KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Խաղատնային տհաճ պատմություն Սերժ Սարգսյանի համար

Խաղատնային տհաճ պատմություն Սերժ Սարգսյանի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
410 0


Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը հարկադրված է եղել պատասխանել Սերժ Սարգսյանին խաղատնային ոսկե «ռուլետկա» նվիրած լինելու մասին հարցին: Զատուլինն ասել է, որ դա եղել է շախմատի Հայաստանի հավաքականի օլիմպիական չեմպիոն դառնալու կապակցությամբ, եւ իմանալով, որ Սարգսյանը ֆեդերացիայի նախագահն է եւ իր մեծ լուման ունի այդ հաղթանակում, ինքը «ռուլետկան» նվիրել է խորհրդով, որ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հանգստանա թե քաղաքականությունից, թե շախմատից:
Միեւնույն ժամանակ, Զատուլինն ակնարկել է, որ Սարգսյանի համար քաղաքականությունն ու շախմատը ըստ էության նույնն է: Նա ասել է, որ Սարգսյանը քաղաքականության մեջ վարպետ շախմատիստ է, եւ դա բոլորն են տեսել:
Ըստ երեւույթին, Զատուլինն ինքն էլ «ճանաչել» է Սարգսյանի «քաղաքական վարպետությունը», ինչի առիթով գուցե մեծ կասկածներ է ունեցել 2006 թվականին, երբ նվիրել էր «ռուլետկան»:
2006 թվականը այդ իմաստով առանձնահատուկ էր Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մի կողմից Սերժ Սարգսյանն էր պատրաստվում դառնալ նախագահ, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին էր պատրաստում նախագահի պաշտոնի համար, մինչ այդ փորձելով խորհրդարանի մեծամասնության համար պատրաստել Բարգավաճ Հայաստան նորաստեղծ եւ խիստ պոպուլյար դարձող կուսակցությանը:
Զատուլինը «ռուլետկա» նվիրելով Սարգսյանին, ըստ երեւույթին ակնարկել էր նրան, որ քաղաքականությունը, առավել եւս նախագահությունը նրա բանը չեն, եւ նա ի վիճակի չէ մրցակցել Ռոբերտ Քոչարյանի պլանների հետ, այդ թվում Մոսկվայի համար վստահելիության հարցում: Այլապես այժմ խիստ տարօրինակ է բացատրությունը, թե շախմատի հաղթանակի առիթով է նվիրվել «խաղատնային ռուլետկան»:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ Զատուլինը չունի բացատրություն: Հո չի ասի, որ այն ժամանակ մեղմ ասած թերագնահատել է ու սխալվել, ինչի համար ներկայում ափսոսում է: Համենայն դեպս, այդ ափսոսանքը բավական նկատելի էր նրա դեմքին, երբ մարտի 26-ին խորհրդարանում լսում էր 12-ամյա վաղեմության մասին հարցը, դրա պատասխանի ընթացքում «խոստովանելով» Սերժ Սարգսյանի քաղաքական «վարպետությունը»:
Դրանից առաջ, իր ներածական խոսքում, Զատուլինն ասաց, թե Հայաստանը ներկայում կարեւոր փոփոխության վճռական փուլում է, եւ ինքը հույս ունի, որ այդ փուլը կհաղթահարվի սահուն եւ բարեհաջող, ու այդ մասին առիթ է ունեցել ասել նաեւ Սերժ Սարգսյանին՝ նրա հետ հանդիպմանը:
Այդ առումով Զատուլինը արեց բավական բազմիմաստ մի արտահայտություն, հիշատակելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունն ու այդ առիթով Հայաստանում էլ քվեարկության կազմակերպումը, շնորհակալություն հայտնելով Հայաստանին ՌԴ համար կարեւոր այդ միջոցառմանը հարգանքով մոտենալու համար: ՌԴ Պետդումայի պատգամավորը հայտարարեց, թե իրենք էլ ակնկալում են Հայաստանում վճռորոշ փուլի բարեջահող անցում եւ սպասում են ապրիլին նոր կառավարության ձեւավորմանը:
ՌԴ Պետդումայի պատգամավորի արտահայտության տողատակում կարծես թե «փոխանակումն» էր՝ քանի որ Հայաստանը հարգանքով է վերաբերել ՌԴ իշխանության ձեւավորմանը, ապա ՌԴ իշխանությունն էլ հարգանքով է վերաբերում Հայաստանի իշխանության ձեւավորման Սարգսյանի պլաններին:
Այլ կերպ ասած, Զատուլինը դե ֆակտո արձանագրում է հայ-ռուսական «փոխանակման» հանգամանքը, անելով մեկ այլ ուշագրավ ակնարկ՝ ապրիլին Հայաստանի կառավարության փոփոխության համատեքստում: Զատուլինն ասել է, թե մայիսի 7-ին էլ Պուտինը պետք է ստանձնի պաշտոնն ու տասնօրյա ընթացքում պետք է ձեւավորվի նոր կառավարությունը: Զատուլինն ասել է, թե ՌԴ վարչապետ Մեդվեդեվն ապրիլին պետք է հաշվետվություն ներկայացնի Պետդումա:
Զատուլինի խոսքում կա ակնարկ, որ Մեդվեդեւը գնացող վարչապետ է: Այդ մասին տեսակետներ հնչում են իհարկե վաղուց, թեեւ միարժեք հնարավոր չէ ասել՝ արդյոք վճռված է Մեդվեդեւի հեռանալու հանգամանքը:
Միեւնույն ժամանակ, այստեղ Հայաստանի եւ ՌԴ իրավիճակներում կա բավական հետաքրքիր նմանություն: Բանն այն է, որ ներկայում թե մեկ, թե մյուս երկրի վարչապետները խոշոր հաշվով «գազպրոմական» կադրեր են, երկուսն էլ եղել են այդ կառույցի մենեջերական բարձրագույն օղակներում: Պետդումայի պատամավոր Զատուլինի հայտարարության տողատակում նշմարվում է երկու վարչապետներից ազատվելու որոշակիորեն վատ քողարկված ցանկություն կամ տրամադրվածություն:
Որքանո՞վ է դա հենց Կրեմլի տրամադրություն; Այդ տեսանկյունից այդուհանդերձ հարց է նաեւ, թե արդյոք Զատուլինը հենց Կրեմլի անունից էր եկել Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնելու, թե՞ բոլոր դեպքերում դա ընդամենը ռուսական իսթեբլիշմենտի ներհամակարգային մրցակցության մի դրվագ էր, որը տարածվում է նաեւ Հայաստանի վրա:
Ռուսաստանում էլ կա հարց, թե ի վերջո ինչպիսին է լինելու Պուտինի նոր շրջապատը, փոխվելու՞ է, թե պահպանվելու է հինը: Ռուսաստանի իսթեբլիշմենտի միջեւ էլ կա բավական թեժ պայքար, եւ «գազպրոմական» թեւը դրանցից մեկն է, որին ակնհայտորեն չի պատկանում Զատուլինը:
Այդ իմաստով նաեւ հետաքրքիր է Հայաստանում մի կողմից նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին, մյուս կողմից նրան «ռուլետկա» նվիրելու պատմության հիշեցումը Զատուլինին, որ դուրեկան չէր նրան, եւ նա փորձեց արդարանալ այդ «նվերի» համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir