KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վարչապետը մանրամասնել է ուժայինների պաշտոնանկության պատճառը

Վարչապետը մանրամասնել է ուժայինների պաշտոնանկության պատճառը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
385 0

Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքից, և դա է նաև ուժային բլոկում նշանակալի փոփոխությունների պատճառը: Գործնականում վարչապետն առաջին անգամ անդրադառնում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկության պատճառին կամ շարժառիթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դժգոհություն կամ անբավարարություն:

Սա իհարկե հնարավոր է մանրամասնել՝ կենտրոնացնելով շատ կոնկրետ դրվագների վրա: Այսինքն՝ գուցե պաշտոնանկության պատճառ է եղել շատ կոնկրետ կետ, հարց, որտեղ այլևս անհամատեղելի է եղել վարչապետի և ԱԱԾ ու ոստիկանության արդեն նախկին պետերի աշխատանքը: Տրամաբանական է, որ պետք է հեռանային նրանք, ոչ թե վարչապետը: Թե հատկապես ո՞ր կետը կամ հարցն է եղել վճռորոշը՝ սա բացված չէ կամ՝ դեռ բացված չէ: Չի բացառվում, որ հետագայում վարչապետը բացի նաև այդ հարցը՝ կոնկրետ նշելով, թե հատկապես որ կետում է առաջացել ԱԱԾ և ոստիկանության պետերի առնչությամբ անհամատեղելիության խնդիրը:

Մյուս կողմից՝ հանրությունը թերևս պետք է դուրս գա այդ կետից կամ չմնա այդ կետի վրա: Ուժային բլոկի ղեկավարների փոփոխությունը արդեն անցյալ է, թեև ներկայումս գործ ունենք միայն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման հետ: Սակայն այս պարագայում արդեն հանրային օրակարգի հիմնական հարցը պետք է լինի նոր նշանակումների և այդ բլոկի աշխատանքի հեռանկարի հարցը: Տվյալ պարագայում, եթե վարչապետը առանցքային է դիտարկում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության կամ դինամիկայի բարձրացումը, ապա հանրային «դիսկուրսը» պետք է լինի այդ ուղղությամբ:

Ընդհանրապես, դրանում անհրաժեշտ է թերևս հստակեցնել սկզբունքային հարցեր: Ի՞նչ չափանիշներով ենք մենք չափում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կամ դինամիկան: Դա նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ գործերի քանակն է կամ բանտերում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քանա՞կը, թե՞ կան չափման այլ միավորներ, չափորոշիչներ, որոնցով պետք է գնահատվի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը Հայաստանում: Օրինակ՝ արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից պետք է գնահատել նաև այդ պայքարի կոչված պետական ինստիտուցիոնալ կարողությունների արդիականացումը: Մասնավորապես, Հայաստանում հակակոռուպցիոն նոր ինստիտուտների և մեխանիզմների ձևավորումն ու դրանց կառուցվածքային և բովանդակային պատկերի շուրջ հանրային քննարկումների աշխուժացումը:

Մենք պետք է արձանագրենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր Հայաստանում բովանդակային առումով գերազանցապես անցյալում է, ու թեև այդ իրողությունը ունի հասկանալի բացատրություն՝ անցյալի բնույթի առումով, այդուհանդերձ սուբյեկտներին, որոնց Հայաստանը գործընկերություն է առաջարկում ապագայի համար՝ լինեն դրանք սփյուռքահայ շրջանակներից, թե միջազգային ամենատարբեր հարթակներից, ավելի շատ հետաքրքրելու է թերևս, թե հենց ապագայի առումով Հայաստանն ինչպես է ինստիտուցիոնալապես երաշխավորում հակակոռուպցիոն հանրային, տնտեսական և քաղաքական միջավայրի առկայությունը:
Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir