KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ոչ սովորական հանդիպում Թուրքիայում. ինչ են խոսել Չավուշօղլուն և Մինսկի խմբի համանախագահները

Ոչ սովորական հանդիպում Թուրքիայում. ինչ են խոսել Չավուշօղլուն և Մինսկի խմբի համանախագահները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
353 0

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկություն է տարածել Թվիթերում, որ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել արցախյան հարցը: Չավուշօղլուն ասել է, որ նրանց հետ քննարկել է հակամարտության կարգավորման և դրա հիմքում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի» հարցը:

Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն է, և այդ իմաստով, իհարկե, թե՛ զարմանալի չէ հանդիպումը, թե՛ նաև կարծես աննախադեպ չէ: Այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև, որ հանդիպումը սովորական էլ չէ կամ ընթացակարգային չէ, որովհետև այն արցախյան կարգավորման և ընդհանրապես միջազգային գործընթացում հազվադեպ դրսևորումների շարքից է: Միաժամանակ, իրավիճակն էլ անշուշտ հերթական կամ հերթապահ չէ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական թեժ իրադրությունն Իդլիբում և դրա ազդեցությունն ընդհանրապես երկկողմ հարաբերության, ըստ այդմ՝ նաև երկու սուբյեկտների ներկայությամբ կամ ներգրավվածությամբ ռեգիոնալ իրողությունների վրա:

Չավուշօղլու-համանախագահներ հանդիպումը առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հենց այդ համատեքստում: Թուրքիան համանախագահներին վերջնագի՞ր է ներկայացնում արցախյան հարցում՝ ելնելով Իդլիբի հարցում ռուսական կոշտ դիրքորոշումից: Մյուս կողմից՝ համանախագահների հետ հանդիպման ձևաչափը հուշում է, որ հանդիպման օրակարգը այնքան էլ միատարր և պարզ չէ, որովհետև ի վերջո կազմը ներառում է ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահներ, ինչը նշանակում է, որ շանտաժ լինել կարող է, բայց քննարկման առանցքում շանտաժը չէ:

Թուրքիան դեռևս օրեր առաջ հայտարարում էր, որ ակնկալում է մարտի 5-ին Անկարայում հանդիպում Պուտինի հետ, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Մերկելը: Պուտինը, սակայն, փաստորեն մերժեց այդ հանդիպումը, որից հետո Էրդողանը զանգահարեց նրան: Դրան զուգահեռ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան չի տեսնում գործընթացում և քննարկումներում որևէ երրորդ կողմի ներգրավման իմաստ: Արդյոք Պուտինն ու Էրդողանը զանգի ընթացքում եկե՞լ են պայմանավորվածության, որ «երրորդ» մասնակցություն կլինի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, ոչ այլ:

Հետաքրքիր է, որ Պուտինից հետո Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Ինչ օրակարգ է շոշափվել Չավուշօղլուի և համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը: Հարցը արդիական է նաև այն իմաստով, որ հանդիպումը տեղի է ունենում Էրդողանի՝ Բաքու այցից հետո, որը փետրվարի 25-ին էր:

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուի և համանախագահների հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի նախագահի աշխատակազմը տարածեց տեղեկություն, որ մարտի 5-ին Էրդողանը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: Փաստորեն, հանդիպումը տեղի կունենա Պուտինի «կանոններով»: Արդյոք դրա մե՞ջ էր մտնում նաև Չավուշօղլուի և համանախագահների հանդիպումը:
Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir