KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վախկոտները

Վախկոտները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
379 0

Պետական պաշտոնյաների` բանակում չծառայած որդիները դպրոցում հաստատ լսել են «մահ իմացյալ` անմահություն» միտքը: Կռիվ-կռիվ էլ խաղացած կլինեն: Բանակը, սակայն, երեխայության տեղ չէ: Նրանց հայրերը դա գիտեն: Նրանց հայրերը գիտեն, թե ինչ ամագ ունեն բանակի վրա՝ ոչ մի: Դեռ մի բան էլ՝ այնտեղ մարդիկ են զոհվում: Նրանց հայրերը այնպիսի երկիր են սարքել Հայաստանը, որ հանկարծ խաղաղություն չլինի, և թալանելն ու սահմանին աղքատների զոհաբերությունը հարցեր չառաջացնեն:

Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաները գիտեն, որ խաղաղությունը վատ բան է: Բոլորը գիտեն, որ եթե հանկարծ խաղաղություն եղավ, իրենք պատասխան են տալու բոլոր անիմաստ զոհերի համար, որպիսիք հրադադարից հետո 23 տարիների ընթացքում մեր ունեցած զոհերն են: Պատերազմը կտրում է թիկունքի անբարոյականությունը: Ահա ինչու պատերազմը պիտի լինի, թեկուզ կաթիլային եղանակով, որպեսզի պաշտոնյայի որդու չծառայելն աչք չծակի:

Մահ իմացյալը պաշտոնյա հայրերի երազանքը չէ, իսկ որդիներն արդեն ավելի քիչ են հասկանում դրանից:

Որովհետև հայրերը նրանց կերակրել են իրենց քաղքենիության պտուղներով: Սերգեյ Լոքյանը որպես ի՞նչ գնա ծառայի: Եթե սպանվող զինվորը կա,- հնարավոր է՝ մի մուրացկանի որդի,- ինչո՞ւ Սերգեյ Լոքյանը գնա սպանվի: Որտեղի՞ց այդ տղան հորինեց ալերգիան, որի պատճառով չի ծառայել: Խաղաղության բացակայությունից է հորինել: Դավիթ Լոքյանն իր որդու համար խաղաղության մասնավոր տարածք է ստեղծել այն զինվորների հաշվին, որոնք արդեն մեռել են կամ, համենայնդեպս, նայում էին մահվան աչքերի մեջ:

Ալերգիայով Սերգեյն իրեն հավասարեցրել է մահվան աչքերին նայողներին, իբր, ես էլ էի մեռնում, տղերք, ի՞նչ բանակ, ի՞նչ բան: Ավելին, Սերգեյն ասում է, որ դեռ չի բուժվել, այսինքն` իր «ծառայությունը» ավելի տևական է, քան բանակ գնացածների ծառայությունն է՝ ես դեռ հիվանդ եմ, մինչդեռ զինվորներն արդեն իրենց մայրերի կամ հայրերի մոտ են:

Սերգեյ Լոքյանը չգիտի, որ խնդիրը միայն չծառայելը չէ, խնդիրը գիտակցությունն է, թե ինչ է նշանակում չծառայել: Այդ տարիներին, երբ ինքն «ալերգիա» ուներ, հազարավոր երիտասարդների հոգիներ և մարմիններ են խեղվել երկամյա ծառայության ընթացքում: Տղաներ են ինքնասպան եղել կամ սպանել ուրիշներին, հոգեկան հիվանդ են դարձել կամ դարձրել ուրիշներին, իսկ ինքն ի՞նչ է արել: Հարստացել է առանց պետության առջև մի փոքր ծառայության:

Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ավելի անկեղծ է՝ ես չգիտեմ, թե իմ որդին ինչո´ւ չի ծառայել:

Մենք էլ չգիտենք:

Սա արդեն այլ խորամանկություն է: Այսինքն` ես ոչինչ չեմ արել, որ իմ որդին չծառայի: Եթե նույնիսկ այստեղ անօրինականություն կա, դա խորհրդարանականի իմ լիազորությունների չարաշահումը չէ:

Հայրերը պատասխանատու են որդիների համար: Բայց որդիները պատասխանատու չեն հայրերի համար:

Երբ որդին չի ծառայում, նա իմաստազրկում է հոր մասնակցությունը պետության կայացմանը:

Հակոբ Հակոբյանի որդին «ջրել» է Հայաստանի Հանրապետությունը: Որովհետև գիտի, որ իրականում այդպիսի պետություն չկա: Եթե լիներ, հոր հետ միասին գլխով պիտի պատասխան տար չծառայելու համար: Որդիներ կան, որոնք չեն ծառայել հայրերից անկախ կամ «հոգևոր» հայրերի թողտվությամբ:

Արմեն Աշոտյան, Սամվել Ֆարմանյան, Էդուարդ Շարմազանով: Ինչո՞ւ չեն ծառայել: Որովհետև իրենց բանակն այս երիտասարդները դեմքով գիտեն: Գիտեն, որ ծառայելու տեղ չէր համենայնդեպս այն տարիներին, երբ իրենք պիտի ծառայեին: Դա ինչ-որ իմաստով իրենց ստեղծած բանակն է, որի վրայից հետևողականորեն մաքրեցին հաղթողի իմիջը և թողեցին մարդասպանինը: Մարտի 1-ին բանակի հրեշավոր դերը՝ վկա: Եվ քանի դեռ կան այսպիսի արտոնյալներ, նոր մարտի 1-երը կախված են մեր գլխին:

Հ. Գ. Ի դեպ, ես էլ չեմ ծառայել: 20 տարեկանում մտա Արաբկիրի զինկոմիսարիատ պետության հետ հարաբերություններս ճշտելու: Զինկոմին հարցնում եմ՝ ծնողազուրկ երեխաներին բանակ տանո՞ւմ եք: Ասում է՝ էդ ո՞րն է: Դե՝ որբերը: «Բա հենց որբերին ենք տանում»,- ասում է զինկոմը: Ինչո՞ւ: «Որովհետեւ դրանց վրա լացող չկա»,- թեման փակում է զինկոմը:

Մհեր Արշակյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir