KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մեզ Աստված է խնայել, բայց ոչ այն պատճառով, որ մենք այդքան խելոք ենք

Մեզ Աստված է խնայել, բայց ոչ այն պատճառով, որ մենք այդքան խելոք ենք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
409 0

Արեւմուտքի, Ռուսաստանի ու տարածաշրջանի առաջատար քաղաքագետները շարունակում են Հարավային Կովկասի գործընթացները դիտարկել որպես դիմակայություն «հորիզոնական» ուղղությամբ, այսինքն՝ Արեւմուտք-Արեւելք վաղեմի սխեմայով, որում քաղաքական բանավեճի ու պայքարի առարկան համարվում է «եվրասիական միջանցքը»:
Երեւում է քաղաքագետների, վերլուծաբանների ու նույնիսկ քաղաքական նախագծողների գիտակցությունը, ինչպես զանգվածային գիտակցությունը, ենթակա է իներցիային, ինչը ոչ պակաս վատ է, քան ակտուալ քաղաքական գործիչների մոլորությունը:
Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում դիմակայության պարադիգմը «միջանցքի» տրամաբանությունից տրանսֆորմացվել է «խաչմերուկի» տրամաբանության:
«Միջանցքի» քաղաքական պոլիգոնն ունի զարգացման իր օրենքները եւ օրինաչափությունները: Այստեղ ամեն ինչ որոշում է այն, թե ինչն է համարվում քաղաքականության սուբյեկտ, ինչը՝ օբյեկտ: Վրաստանի ու Ադրբեջանի համար ճակատագրական նշանակություն ունեցավ այն, որ հաղորդակցությունների հայտնի նախագծերը սուբյեկտից դարձան քաղաքականության օբյեկտներ, իսկ այդ պետություններն ըստ էության սուբյեկտներ դարձան հենց հաղորդակցությունների եւ այլ աշխարհքաղաքական նախագծերի հարցում:
Նրանք, ովքեր մանրամասն հետեւել են այս երկու պետությունների քաղաքական գործընթացներին, կարող են արձանագրել, որ դա իսկապես այդ երկրների էլիտաների համար ողբերգություն էր:
Մեզ Աստված է խնայել, բայց ոչ այն պատճառով, որ մենք այդքան խելոք ենք: Մեզ պարզապես չեն ներգրավել այդ նախագծերին, որոնք կոչված են Հարավային Կովկասում հաստատել տրանզիտային-սերվիսային սոցիալ-տնտեսական մոդել, հնարավոր է՝ լիովին ավարտուն, տեղային տրանզիտային-սերվիսային գեո-քաղաքակրթություն:
Խնդիրն այն է, որ տրանզիտային գործառույթին հավակնող երկրներն իրավունք չունեն ձեւավորել միակողմանի կողմնորոշում: Սա հասկանալու համար պետք չէ լինել քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ:
Արդյունքում նավթ չունեցող ու «փակուղային» Հայաստանը զարգացնում է հարաբերությունները միաժամանակ Ռուսաստանի, Իրանի ու ԱՄՆ-ի հետ: Դրանք չի կարելի համարել ռազմավարական, բայց ինչ որ պարտավորեցնող ու շահագրգիռ բան դրանում կա:
Լիովին հասկանալի է, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն ընդունակ է կատարել ռազմավարական գործընկերոջ գործառույթները: Բայց Հայաստանն այդ գործառույթները կատարում է որպես Ռուսաստանի վասալ: Այդ պատճառով էլ Հայաստանի համար ձեւավորվել է այս աստիճան վնասակար քաղաքական իրավիճակ:
Ավելին, «ռազմավարական զավեշտն» այն է, որ Ղարաբաղն էլ ընդունակ է կատարել ռազմավարական գործընկերոջ գործառույթներ: Եվ դրանում միֆական որեւէ բան չկա, եթե չհաշվենք հայկական քաղաքական մենթալությունը:
«Խաչմերուկի» հոգեբանությունը նկատելի տարբերվում է «միջանցքի» հոգեբանությունից, թեեւ լիբերալ շատ գործիչների մոտ միշտ կա մեկը մյուսի փոխարեն ներկայացնելու գայթակղությունը՝ կախված ակտուալ իշխող էլիտաների բարեկեցության պահանջներից:
Սակայն Հարավային Կովկասը երբեք ինքնանպատակ չի եղել տարբեր ռազմավարություններում: Խոսքն առավել ընդարձակ տարածաշրջանի կառավարման ու վերահսկողության մասին է: «Մեծ Մերձավոր Արեւելքի» ու Կենտրոնական Ասիայի շրջանակներում տեղի է ունենում աշխարհքաղաքական պարադիգմի փոփոխություն՝ «խաչմերուկի» ռազմավարության մեծացման պայմաններում:
Հարավային Կովկասը աշխարհքաղաքական օբյեկտային ինքնաբավությունից վեր է ածվել Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանի գավառի: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն քաղաքական հարձակում են սկսել Սեւ ծովում, ինչը ենթադրում է նաեւ ռազմական բաղադրիչի ուժեղացումը: Այս ուղղությամբ շատ խնդիրներ կան, դրանցից շատերը դեռ լուծված չեն:
Սեւ ծովը դառնում է ռուսական էքսպանսիան զսպելու «կենտրոնական ասպարեզ»: Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան առաջարկել «պացիֆիստական ճանապարհ», ավելի ճիշտ՝ տարածաշրջանը վերածել չեզոք գոտու: Սակայն դա արդեն ուշացած առաջարկ է:
Ռուսաստանն ի վիճակի չէ պահել ազդեցությունը Հարավային Կովկասում եւ ստիպված է լինելու զիջել: Նրան հնարավորություն կտան ձեւ անել, թե շարունակում է ներկայությունը տարածաշրջանում, սակայն դա պատրանք կլինի:
ԱՄՆ-ն դեռ վերջնական որոշում չունի, թե ինչ է լինելու Հարավային Կովկասի հետ: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն փորձում է խաղադրույք կատարել Վրաստանի վրա եւ Հայաստանն ինտեգրել ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանը:
ԱՄՆ-ի խնդիրն այն է, որ ատլանտյան ճամբարից Հարավային Կովկասի որեւէ պետության դուրս մնալը կտապալի տարածաշրջանն ինտեգրելու ծրագիրը:
Եվրոպան համառորեն շարունակում է հարմարվել այս տարածաշրջանին, մնալով հիմնական հովանավորը:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir