KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վարդան Օսկանյանը: Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից

Վարդան Օսկանյանը: Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
210 0

Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիտարկել ուժի եւ իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։

Թվում էր, թե պատերազմում հաղթած եւ իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլեւս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի եւ իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատեւ լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի եւ իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որեւէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։

Ադրբեջանական կողմը դա հասկանում է, եւ հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։

Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձեւավորվում է «ռեւանշիստների» իշխանություն։

Պատերազմի «ռեւանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռեւանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին եւ այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռեւանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումը արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։

Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին եւ դրանից առաջ եւս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր եւ անփոփոխ՝ Արցախի ժողովուրդն ունի եւ պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաեւ ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլեւ նստել է ինձ եւ մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, եւ ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսեւորմամբ՝ ռեֆերենդումով։

Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռեւանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսեւորումն է։

– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական եւ քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականացրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։

– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել եւ եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը։

– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր եւ որդի Ալիեւների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական եւ քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի եւ այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։

Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որեւէ պատրաստակամություն, եւ կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։

Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձեւավորվել թեկուզ չճանաչված Արցախում, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական եւ հիմնավոր մտահոգություն։ Հետեւաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի եւ ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir