KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայկ Թովմասյան: Լաչինի միջանցքով երթևեկությունը կփոխվի հայերի համար․ նոր վտանգներ

Հայկ Թովմասյան: Լաչինի միջանցքով երթևեկությունը կփոխվի հայերի համար․ նոր վտանգներ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
381 0

Այսօր երեկոյան ժամը 20-ին Լաչինի միջանցքով երթևեկությունը կփոխվի հայերի համար։

Հայաստան-Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնոն ու Բերձորը և Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։ Նոր ճանապարհի սպասարկումը պետք է սկսվեր օգոստոսի 31-ին, սակայն Արցախի անվտանգության խորհուրդը երեկ նիստ է գումարել և որոշել մեկ օր շուտ սկսել երթևեկությունը նոր ճանապարհով։

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, թե ժամանակավոր այս ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորակազմը նոր հենակետեր է տեղադրում։ Այս ճանապարհը կգործի մինչև գարուն, երբ պատրաստ կլինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

Ադրբեջանը շտապում է իր լիակատար վերահսկողության տակ վերցնել Բերձորն ու Աղավնոն, իսկ նոր և նեղ ճանապարհը թողնել հայերին, որտեղ ավելի մեծ կլինի Ադրբեջանի վերահսկողությունը։

Հայաստանի գործող իշխանությունները որևէ կերպ չեն խոչընդոտում ադրբեջանական այս սադրանքին, ընդհակառակը, ամեն գնով փորձում են կատարել ալիևյան վարչախմբի պատվերը և որևէ կերպ չեն փորձում պաշտպանել Արցախի հայ բնակչության իրավունքները։ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ, նոր ճանապարհն էլ ոչ պակաս վտանգավոր է լինելու արցախցիների համար, իսկ Արցախ մուտք գործելը Հայաստանից շատ ավելի բարդ է լինելու, չնայած, որ փաշինյանական վարչախումբն առանց այն էլ 44-օրյա պատերազմից հետո չէր վառվում Արցախ այցելելու բուռն տրամադրությամբ։

Եթե ընդդիմադիր գործիչները պարբերաբար այցելում են Արցախ, հանդիպում տեղական իշխանությունների, հանրության հետ, ներկայացնում իրենց մոտեցումները, ապա վերջին գրեթե 2 տարվա ընթացքում փաշինյանական վարչախմբի որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ այդպես էլ չի այցելել Արցախ, մինչդեռ նախքան պատերազմը, նրանք առիթը բաց չէին թողնում Արցախ մեկնելու և այնտեղից հայտարարելու, թե Աղդամն իրենց հայրենիքն է։

Երեկ նաև, ուշագրավ մեկ այլ իրադարձություն է եղել. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Թեև հեռախոսազրույցի ֆորմալ պատճառը համարվում է 2 երկրների միջև կնքված բարեկամության պայմանագրի տարեդարձը, սակայն քննարկել են նաև եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել։ Ըստ ամենայնի, սովորույթի համաձայն, հայկական կողմը թարգմանել և արտագրել է պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրությունը։

Պաշտոնական Երևանը արդեն 3 օր է հրաժարվում է որևէ տեղեկություն հրապարակել Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մասին։ Եթե Ադրբեջանը հայտնում է, թե Բրյուսելում քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման մասին, ապա Հայաստանի կառավարությունը համառորեն գաղտնի է պահում օրակարգը և ոչինչ չի հայտնում։

Հայկ Թովմասյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir