KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հայկական բանակն անցել է խաղաղություն պարտադրելուն

Հայկական բանակն անցել է խաղաղություն պարտադրելուն

Hasan Oktay Hasan Oktay - - 6 dk okuma süresi
881 0

Հայկական բանակն անցել է խաղաղություն պարտադրելուն
hakopbadalyan
Վերջին երկու-երեք օրերին բավական տագնապալի են դարձել Արցախի եւ Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները, որոնք վերստին հիշեցնում են պատերազմական լրահոս: Ադրբեջանը անցել է կրակի դադարեցման ռեժիմի առավել ինտենսիվ խախտման, քան քառօրյա պատերազմին նախորդած մնացյալ օրերին: Արցախի բանակը հայտարարել է պատժիչ գործողությունների անցնելու մասին:
Առայմ ոչ պաշտոնապես, սակայն տեղեկություններ կան, որ հայկական զինուժը բավական խոշոր կորուստներ է պատճառել Ադրբեջանին եւ նաեւ վերականգնել այն դիրքերի մի մասը, որոնք ադրբեջանական հսկողության տակ էին մնացել քառօրյա պատերազմի հետեւանքով:
Ինչպես կզարգանա իրադարձությունը, դժվար է ասել, բայց տպավորություն է, որ հայկական զինված ուժերը ձեռնամուխ են եղել Ադրբեջանին արդեն խաղաղություն, ոչ թե կրակի դադար պարտադրելուն:
Քառօրյա պատերազմն ընդհատվեց այն կետում, որտեղ հայկական զինուժն անցել էր հակագրոհի, եւ Ադրբեջանը կանգնել էր խոշոր պարտության վտանգի առաջ: Դա ակնհայտ էր անգամ Ադրբեջանի Գերագույն գլխավոր հրամանատարի գործնականում խուճապային հայտարարությունից, թե պատրաստ են դադարեցնել կրակը, եթե հայերը կանգնեն տեղում եւ չգան առաջ:
Ռուսաստանը, որը Ադրբեջանի գրոհի ժամանակ սառնասրտորեն հետեւում էր իրադարձության զարգացմանը, հայկական հակագրոհի ժամանակ հանկարծ միջամտեց ու իր ազդեցությունն օգտագործելով կանգնեցրեց այդ հակագրոհը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անունից: Դա ոչ միայն հայկական զինուժին հասցված ռազմական, ռազմավարական հարված էր թիկունքից, այլ գործնականում նաեւ դիվանագիտական-քաղաքական ծուղակ, որից շտապեց օգտվել Բաքուն եւ ՄԱԿ-ին նամակ հղել 1994 թվականի հրադադարից միակողմանի դուրս գալու մասին, պատասխանատվությունը փորձելով դնել հայկական կողմի վրա եւ ակնհայտորեն փորձելով ապրիլյան պատերազմի հրադադարի հիմքով արդեն հրադադար կնքել միայն Հայաստանի ստորագրությամբ:
Փաստացի, կասեցվեց Հայաստանի ռազմական հաջողությունը՝ խաղաղության հեռանկարի փոխարեն հաստատելով ընդամենը կրակի դադարեցում, եւ հետագա քայլով փորձ արվեց Հայաստանը ներքաշել քաղաքական մի գործընթացի մեջ, որի պարագայում ծուղակ ասվածը գուցե լիներ մեղմ բնորոշում, քանի որ այդ գործընթացը կրկին հանգեցնելու էր փակուղու, իսկ Ադբեջանը նոր պատերազմն արդեն վերսկսելու էր առավել նպաստավոր դիրքից:
Լավրովի հայաստանյան այցը վկայեց, որ հայկական կողմը ուշացումով, այդուհանդերձ գիտակցել է ծուղակի լրջությունն ու մերժել այնտեղ հայտնվելու ռուսական առաջարկը: Դրան հետեւեց Սերժ Սարգսյանի խոստովանություն-հարցազրույցը Բլումբերգին, որտեղ նա փաստորեն գաղտնազերծեց քաղաքական գործընթացի թեկուզ իր համար խիստ անբարենպաստ եւ անպատվաբեր ամբողջ բովանդակությունը, ինչը դրանից դուրս գալու եւ վերջնականապես ծուղակում չհայտնվելու թերեւս միակ տարբերակն էր նրա համար:
Դրան հաջորդեց Ադրբեջանի ագրեսիայի նոր ալիքը եւ հայկական կողմի պատժիչ գործողությունը, որ ոչ այլ ինչ է, քան հայկական բանակի խաղաղասիրական գործողություն: Բանն այն է, որ տարիներ շարունակ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ջանքով տարածաշրջանում խորացված փակուղին եւ ռազմատենչ մթնոլորտը ստեղծել է մի վիճակ, երբ խաղաղությունը կախված է հայկական զինուժի ռազմական հաջողությունից: Որքան մեծ եւ ընդգրկուն լինի այդ հաջողությունը, այդքան մոտ եւ ընդգրկուն կարող է լինել տարածաշրջանի խաղաղությունը:
Ըստ այդմ, հայկական զինված ուժերը ներկայում լուծում են ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ տարածաշրջանային խաղաղությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտների խնդիրը: Այստեղ էականն այն է, որ Հայաստանում չգտնվեն մարդիկ, որոնք կարող են նպաստել այդ խնդրի լուծման այսպես ասած «դիվանագիտա-քաղաքական» մեթոդներով տորպեդահարմանը:
Իրադարձությունների թե վերջին տարիների, թե քառօրյա պատերազմին հաջորդած օրերի զարգացումը, երբ իբր կրակի դադարեցման անվան տակ Ադրբեջանը շարունակում էր սահմանին կրակել ու սպանել մեր զինվորներին, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն էլ շարունակում էր հավասարության նշանը եւ այդպիսով քաղաքական աջակցությունը Բաքվին, ցույց տվեց, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում չի թողել խաղաղ դիվանագիտության տեղ. եւ այդ տեղը ներկայում ստիպված է բացել հայկական զինուժը:
Դա լավագույն տարբերակը չէ, որովհետեւ պատժիչ գործողությունը ռիսկ է նաեւ հայ զինվորների եւ սպաների համար, բայց այդ ռիսկը կա նաեւ առանց այդ գործողության, փոխարենը չկա խաղաղության հեռանկարը: Հետեւաբար, հայկական զինված ուժերը հենց այդ ռիսկը չեզոքացնելու համար պարտադրված են գնալ թեկուզ ռիսկի գնով խաղաղություն պարտադրելու:
Այլ կերպ ասած, հայկական զինուժը ներկայում զբաղված է խաղաղասիրական գործունեությամբ՝ խաղաղությունը վերականգնելու խնդրով: Հայկական զինուժին ցուցաբերված ցանկացած աջակցություն՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, նյութատեխնիկական, բարոյահոգեբանական, աջակցություն է Կովկասի խաղաղությանը, ցանկացած հակառակ բան աջակցություն է կովկասյան առավել ընդգրկուն եւ ավերիչ պատերազմին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir