KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռոբերտ Քոչարյանի խոստումը. Ռեկորդն անգերազանցելի է

Ռոբերտ Քոչարյանի խոստումը. Ռեկորդն անգերազանցելի է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
495 0

Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրությունն ի թիվս քաղաքական իրավիճակից բխող մի շարք առանձնահատկությունների, ուներ եւս մեկը, որը մատնանշվում է հանրային դիտարկումներում՝ իշխանության խոստումների բացակայությունը: Դրա պատճառներն իհարկե բազմաթիվ են, բայց փաստն ինքնին ուշագրավ է: Իշխանությունը նախընտրական քարոզչության շրջանում գործնականում չի տվել կոնկրետ որեւէ խոստում, որը կլիներ չափելի:
Մի կողմից հասկանալի է, որ իշխանությունն ինչ որ իմաստով ցուցաբերել է պարկեշտություն եւ հանրությանը չի դրել հիմարի տեղ՝ ինչ խոստում կարող է լինել, եթե նախկինում տված խոստումները դեռեւս կատարված չեն եւ թղթի վրա են:
Մյուս կողմից, հենց նախորդ փորձից ելնելով, իշխանությունը խոստում չի տալիս, որպեսզի հետո ստիպված չլինի պատասխան տալ դրա համար: Առավել եւս՝ գլխավորը, որ Հայաստանում մեծ հաշվով իշխանության խոստմամբ չէ, որ ձեւավորվում է ընտրության արդյունքը, որովհետեւ խոշոր հաշվով չկա ազատ ընտրական գործընթաց: Ըստ այդմ, ինչու՞ մտնել ավելորդ խոստումների պատասխանատվության տակ, այսպես ասած լեզու դնել ընդդիմադիր ուժերի եւ մամուլի բերանը, եթե հնարավոր է վարչական ռեսուրսի եւ ֆինանսական գերակշիռ առավելության պայմաններում ընտրական արդյունքի խնդիրը հանգուցալուծել ընտրողի հետ այսպես ասած առավել կոնկրետ պայմանավորվածությամբ: Հատկապես որ դրա հնարավորությունը տալիս է ընդդիմադիր դաշտում մրցունակ ուժի բացակայությունը:
Եվս մեկ, ոչ պակաս առանցքային պատճառ է եւ այն, որ խոստում տալու համար իշխանություն է պետք, եւ խոստում չի եղել, քանի որ պարզապես չի եղել իշխանություն: Խոշոր հաշվով, բուն իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորվի 2018 թվականին՝ եթե ձեւավորվի, երբ Սերժ Սարգսյանը թողնի նախագահի պաշտոնը:
Իսկ 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը պարզ չէ, թե ով էր իշխանությունը: Ո՞վ պետք է խոստում տար՝ Կարեն Կարապետյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, ՀՀԿ ռեյտինգայիննե՞րը, թե՞ ՀՀԿ երիտթեւը: Ո՞վ էր իշխանությունը, ո՞վ է լինելու իշխանությունը, պարզ չէ: Գործնականում, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունն անցել է իշխանության՝ որպես այդպիսին, բացակայության պայմաններում, հետեւաբար բացակայել են նաեւ խոստումները:
Այդպիսով, հայաստանյան այսպես ասած ներքաղաքական կյանքում շարունակում է իբրեւ խոստում անգերազանցելի մնալ Ռոբերտ Քոչարյանի հայտնի ռեկորդը՝ 40 հազար աշխատատեղ: Նա դրանք խոստացավ 2001 թվականին, երբ հոկտեմբերի 27-ից հետո գործնականում լուծեց իշխանության խնդիրը:
Երբ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ 40 հազար աշխատատեղը, այդ խոստումը դարձավ անգամ հեգնանքի առարկա: Բայց տարեվերջին Քոչարյանը կազմակերպեց հատուկ մամուլի ասուլիս, որպեսզի թվաբանությամբ ցույց տա՝ «ապացուցի», որ կատարել է իր խոստումն ու բացել է 40 հազար աշխատատեղը:
Եվ «ապացուցեց»: Այլ հարց է, թե ում համար որքանով էր այդ «ապացույցը» համոզիչ: Բայց Քոչարյանը տվել էր խոստումն ու հրապարակավ «տեր կանգնեց» դրան, ցույց տալով, որ իշխանություն է:
Իհարկե, հետագայում նա անկարող գտնվեց իր իշխանության որակական տրանսֆորմացիայի հարցում եւ «տեր կանգնելու» տպավորիչ ակտով հաստատելով իշխանությունը, նա ստիպված էր այդ իշխանությունը թողնել ամոթալի եւ ինչն առավել ցավալի է՝ ողբերգական ավարտով, Երեւանում մարդասպանությամբ եւ արյունահեղությամբ:
Բայց դրանից հետո Հայաստանում փաստացի հենց անիշխանություն է՝ գին, որ պետությունը վճարել է Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնի անընդհատության համար:
Ու շարունակելու է վճարել այդ գինը՝ Սերժ Սարգսյանի, կամ որեւէ մեկի համար, քանի դեռ չի գտնվել մեկը, որը կտա հրապարակային կոնկրետ խոստում եւ տեր կկանգնի դրան, այդպիսով Հայաստանում հաստատելով իշխանություն, որն այդքան անհրաժեշտ է պետությանը՝ այս փուլում անգամ անկախ որակից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir