ վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարեւորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել:

Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք ունենք այդ հատվածով անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների եւ կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչեւ կեսգիշերն անց Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ եւ տարբերակներ կան, եւ մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որեւէ մեկի վերաբերյալ:

Շատ կարեւոր է նաեւ գերիների փոխանակման գործընթացը, եւ այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաեւ Անվտանգության խորհրդին եւ մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների եւ զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը եւ առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար եւ ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծել:

Սա է լինելու մեր այսօրվա քննարկումների շրջանակը: Իհարկե, երեկվանից եւ ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների եւ որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում, եւ սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը, ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարեւոր է, որ այս քննարկմանը ներկա են նաեւ մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձեւակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք:

Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաեւ մեր ընդդիմադիր գործընկերներին, եւ ասեմ, որ վաղ առավոտից նաեւ ընդդիմոթյան ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր, եւ այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձեւակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձեւակերպել եւ որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ:

Ընդհանուր առմանբ, ուզում եմ ասել նաեւ, որ իրավիճակը, որի մասին ես խոսեցի, համարում եմ կառավարելի, խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է մենք կայացնենք որոշումներ եւ, իհարկե, կկայացնենք այդ որոշումները: Դրանք կարող են լինել հարցեր առաջացնող եւ մենք, իհարկե, պատրաստակամ ենք բոլոր հարցերին պատասխանել: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաեւ իրավիճակներն ինչի համար են ծագել:

Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաեւ, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարեւոր նրբություն է, որովհետեւ նաեւ սա կապ ունի իրադրության հետ, որովհետեւ կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել եւ ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների եւ ճշմարտացիության վրա եւ, իհարկե, հետեւողականորեն կաշխատենք նաեւ դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու եւ իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir