KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Սաֆտրասյան: Ես կարծում եմ, որ այդ «3+3» ձևաչափը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում

Ռուբեն Սաֆտրասյան: Ես կարծում եմ, որ այդ «3+3» ձևաչափը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
314 0

«Այս պահին հնարավոր չէ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել, որովհետև Թուրքիան մեզ հետ խոսում է նախապայմանների լեզվով, և քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից, Հայաստանի վրա ճնշում գործադրելուց, պետք չէ ակնկալիքներ ունենալ:

Հայ-թուրքական հարաբերությունների հարցը մտել է օրակարգ, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը համարում են, որ իրենց համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, և իրենք, Հայաստանի նկատմամբ ճնշումը ուժեղացնելով, կարող են նոր զիջումներ կորզել Հայաստանից, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում, իսկ մենք առանց որևիցե նախապայմանի գնում ենք հարաբերությունների կարգավորման: Ես տասնյակ տարիներ ուսումնասիրում եմ թուրքական դիվանագիտությունը, և Թուրքիայից եկող խոսքերին հավատալ պետք չէ, որովհետև պատմության ընթացքում բազմաթիվ օրինակներ կան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիայի նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը կամ տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, այլ Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտ դարձնելն է:

«Ներկա փուլում տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարթության վրա ականատես ենք լինում ստատուս քվոյի համար պայքարի, որովհետև ստատուս քվոն արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով խախտվեց:

Եվ մենք տեսնում ենք, որ ստատուս քվոյի համար պայքարը գնում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և ամեն մեկը ձգտում է, որ այդ ստատուս քվոն իր շահերին համապատասխանեցնի:

Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք հիմա Հարավային Կովկասում աննախադեպ շրջան ենք մտել և հետխորհրդային պատմության մեջ, աշխարհաքաղաքական հարթության վրա՝ այն առումով, որ առաջին անգամ Ռուսաստանը կորցրել է իր մենաշնորհը, թելադրելու կամքը Հարավային Կովկասում:

Եվ Ռուսաստանը ստիպված իր դիրքերը պիտի քննարկի և համաձայնեցնի Թուրքիայի հետ:

Հարավային Կովկասը սկսում է ավելի շատ ազդեցություն կրել Մերձավոր Արևելքից: Իրադրությունը տարածաշրջանում որոշակի առումներով «փխրուն» կարելի է համարել, և հավանականություն կա ագրեսիվ պատերազմի Ադրբեջանի կողմից, բայց քանի դեռ ռուս խաղաղապահները ունեն ներկայություն տարածաշրջանում, բալանսը կպահպանվի»,- ընդգծեց թուրքագետը:

Այսպես կոչված, «Սյունիքի միջանցք» տրամադրելու հավանականություն կա՞, և ի՞նչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, եթե Հայաստանը Նախիջևանի հետ կապի հնարավորություն տա թուրք-ադրբեջանական դաշինքին:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Սաֆրաստյանը հայտարարեց.

«Թուրքիան այս հարցում շահագրգռված է, որովհետև կապ է ստանում Ադրբեջանի և Ադրբեջանի տարածքով Կասպից ծովով կապ է հաստատում թուրքական աշխարհի հետ: Դա Թուրքիայի համար կարևոր է երկու առումով. նախ Ադրբեջանի հետ ինտեգրումն արագացնելու, և երկրորդը՝ պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանը պետք է կամք ցուցաբերի և չհամաձայնի դրան:

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների գործարկմանը, ես կողմ եմ, որ մեր տարածաշրջանում կոմունիկացիաները գործեն, բայց դրա հետ կապված շատ խնդիրներ և նրբություններ կան, որոնք պետք է ուսումնասիրել, քննարկել և պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել:

Ինձ մոտ հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է հայկական երկաթգծի գնացքները անցնեն Ադրբեջանի տարածքով:

Ես հիշում եմ, որ Խորհրդային Միության տարիներին ես Երևանից Բաքու եմ գնացել երկաթգծով, և մեզ ուղեկցորդները զգուշացրին, որ մտանք Նախիջևանի տարածք, պատուհաններից հեռու կանգնենք, որովհետև քարերով խփում են, և կարող են պատուհանները ջարդել, և դա դեռ խորհրդային ժամանակ, պատկերացրեք՝ հիմա ինչ կլինի»,-հայտարարեց թուրքագետը:

«Թուրքիան օգնեց, որպեսզի Ադրբեջանը հաղթի պատերազմում, բայց Թուրքիան իր հիմնական նպատակին չի հասել, այսինքն՝ Թուրքիան ուզում էր Արցախում անել այն, ինչը արեց Սիրիայում, բայց Ռուսաստանը թույլ չտվեց:

Դրա համար էլ Թուրքիան ամեն գնով փորձում է մեր տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը ուժեղացնել, և Թուրքիայի «3+3» նախաձեռնությունը ես համարում եմ գործիք, որը ավելացնելու է Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում:

Ես կարծում եմ, որ այդ «3+3» ձևաչափը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Անահիտ Չալիկյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir