KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նախորդ կառավարությունների «քաղաքական երկչոտության» արդյունքը

Նախորդ կառավարությունների «քաղաքական երկչոտության» արդյունքը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
424 0

«Սա միակողմանի երթեւեկության փողոց չէ». տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ կապված օրերս հստակեցրել էր, որ նոյեմբերի վերջին կունենանք գազի վերջնական սակագնի մասին որոշում, որը կգործի հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի վերջին` էլեկտրաէներգիայի սակագնի մասին որոշում, որը կգործի փետրվարի 1-ից: Փաստորեն, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը կունենանք ավելի շուտ, քան սպասվում էր կամ հայտարարվել էր նախօրոք: Գազի գնի նվազեցման հնարավորությունների մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր դեռ սեպտեմբերին` իր նշանակումից օրեր անց, նկատելով, որ սահմանից-սպառող հատվածում հնարավոր է սակագնի նվազման տարբերակներ գտնել: Իսկ նոյեմբերի 3-ին արդեն վարչապետը հստակ հայտարարեց, որ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողի համար հազար մետր խորանարդ գազի դիմաց վճարվող 257.56 դոլարին համարժեք դրամը դարձել է 242.1: Եթե կազմակերպությունը սպառում է ավելի շատ գազ, քան նախկինում սպառել է, եւ ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա այդ ավելի գազի համար սակագինը 212 դոլար է: Սա վերաբերում է ջերմոցային տնտեսություններին եւ վերամշակող ձեռնարկություններին: 10 հազար խորանարդ մետրից պակաս սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Այդ գումարների, այսպես ասած, փոխհատուցման չորս աղբյուր են կառավարությունում տեսնում. հունվարի 1-ին ավարտվում է Վրաստանի հետ պայմանագիրը, կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդը որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացումն ու վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիայում» սպասվող օպտիմալացումն է: Չորրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման եւ շուկայի կայունացման համար ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա: Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն, ի հեճուկս այլ տնտեսագետների, լավատեսորեն է տրամադրված ու դա հիմնավորում է մասնագիտական հաշվարկներով: «Առավոտի» հետ զրույցում նա հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ինքը մասնագիտական հաշվարկներ էր ներկայացրել այն մասին, թե ինչի՞ հիման վրա կարելի է սակագինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել: Խոսքը թերացոմների մասին էր` նախկին սեփականատերը՝ ռուսական ընկերությունը, ո՛չ ներդրումներ էր կատարել` պայմանագրում ամրագրված ծավալներով, ո՛չ խնայողությունների ռեժիմն էր ապահովել, ո՛չ կորուստները կրճատել, ո՛չ էլ արդիականացրել էր համակարգը: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ նախորդ կառավարությունների օրոք որոշակի «քաղաքական երկչոտություն» էր ցուցաբերվել, փորձել էին չնեղացնել ռուսական ծագում ունեցող սեփականատիրոջը, մինչդեռ այդ խնդիրները պետք է իրավական դաշտում լուծվեին: «Առավոտի» դիտարկմանը` Կարեն Կարապետյանն ավելի՞ համարձակ էր, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանի համարձակության եւ պատրաստակամության` վերանայելու, շտկելու հարց կա, անշուշտ: Բայց չմոռանանք նաեւ Սամվել Կարապետյան անուն-ազգանունը: Մենք գործ ունենք կայացած, լուրջ, հայրենասեր գործարարի հետ: Ես չեմ կարծում, որ սա միակողմանի երթեւեկության փողոց է. ե՛ւ կառավարությունն է իր գործառույթները դրսեւորում, ե՛ւ սեփականատիրոջ հետ կապված հարցեր կան` բարյացկամություն, պատրաստակամություն»: Մեր զրուցակիցը նկատում է, որ «Տաթեւ» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 1-2 դրամի սահմաններում է. «Հիմա ինքներդ դատողություն արեք` համեմատելով այն գնի հետ, որը մենք վճարում ենք իբրեւ սպառողներ: Ինչքանո՞վ է դա արդարացի»: Թաթուլ Մանասերյանը գազի սակագնի իջեցման հետ կապված էլ պնդումներ էր արել, որ իջեցման հնարավորություններ կան: Դրանք դարձյալ հաշվարկների վրա են հիմնված. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի տարի է՝ լայն ծավալով գազիֆիկացիա չի իրականացվում, բնականաբար, պետք է ակնկալենք սակագնի նվազում գոնե այդ չափով, քանի որ գազիֆիկացիայի ժամանակ ներդրումներ են կատարվում: Բայց դա տեղի չունեցավ: Ըստ իս՝ մարժան նույնիսկ մեծացել է, եւ որքան էլ պնդումներ կան, թե վնասով են աշխատում եւ այլն, ես մեկ բան եմ մշտապես պահանջել` հաշվետվություն: Դրա երեսը ՀՀ-ում հասարակ մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եթե այս ամենին հավելենք մասնագիտական հաշվարկները, որոնք կատարվել են գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում կայացած մասնագետների օգնությամբ, շատ հստակ գներ են ստացվել, որոնք շրջանցելը մի քիչ դժվար կլինի, եթե խոսակցությունն առարկայական է»: Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ երկու հարցն էլ «առանցքային, բանալի» խնդիրներ են, որոնք վարչապետը բարձրացրել է: Նա ակնկալում է, որ ձմռան ամիսների համար գոնե ավելի կտրուկ քայլերի կգնա կառավարությունը` փորձելով բարելավել բնակչության վիճակը: Խնդիրը սոցիալականից զատ՝ նաեւ տնտեսական նշանակություն ունի. «Սա շատ կարեւոր է նաեւ փոքր ու կայացած խոշոր բիզնեսների համար: Իրենց արտադրանքում գազի կամ էլեկտրաէներգիայի տեսակարար մեծ կշիռ ունեցող հատվածի համար տանելի պայմանների ստեղծումը հնարավորություն կտա նաեւ ձեռնարկատիրության զարգացմանը: Դա էլ կբերի աշխատատեղերի, արտահանման ծավալներին, ինչի մասին բոլորն են խոսում»: Ջերմոցային տնտեսությունների համար հատուկ սակագնի սահմանումը տնտեսագետն առավել կարեւոր է համարում այն առումով, որ այդ տնտեսությունների զարգացմամբ նաեւ պարենային անվտանգության խնդիր է լուծում մեր երկիրը` առավել մրցունակ եւ ցածր գներով, քանզի հիմա հիմնականում կասկածելի որակի միրգ եւ բանջարեղեն է օգտագործում մեր սպառողը: Բացի դա, ջերմոցային տնտեսությունների զարգացումը նաեւ կարող է արտահանման աճ ապահովել. «Չզարմանաք, բայց Թուրքիան, որտեղից մեր գործարարները անուղղակի կամ զարտուղի ճանապարհներով լոլիկ են ներմուծում եւ արտահանում ՌԴ, հայկական լոլիկի հսկայական պահանջարկ ունի: Դա փաստել են իմ գործընկեր պրոֆեսորները Անկարայի ու Միջին Արեւելքի համալսարաններից: Պարզ հաշվարկներ են կատարված, եւ մենք եկել ենք այն եզրահանգման, որ եթե Հայաստանի բոլոր մշակովի հողերը տրամադրվեն լոլիկի արտադրությանը, Թուրքիան անսպառ հնարավորություն ունի դա իր շուկայում սպառելու: Էլ ավանդական ռուսական շուկայի կամ ԵԱՏՄ-ի շուկաների մասին չեմ խոսում»: Թաթուլ Մանասերյանը նաեւ նկատում է, որ ցեմենտի արտահանումը, որը եւս շատ գազ է սպառում, դրսում մեծ պահանջարկ ունի: «Բայց մտածել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազմամբ գները կիջնեն, միամտություն է: Հայերը շատ հնարամիտ են, եւ միանգամից հարստանալու գայթակղությունը ոչ մեկին չի լքել, ուստի կարծում է, որ պետությունն իր վերահսկողական գործառույթը պետք է կիրառի ՏՄՊՊՀ-ի եւ տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարության շնորհիվ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

http://www.aravot.am/2016/11/10/825111/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir