KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վախթանգ Սիրադեղյան: ՏԵՍԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՐՑԵՐ

Վախթանգ Սիրադեղյան: ՏԵՍԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՐՑԵՐ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
386 0

Ընտրությունից անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն շարունակվում է Նիկոլին ընդդիմադիր անձանց (իմ համախոհների) ինքնախաբեության երթը: Խոսքը Նիկոլի ստացած ընդամենը 25-26 տոկոսի մասին է՝ եթե հաշվարկում ենք ընտրողների ռեգիստրի տվյալներից (կազմում է շուրջ 2 մլն 600 հազար): Բայց արձանագրենք՝ որևէ մեկը չի հավատում, որ այդքան ընտրող կա Հայաստանում:

Իսկ թե կոնկետ որքան է կազմում իրական ընտրողների քանակը՝ դրան կարող է պատասխանել միայն ոստիկանությունը (ընտրողների ռեգիստր կազմողը), եթե իրականացնի երկրում բնակվող ընտրողների ստույգ հաշվառում: Դա, այս կամ այն չափով, անում են կուսակցական ակտիվիստները, բայց չեմ կարող ասել, թե վերջին անգամ երբ է արվել հենց ոստիկանության կողմից: Հունիսի 20-ի ընտրության առումով էլ ասվեց, որ 500 մահացած մարդ է հայտնաբերվել ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմված ընտրական ցուցակներում: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր տարիներով արտասահմանում են, սակայն շարունակում են մնալ ցուցակներում: Ի դեպ, ամեն ընտրության ժամանակ առաջարկել եմ բաժանել ցուցակները՝ հիմնականում ընդգրկելով երկրում բնակվողներին, իսկ լրացուցիչ ցուցակում՝ գրանցված, սակայն չապրող հայաստանցիներին: Բայց դա չի արվել նախկինների օրոք, չի արվել նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում: 

Եվ, ըստ այդմ, ստացվել է այնպես, որ բոլոր համապետական ընտրություններին մասնակցությունը կազմել է 1 մլն 200 հազարից մինչև 1 մլն 500 հազար ընտրող: Մեկուկես միլիոնն ապահովվել է այն դեպքերում, երբ համատարած ընտրակաշառք տալով՝ անկողնային պապիկ-տատիկներին համարյա թե գրկած հասցրել են ընտրատեղամասեր: Հունիսի 20-ի ընտրությանն էլ մասնակցել է շուրջ 1 մլն 300 հազար ընտրող, որն, ինչպես ասվեց, ոչ այնքան հավաստի՝ ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոսն է: Դա նշանակում է, որ մնացած 50 տոկոսն էն գլխից համաձայն է եղել ընտրության արդյունքներին՝ ինչպիսին էլ դրանք լինեին: Կարելի է ենթադրել, որ եթե ընտրությանը մասնակցեր թուրքական որևէ կուսակցություն կամ այլմոլորակային որևէ դաշինք, տարիներով մասնակցություն չցուցաբերողները կշարունակեին կողքից դիտարկել այդ գործընթացը: Դա արդեն նշանակում է, որ մասնակցածների 54 տոկոսը ստացած Նիկոլը կարող է համարել, որ իր գրպանում առկա է ընտրողների ընդհանուր թվի 70-75 տոկոսի տված մանդատը: Իսկ դա նշանակում է, որ չնայած բոլոր ձախողումներին ու ողբերգություններին, ազգաբնակչության որակյալ մեծամասնությունը կողմ էր Նիկոլի վերարտադրությանը: 

Իսկ հիմա անցնենք քաղաքական ուժի ընտրության և ընդհանրապես մասնակցության շարժառիթներին: Միջին վիճակագրական ընտրողն առաջնորդվում էր կա՛մ համոզմունքով (ինձ նմանները), կա՛մ քաղաքական ուժի ղեկավարի անձով, կա՛մ ծանոթի ու բարեկամի խորհրդով և կա՛մ ընտրակաշառքի պահով: Եվ կարող եմ հաստատապես ասել, որ ոչ մեկը չի առաջնորդվել և դժվար թե երբևէ առաջնորդվի ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի ծրագրերով: Խոսքը, հիշեցնեմ, միջին վիճակագրական ընտրողի մասին է, և ոչ թե փորձագետների. չնայած նրանք էլ ծրագրեր են կարդում (եթե, իհարկե, կարդում են) զուտ մասնագիտտական պարտականությունների շրջանակում: Իսկ որ ծրագրերով առաջնորդվելն ուղղակի անհնար է՝ գիտեմ սեփական փորձից: Ավելի քան 20 տարի առաջ, երբ դեռ զբաղվում էի պրոֆեսիոնալ լրագրությամբ, խմբագրություններից մեկի համար փորձել եմ կատարել ընտրությանը մասնակից կուսակցությունների ծրագրերի վերլուծություն: Ավելի բարդ գործ կյանքում չէի արել ու չեմ արել:

Պատկերացրեք՝ մեկը մյուսից արտագրություններ, անորոշությունների ու խոստումների փնջեր, ու դա սկզբում բազմապատկեք ծրագրերում արծարծվող թեմաների, իսկ այնուհետև մասնակից քաղաքական ուժերի թվով: Տիպիկ սիզիփոսյան աշխատանք. նույնիսկ չեմ հիշում, թե ինչպիսի հոդված էր ստացվել, բայց  տառապանքը չեմ մոռացել: Դե, արի ու  շարքային ընտրողին կոչ արա, որպեսզի նա կատարի այդ աշխատանքը, խելքը գլխին եզրակացություն կատարի ու գնա քվեարկելու: Այն էլ, ասենք, սահմանային (կամ որ նույնն է՝ ծայրամասային) այս կամ այն բնակավայրի բնակչին: Չէ, նման բան հնարավոր չէ անել, ու անող էլ չկա:  

Կարծում եմ, որ ոչ մի երկրում ընտրությունը երբեք չի կատարվել ծրագրային դրույթների հիման վրա: Լավագույն դեպքում մարդիկ կարդացել են մեծ-մեծ տառերով մեկ էջի վրա տպված 10-15 կուսակցական խոստումները ու բավարարվել դրանով: Իսկ քվեարկությունն, այնուամենայնիվ, կատարել են կուսակցական ղեկավար անձերով պայմանավորված՝ եթե վերը նշված մնացած գործոնները տիպական չեն եղել իրենց երկրում կամ իրենց ժամանակ:

Ուրիշ հարց, որ տասնամյակների ընթացքում անընդհատ «շրջանառվող» կուսակցության դեպքում դրա ղեկավարն ու կառույցը սկսում են նույնանալ: Եվ եթե նման կուսակցությունները փոքրաթիվ են՝ ընտրողների շրջանում կատարվում է տարբերակման գործընթաց: Դրա արդյունքում ընտրողների մի մասն ավանդաբար ձայն է տալիս որևէ կոնկրետ կուսակցությանը: Եվ այդ դեպքում արդեն էական չի լինում, թե ով է ներկայացնում կուսակցությունն այդ պահին: Ասվածի լավագույն վկայությունն ԱՄՆ-ի նման ժողովրդավարական երկրում բազմաթիվ նահանգների ավանդական «մասնագիտացումն» է հանրապետական կամ ժողովրդավարական կուսակցությունների միջև: 
Սակայն մեզանում դեռևս տեղի է ունենում մնայուն կուսակցությունների ձևավորման գործընթաց:

Նշված գործընթացի ավարտից հետո ընտրություններին մասնակցությունը վերածվում է կուսակցական համախոհների կամավորության հիմունքներով պարտադիր արարողության: Մարդիկ չեն կարող նստել տանը՝ երբ վճռվում է իշխանության կազմավորման հարցը, և դրանում մասնակցություն է ցուցաբերում արդեն «իրենցը» դարձած  կուսակցությունը: Հայաստանում նման վարքագիծ են դրսևորում դեռևս միայն ՀՅԴ համախոհները: Որոշ չափով նույնը կարելի է ասել նաև հանրապետականի առումով, սակայն քանի որ Գարեգին Նժդեհի ուսմունքը կամ անունը տարրալուծված է մի քանի քաղաքական ուժերի միջև, դեռևս կուսակցական առումով հստակեցման կարիք ունի նժդեհականության ուսմունքի համախոհ լինելը: Համախոհների մնայուն բանակի ձևավորման գործընթացն, ինչպես նշվեց, տեղի կունենա, եթե ընտրություններին մասնակցեն ոչ թե քսանից ավելի քաղաքական ուժեր, այլ մեկ ձեռքի մատների թվից ոչ ավելի: Եվ այդ դեպքում կարելի է ակնկալել ոչ միայն ընտրողների մասնակցության ակտիվություն, այլև գիտակից քվեարկության մասնաբաժնի մեծացում: Այն, ինչն անհրաժեշտ է մեզանում և ինչը, դժբախտաբար, ըստ էության բացակայում է այսօր:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir