KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուսական գազ. բիզնես, թե աշխարհաքաղաքականություն

Ռուսական գազ. բիզնես, թե աշխարհաքաղաքականություն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
371 0

Ռուսաստանի գազային քաղաքականությունը միշտ գտնվել է ինչպես փորձագետների, այնպես էլ միջազգային հարաբերություններով հետաքրքրվող լայն շրջանակների ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ հետազոտություններ և վերլուծություններ են հրապարակվել ռուսական «գազային մահակի» կիրառման մասին։ Այդ մեղադրանքները հատկապես մեծ թափ ստացան 2006 և 2009 թթ. ռուս-ուկրաինական գազային ճգնաժամերից հետո, երբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցումը լուրջ խնդիրների առջև կանգնեցրեց Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի մի շարք պետությունների։ Ռուսաստանի իշխանությունները, սակայն, կտրուկ հերքում են գազը որպես քաղաքական զենք օգտագործելու մասին մեղադրանքները՝ պնդելով, որ «Գազպրոմ» ընկերության գործունեությունը հենվում է բացառապես տնտեսական գործոնների վրա։

Տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապված են, և բազմաթիվ պետություններ ակտիվորեն զբաղվել ու զբաղվում են սեփական խոշոր ընկերությունների շահերի պաշտպանությամբ։ Ընդ որում, այս գործելաոճը միայն Ռուսաստանի կամ նախկին ԽՍՀՄ-ի մենաշնորհը չէ։ Պատմության լաբիրինթոսում չխճճվելու համար բերենք, թերևս, մեկ օրինակ։ 1954-ին, երբ ԱՄՆ-ը ձեռնամուխ էր եղել լիբերալ միջազգային աշխարհակարգի (liberal international order) ձևավորման գործընթացին, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը պետական հեղաշրջում կազմակերպեց Գվատեմալայում՝ տապալելով ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իշխանության եկած ուժերին։ Դա հիմնավորվեց Կենտրոնական Ամերիկայում կոմունիստական գաղափարախոսության տարածումը կանխելու անհրաժեշտությամբ։

Պետական հեղաշրջման կազմակերպման գործում նույնքան կարևոր գործոն էր ամերիկյան «Յունայթեդ ֆրութ» ընկերության շահերի պաշտպանությունը։ Գվատեմալայի իշխանությունների ձեռնարկած ագրարային բարեփոխումներն էական սպառնալիք էին Գվատեմալայում ընկերության գործունեության համար։ Ընդ որում, ընկերության սեփականատերերը սերտորեն կապված էին Դալես եղբայրների հետ, որոնք այդ ժամանակ զբաղեցնում էին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի և ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնները։

Նշված օրինակը, թերևս, բավարար է արձանագրելու, որ տնտեսական և քաղաքական շահերը փոխկապված են, և շատ պետություններ մի կողմից օգտագործում են տնտեսական ճնշման միջոցները քաղաքական շահերի առաջ մղման համար, մյուս կողմից տնտեսական շահերի պաշտպանության համար դիմում քաղաքական տարատեսակ ձեռնածությունների։

ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականների տնտեսական վայրիվերումներից հետո Ռուսաստանի բյուջեի եկամուտների զգալի մասը համալրվում է գազի և նավթի վաճառքից. 2006-2018 թթ. միջինացված ցուցանիշը 47-48 տոկոս է, թեև այն նվազել է 2015-2017 թթ.՝ պայմանավորված էներգակիրների գների անկմամբ։ Ռուսական գազի հիմնական շուկան դեռևս խորհրդային ժամանակներից շարունակում է մնալ Եվրոպան։ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության տվյալների համաձայն, 2018-ին ընկերությունը եվրոպական սպառողներին է մատակարարել 201 մլրդ խմ գազ։ Ռուսական գազի խոշորագույն սպառողներից են Գերմանիան՝ 59 մլրդ խմ, Թուրքիան՝ 27 մլրդ, Իտալիան՝ 23 մլրդ և Մեծ Բրիտանիան՝ 14 մլրդ խմ։

Վերջին տասնամյակում Ռուսաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում տարանցիկ պետությունների, առաջին հերթին՝ Ուկրաինայի, ծառայություններից հրաժարվելու ուղղությամբ՝ նախընտրելով գազի ուղղակի մատակարարումները։ Այդ նպատակի իրականացմանն են միտված «Հյուսիսային հոսք», «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազամուղերի գործարկումը և «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունը։ Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հարաբերություններում 2014-ին սկսված ճգնաժամը, Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանի այս քաղաքականության նպատակն է զրկել Ուկրաինային տարանցման համար ստացվող գումարներից (տարեկան մոտ 3 մլրդ դոլար)։

Եվրոպական պետությունները, առաջին հերթին Գերմանիան, աջակցում են «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությանը, որն ի դեպ հնարավորություն կտա Գերմանիային դառնալ ռուսական գազի՝ եվրոպական այլ պետություններ տարանցման կարևոր հանգույց։ Միևնույն ժամանակ, հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության վերականգնումը կանխելու աշխարհաքաղաքական հաշվարկները ստիպում են եվրոպացիներին Ռուսաստանից պահանջել շարունակել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը։

Ուկրաինա-Ռուսաստան-Եվրամիություն եռակողմ բանակցություններն ավարտվեցին 2019-ի դեկտեմբերի վերջին՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման նոր հնգամյա պայմանագրի ստորագրմամբ։ Նոր համաձայնագրով 2020-ին Ուկրաինայի տարածքով իրականացվելու է 65 մլրդ խմ ռուսական գազի տարանցում, իսկ սկսած 2021-ից՝ միջինը տարեկան 40 մլրդ խմ։ 2019-ին Ուկրաինայի տարածքով իրականացվել է շուրջ 90 մլրդ խմ ռուսական գազի տարանցում։

«Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության դեմ կտրուկ հանդես էր գալիս ԱՄՆ-ը, որը 2019-ի դեկտեմբերին ընդունված պաշտպանական բյուջեում պատժամիջոցներ է սահմանել ծրագրի նկատմամբ՝ պատճառ դառնալով գրեթե ավարտին հասցված շինարարության կասեցմանը։ Ամերիկյան կողմը պնդում է, որ պատժամիջոցների նպատակը Ուկրաինայի շահերի և ռուսական կախվածությունից եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումն է։ Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը չի թաքցնում, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Եվրոպա ամերիկյան հեղուկացված գազի վաճառքի ծավալների կտրուկ մեծացմամբ։

Ռուսաստանը ևս քայլեր է ձեռնարկում հեղուկացված գազի շուկայում սեփական դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Ընդ որում, այս ոլորտում առաջատարը ոչ թե «Գազպրոմն» է, այլ մասնավոր «Նովատեկ» ընկերությունը։ Վերջինս արդեն գործարկել է «Յամալ սպգ» ծրագիրը, որի շրջանակներում հեղուկացված գազի առաջին խմբաքանակն սպառողներին է մատակարարվել 2017-ի դեկտեմբերին։ 2019-ի սեպտեմբերին ընկերությունը սկսել է «Արկտիկ սպգ 2» ծրագրի իրականացումը, որի գործարկման համար նախատեսվում է կատարել ավելի քան 21 մլրդ դոլարի ներդրում։ Երկու ծրագրերն էլ նախատեսում են հեղուկացված գազի մատակարարում ինչպես եվրոպական, այնպես էլ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սպառողներին։

Ռուսաստանը նաև քայլեր է ձեռնարկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան խողովակաշարային գազի մատակարարման ուղղությամբ։ 2019-ի դեկտեմբերի 2-ին գործարկվեց «Սիբիրի ուժ» գազամուղը, որը բնական գազ է մատակարարում Չինաստան։ Նախատեսվում է, որ առաջիկա հինգ-յոթ տարիների ընթացքում գազամուղը կհասնի իր տարեկան թողունակության պիկին՝ (38 մլրդ խմ)։

Ռուսական գազը և Հայաստանը

Միևնույն ժամանակ, հետխորհրդային տարածաշրջանում, որը Ռուսաստանը համարում է իր «հատուկ շահերի» գոտի և քայլեր է ձեռնարկում սեփական ազդեցության ամրապնդման և այլ տերությունների ներգրավման սահմանափակման ուղղությամբ, բնական գազի վաճառքը, թերևս, ավելի սերտորեն է փոխկապված քաղաքական գործընթացների հետ։ Պատահական չէ, որ 2013-ի սկզբին, երբ Հայաստանը գրեթե ավարտին էր հասցրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ռուսական կողմը հանդես եկավ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնելու և 1000 խմի համար մինչև 270 դոլար սահմանելու առաջարկությամբ (շուրջ 40 տոկոս թանկ գործող գնից)։

2013-ի դեկտեմբերին, երբ Հայաստանն արդեն հայտարարել էր Մաքսային միությանը, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության մտադրության մասին, գազի գինը ֆիքսվեց 189 դոլար։ 2015-ի սեպտեմբերին ռուսական գազի գինը իջավ ևս 24 դոլարով, իսկ 2016-ի ապրիլին սահմանվեց 150 դոլար։ Միաժամանակ, բնակչությանը մատակարարվող մեկ խմ գազի գինը 2013-ի 156 դրամից 2017-ին իջավ մինչև 139 դրամ։ Թեև հայ-ռուսական հարաբերություններում վերջին քսան ամիսներին էական վատթարացում չի արձանագրվել, այնուամենայնիվ, 2019-ի հունվարից հայ-վրացական սահմանին գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ վերադառնալով 1000 խմի համար 165 դոլարին և կպահպանվի այդ մակարդակում մինչև 2020-ի դեկտեմբերի վերջը։

Մոլդովայի օրինակը

Այս առումով հետաքրքիր է նաև Մոլդովայի օրինակը։ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման օգտին հանդես եկող Սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնի 2016-ի վերջին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակից և հատկապես 2019-ի նոյեմբերին արևմտամետ Մայա Սանդուի կառավարությանը սոցիալիստական կուսակցության ջանքերով խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց անմիջապես անմիջապես հետո Ռուսաստանը հանդես եկավ 2020-ի հունվարից Մոլդովային մատակարարվող գազի սակագնի նվազեցման առաջարկով։ 2019-ի սկզբին ռուսական գազը Մոլդովա էր մատակարարվում 1000 խմը 235 դոլարով, իսկ 2020 թ. համար գազի գին է սահմանվել 173 դոլարը։

***

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանում, ինչպես նաև խոշոր այլ պետություններում, տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապված են, և հաճախ տնտեսական որոշումները կրում են քաղաքականության, իսկ քաղաքական որոշումները՝ տնտեսության ազդեցությունը։ Այս համատեքստում Հայաստանին մատակարարվող գազի գինը 2019-ին 10 տոկոսով բարձրացնելու, և 2020-ի ապրիլին սպառողների համար գազի գնի բարձրացման հայտ ներկայացնելու հնարավոր որոշումները պետք է դիտարկել հենց քաղաքականության և տնտեսության հատման համատեքստում։ Հայաստանի իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ կապերը պահել նախկին մակարդակի վրա՝ պնդելով, որ Հայաստանի ներսում կատարվող որոշ գործընթացներ զուտ ներհայկական են և որևէ առնչություն չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ։

Չնայած դրան, մի շարք գործոնների համակցման հետևանքով Ռուսաստանը շահագրգռված չէ ՀՀ նոր իշխանությունների դիրքերի հետագա ամրապնդմամբ։ Այս համատեքստում գազի գնի բարձրացումը և դրա հետևանքով հնարավոր հավելյալ գնաճը ՀՀ իշխանությունների նկատմամբ հասարակությունում որոշակի բացասական տրամադրություններ ձևավորելու տարբերակներից մեկն է։

Բենիամին Պողոսյան | Benyamin Poghosyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir