KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ստեփան Գրիգորյանը: Մեր պարտությունը կապ չուներ նրա հետ, որ ՀՀ ղեկավարը Փաշինյանն էր. Հայաստանը սխալ խաղադրույք էր արել

Ստեփան Գրիգորյանը: Մեր պարտությունը կապ չուներ նրա հետ, որ ՀՀ ղեկավարը Փաշինյանն էր. Հայաստանը սխալ խաղադրույք էր արել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
310 0

– Պարոն Գրիգորյան, հետզհետե ակտիվանում է քարոզչական այն թեզը, թե պատերազմի պատճառներից մեկը 2018-ի հեղափոխությունն էր։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշում է, թե 2018-ի շարժումը հակաղարաբաղյան էր։ Ինչքանո՞վ եք կիսում այդ մոտեցումները։

– Տարբեր մարդիկ տարբեր տեսակետներ են հայտնում։ Նախկին նախագահները ևս իրավունք ունեն իրենց տեսակետը ներկայացնելու, իրենց մտքերով կիսվելու։ Հետին թվով ամեն ինչ էլ կարելի է ասել, տարբեր երևույթների շուրջ տարբեր մեկնաբանություններ անել։

Ես կարող եմ հեղափոխության հետ կապված իմ կարծիքն արտահայտել։ Ակնհայտ էր, որ հեղափոխությունը շատ օբյեկտիվ էր, մարդիկ հեղափոխությանն աջակցեցին, քանի որ հեղափոխության գլխավոր կարգախոսները շատ հասկանալի էին ու բխում էին ժողովրդի ցանկություններից։ Օրինակ՝ պայքարել կոռուպցիայի դեմ, փոխել Սահմանադրությունը, որ չլինի սուպերվարչապետական համակարգ, մարդիկ դժգոհում էին, որ ընտրությունները վերջին 20-25 տարիների ընթացքում կեղծվում էին։ Շատ տրամաբանական հեղափոխություն էր, շատ տրամաբանական կարգախոսներ էին, որոնք բխում էին հասարակության շահերից ու սրտերից։ Այսօր էլ մարդիկ իշխանություններից պահանջում էին, որ կոռուպցիային առնչվող գործերը բացահայտվեն, պատժվեն մեղավորները։ Մարդիկ այսօր էլ պահանջում են՝ եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, անպայման փոխվեն օրենքները։ Այսօր էլ մարդիկ պահանջում են բացահայտել Մարտի 1-ի հանցագործներին։ Ուզում եմ ասել, որ մարդիկ շատ օբյեկտիվ պահանջներ էին ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամփոփ այդ ամենը ներկայացնել հասարակությանը, դրա համար էլ իրեն ընտրեցին։

Ես չեմ հիշում ոչ մի դրվագ, ոչ մի ելույթ Փաշինյանի կամ իր թիմի կողմից, որն Արցախի հայերի, Արցախի ղեկավարության դեմ լիներ։ Ես այդպիսի ելույթներ չեմ հիշում։ Հիմա տարբեր մարդիկ տարբեր մտքեր են արտահայտում, բայց իմ կարծիքով՝ այս հեղափոխությունը շատ օբյեկտիվ էր ու ուղղված չէր ղարաբաղյան շարժման, ղարաբաղցիների դեմ։

Նշեմ նաև մյուս ասպեկտը, որի մասին շատ են խոսում նախկիններն ու նրանց շուրջը գտնվող խմբերը։ Նշում են, թե մեր ժողովրդավարության բարձր աստիճանը խանգարեց մեզ, ու մենք դրա պատճառով պարտվեցինք։ Ես այդ արգումենտների հետ համաձայն չեմ, ճիշտ հակառակը։ Պետությունը, որը չունի նավթ, գազ, անպայման պետք է զարգացնի ժողովրդավարությունը։ Մեր պարտությունը կապված էր ոչ թե նրա հետ, որ մեր ժողովրդավարությունն ավելի բարձր էր, քան ավտորիտար Ադրբեջանինը կամ Թուրքիայինը, այլ կան այլ գործոններ, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ։

– Որո՞նք են այդ գործոնները։

-Օրինակ՝ այն, որ մենք այլընտրանքներ չենք ստեղծել՝ պաշտպանության, ռազմական ոլորտում։ Մենք մեր անվտանգությունն ու ապագան կապել էինք միայն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի շահերն էլ մեր շահերի հետ պատերազմի ժամանակ չհամընկան։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը, որտեղ ավտորիտար ռեժիմ է հաստատված, այնքան խելք ունեցավ, որ զարգացնում էր ռազմական համագործակցությունը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Ուկրաինայի, և՛ Իսրայելի, և՛ Պակիստանի հետ։ Դա իր արդյունքը ցույց տվեց պատերազմի ժամանակ։ Միտքս այն է, որ մեր պարտության հետ ժողովրդավարությունը կապ չունի։ Եթե մենք Ադրբեջանից ավելի ժողովրդավար չլինեինք, ապա ավելի ծանր արդյունքներ կլինեին։ Հենց ժողովրդավարության շնորհիվ է, որ միջազգային հանրությունն այնուամենայնիվ մեզ հետ է, դիվանագիտական, քաղաքական աջակցություն ստացանք աշխարհով մեկ։ Մենք պարզապես սխալ խաղադրույք արեցինք։ Այսինքն՝ ամբողջ խաղադրույքը Ռուսաստանի վրա էր, որի հետ չհամընկան մեր շահերը։

– Ստացվում է՝ պայմանավորել պատերազմը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործոնով սխալ է և մանիպուլյատիվ։

– Ես պատերազմն անձերի հետ չեմ կապում։ Ռուսաստանն այսօր լավ էլ աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա պարզ երևում է։ Երբ առաջ են գալիս շահերը, անձերը կապ չեն ունենում։ Ռուսաստանի շահերը համընկան Թուրքիայի շահերի հետ, դրա համար էլ մեզ Ռուսաստանը չաջակցեց։ Անձերի գործոնը կա՝ գուցե 5 տոկոսով, բայց գլխավոր մեր անհաջողությունների պատճառն այն չէր, որ մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր։ Ռուսաստանի շահերը Թուրքիայի հետ շատ մոտեցան ու դեռ շատ մոտ են։ Թուրքիան հուժկու հարվածներ է հասցնում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և Եվրամիության շահերը շատ են սրվել, այսօր Ռուսաստանը միայնակ է։ Դա է պատճառը, որ Թուրքիայի գինը Ռուսաստանի համար շատ մեծ է։ Ռուսաստանը մոռացավ, որ մեր ռազմավարական դաշնակիցն է, մոռացավ, թե Հայաստանն ինչեր է արել Ռուսաստանի համար, ու հօգուտ Ադրբեջանի լուծեց ղարաբաղյան հարցը։ Դա պետք չէ կապել անձերի հետ։ Կրկնում եմ՝ այդ գործոնը միշտ կա, բայց շատ փոքր կշիռ ունի։

Ստեփան Գրիգորյանը
ևտարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir