KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նիկոլ Փաշինյանի առաջին Դավոսն ու ԵՏՄ երեւանյան կուլմինացիան

Նիկոլ Փաշինյանի առաջին Դավոսն ու ԵՏՄ երեւանյան կուլմինացիան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
347 0

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցելու է Դավոսի ամենամյա համաժողովին, որը 2020 թվականին լինելու է հիսուներորդը՝ հոբելյանականը: Արմեն Սարգսյանը լինելու է համաժողովի բանախոսներից: Հոբելյանական համաժողովի բանախոսների շարքում են լինելու նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Մերկելը:

Հայաստանը Դավոսի համաժողովին բարձր մակարդակի մասնակցությունը վերսկսել է թավշյա հեղափոխությունից հետո՝ առաջին դեմքի մակարդակով: Մինչ այդ, առաջին դեմքով մասնակցություն եղել է նաեւ նախկինում, բայց ընդամենը մեկ-երկու համաժողովի ընթացքում: Հետո բարձր մակարդակի հետաքրքրությունը նվազել է: Բարդ է ասել՝ դա եղել է Հայաստանի հանդեպ կամ Հայաստանի իշխանության հանդեպ նվազ հետաքրքրության հետեւա՞նք, թե՞ Հայաստանին այդպես էլ չի հաջողվել Դավոսում կամ ընդհանրապես աշխարհում առաջացնել այն հետաքրքրությունը, որը կարտահայտվեր նաեւ Դավոսում:

Նշանակալի մակարդակով մասնակցությունը փորձեց վերականգնել վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց ըստ երեւույթին նրա վերաբերյալ գլխավոր հարցը մեկն էր՝ կարողանալու՞ է հաղթել 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի պաշտոնի համար ներիշխանական պայքարում, թե ոչ: Համաշխարհային էլիտայի ներկայացուցիչներից շատերը այդ հարցի բացասական պատասխանում թերեւս հավաստիացել էին հենց Դավոսին նրա մասնակցությունից, գնահատելով, որ Կարապետյանը լինելով պատրաստված մենեջեր, ամենեւին պատրաստ չէ որպես քաղաքական գործիչ: Շատերն էլ գուցե այդ հարցում հավաստիացան Հայաստանում 2017 թվականի ներքաղաքական իրողությունների ընթացքում:

2019-ի հունվարին Դավոսի համաժողովում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր թե հեղափոխություն, թե խորհրդարանի արտահերթ ընտրություն հաղթած վարչապետի կարգավիճակով, իր այցի հիմնական այցեքարտ դարձնելով հենց այդ հաղթանակները:

Ի՞նչ էֆեկտ ունեցավ Փաշինյանի Դավոս այցը, հեղափոխության հաղթանակը բավարա՞ր էր այդ այցի արդյունավետության ու նշանակալիության համար, թե՞ այդ հաղթանակը անհրաժեշտ, բայց ամենեւին բավարար պայման չէր համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտայի առարկայական ուշադրության համար:

Համենայն դեպս, հետաքրքիր կլիներ, եթե Հայաստանի կառավարությունը փորձեր հանրությանը ներկայացնել անցնող մեկ տարվա ընթացքում այն դրսեւորումները, որոնք 2019-ի Դավոսի համաժողովում Հայաստանի վարչապետի մասնակցության արգասիքն էին:

Թե՞ այդ իմաստով որոշակի պատասխան կամ վկայություն է այն, որ Նիկոլ Փաշինյանը բաց է թողնում Դավոս 2020-ը: Թեեւ, անշուշտ, Դավոսն օլիմպիադա չէ եւ պետք չէ մասնակցել՝ լոկ մասնակցելու համար:

Ի դեպ, 2019 թվականին Դավոսի համաժողովում Նիկոլ Փաշինյանի առաջին մասնակցությունը առավել մեծ ուշադրության արժանացավ Իլհամ Ալիեւի հետ նրա երկրորդ հանդիպման փաստով: Վարչապետ Փաշինյանն այդ կապակցությամբ հայտնել էր, որ կազմակերպիչները պարզապես օգտվելով հանգամանքից, որ թե ինքը, թե Ալիեւը Դավոսում էին, առաջարկել էին հանդիպել, ինչը նրանք չէին մերժել:

Դուշանբեում Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո Դավոսի հանդիպումը երկրորդն էր, որը տեւել էր 1,5 ժամ եւ վարչապետ Փաշինյանը հայտնել էր սոցցանցում, որ զրուցել էին բանակցային գործընթացի պատմության շուրջ: Դավոսից Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ ԵՏՄ նախագահությունը ստանձնելու: Այդ նախագահության կուլմինացիան թերեւս եղավ հոկտեմբերին Երեւանում կազմակերպված ԵՏՄ Վեհաժողովը՝ Իրանի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի ներգրավվածությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir