KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական լուրջ բանակցություններ ստեղծելու համար. Ռիչարդ Կոզլարիչ

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական լուրջ բանակցություններ ստեղծելու համար. Ռիչարդ Կոզլարիչ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
358 0

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները և իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նախադրյալներ ստեղծեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի հարցի շուրջ լուրջ բանակցություններ սկսելու համար, բայց հարց է՝ նոր տարում՝ 2019 թվականին, կհաջողվի՞ արդյոք հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը՝ նշելով, որ անցած՝ 2018 թվականին երկու անակնկալ գրանցվեց Ղարաբաղյան հարցի մասով։

«Առաջինը՝ չնայած երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանությանը, ռազմական դիմակայությունը արցախա-ադրբեջանական շփման գծում չվերաճեց խոշոր զինված հակամարտության։ Իհարկե, փոխհրաձգություններ և զոհեր եղան, բայց, բարեբախտաբար, պատերազմ չեղավ։ Երկրորդը՝ անսպասելի քաղաքական փոփոխությունները Հայաստանում և երկրի նոր ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հնարավորություն ստեղծեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ սկսելու համար։ 2019 թվականին գլխավոր հարցը մնում է նույնը՝ այս տարի կհաջողվի՞ հասնել բանակցված կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն մնալ համախմբված և միասնական՝ խրախուսելու կողմերին սկսել լուրջ, դեմ առ դեմ բանակցություններ՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,- մեկնաբանեց ամերիկացի նախկին դիվանագետը։

Իսկ հայաստանյան այդ բուռն քաղաքական փոփոխություններից, ինչպես նաև Արցախի շուրջ ու ավելի լայն տարածաշրջանում, միջազգային ասպարեզում տեղի ունեցած զարգացումներից հետո՝ ներառյալ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի աճող դիմակայությունը, ԱՄՆ-ի ակտիվացումը մեր տարածաշրջանում, Ադրբեջանի տարօրինակ «լավատեսությունը» Ղարաբաղի հարցում, պե՞տք է արդյոք սպասենք էական փոփոխությունների, դիվանագիտական ջանքերի՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Պատասխանելով մեր այս հարցին՝ Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ անկեղծորեն չգիտի՝ նշված զարգացումները կազդե՞ն արդյոք հակամարտության կարգավորման վրա։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակում է զինել հակամարտության երկու կողմերին, հակամարտության երկու կողմերն էլ հետևաբար շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը։ Իսկ դա, Կոզլարիչի խոսքով, մեծացնում է «անզգույշ բախումների» վտանգը, քանի որ ծանր զինատեսակների, ժամանակակից սպառազինության քանակը շփման գծում ավելանում է։

«Չնայած Հայաստանի նոր ղեկավարության ստեղծած հնարավորությանը, կրկնում եմ՝ հնարավորությանը, և Բաքվի հռետորաբանության մեղմացմանը վերջին ամիսներին՝ ես, այնուամենայնիվ, հոռետես եմ և չեմ կարծում, թե լուրջ առաջընթաց կլինի հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում։ Հույս ունեմ, որ կսխալվեմ։ Հուսով եմ, որ կուլիսների հետևում լուրջ քննարկումներ են ընթանում։ Իմ ամենամեծ մտահոգությունը կապված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության անկանխատեսելիության և մասնավորապես Իրանին առնչվող քայլերի հետ։ Ըստ իս՝ Բոլթոնի՝ Հարավային Կովկաս այցելելու հիմնական նպատակը Իրանի դեմ Միացյալ Նահանգների դիրքերն ամրապնդելն էր։ Եվ եթե դա իրոք այդպես է, նշանակում է՝ Միացյալ Նահանգների ուշադրությունը Հայաստանին և Ադրբեջանին ավելի շատ Իրանի հարցի մասին է լինելու, քան թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի»,- ավելացրեց Ռիչարդ Կոզլարիչը։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir