KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լենա Նազարյան: Դավաճանությունը Արցախի հարցում 25 տարվա անգործությունն էր

Լենա Նազարյան: Դավաճանությունը Արցախի հարցում 25 տարվա անգործությունն էր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 10 dk okuma süresi
329 0

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ

-Տիկին Նազարյան, ձեր իշխանությանը համարում են դավաճան, մեղադրում հայրենիք ծախելու մեջ։ Ֆեյսբուքում նույնիսկ հարց էր հնչել՝ ինչպե՞ս եք ապաշխարելու։

-Նախ ցավակցում եմ նվիրական կռվում ընկած մեր զինվորների ու անմեղ զոհ դարձած խաղաղ բնակիչների հարազատներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։

Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Դրանից հնարավոր չէ խուսափել։ Ես ընդունում եմ սա, և հետևություններ կլինեն: Հենց այդ պատասխանատվությունն է մղել վարչապետին ստորագրել եռակողմ հայտարարությունը, որով կանգ են առել տվյալ պահին խիստ վտանգավոր ռազմական գործողությունները: Դրանով փրկվել է 20-30 հազար զինվորի կյանք, պահպանվել է Ստեփանակերտը՝ Արցախի առանցքը։ Միաժամանակ, չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև վերջին 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացվում է Արցախի խնդիրը։ Այս խնդրահարույց իրավիճակը, որին ստիպված ենք առերեսվել, ո՛չ 2.5, ո՛չ էլ անգամ 25 տարվա քաղաքականության հետևանք է միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժային հարաբերությունների տեղաշարժերի հետևանք։

Հնչում է մեղադրանք, թե մենք խաթարել ենք Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները, հրահրել ենք պատերազմ կամ չենք կանխել պատերազմը։ 2014 -2015թվականներից ԵԱՀԿ Մինսկի խմբում (նաև Ռուսաստանի համաձայնությամբ) արդեն իսկ ձևավորված էր կոնսենսունս 7 շրջանների վերադարձի վերաբերյալ՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման։ Այս մասին տեղյակ են եղել ժամանակի իշխանությունները և ընտրել են ստատուս-քվոն ձգելու մարտավարությունը։ Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, առաջին մեղադրանքը, որ հնչեց մեր հասցեին, «հողերի հանձնման» մասին էր։ Շատ անհասկանալի էր, թե ի՞նչ հիմք ունի այդ մեղադրանքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկ ոչ մի բառ այդ մասին երբևէ չի խոսել։ Հիմա եմ հասկանում այդ մեղադրանքի հեռատեսությունը. նրանք գիտեին՝ ինչ կետում են թողել բանակցությունները ու որքան են հասունացել վտանգները, որ պետք է պայթեն մեր գլխին: Բայց, իհարկե, չէին մոռանում նաև ասել, որ հող հանձնողը դավաճան է:

Մեզ մնում էր կա՛մ համաձայնել, կա՛մ պատրաստվել պատերազմի։ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց։ Վստահ եմ, որ ինքն էլ անձամբ չէր հավատում, որ դա մեր երկրի համար շահեկան կամ արդար տարբերակ է։ Վարչապետ ընտրվելուց հետո Ստեփանակերտ պաշտոնական այցի ասուլիսի ժամանակ նա խոսել է Արցախի անվտանգությունը մեծացնելու մասին։ Իսկ երբ սեպտեմբերի 27-ին խորհրդարանում շատ հստակ ասաց, որ այս պատերազմը հնարավոր է կանգնեցնել, եթե հանձնենք յոթ շրջաններն առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման, ոչ մի քաղաքական ուժ այդ սցենարին համաձայնություն չտվեց, չեղավ ոչ մի հանրային պահանջ։ Ես հետևել եմ նաև վերջին տարիների հանրային կարծիքի ուսումնասիրություններին. դրանց համաձայն Արցախի բնակչության ստվար մասը՝ 99 տոկոսը դեմ էր արտահայտվում նախկին 7 շրջանների միանգամից կամ փուլային զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց։

Ստացվում է, որ Հայաստանում և Արցախում մեծ հաշվով եղել է հողերի հանձնման խոսակցության ծայրահեղ մերժում, և ոչ մեկ առանց պայքարի պատրաստ չէր այդ պայմաններին։ Եվ մենք պայքարել ենք ու մեր ուժերի սահմաններում կատարել առավելագույնը,գուցե ավելին։ Ինչ վերաբերում է դավաճանության մասին մեղադրանքին, ապա դավաճանություն էր Արցախի հարցի հանդեպ այս 25 տարիների անգործությունը, հանրությունից իրողությունների կոծկումն ու նենգափոխումները: Ասելու շատ բան կա, բայց առայժմ այսքանը։

-ՀՀ վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների միջև հայտնի փաստաթուղթն ստորագրվեց առանց հանրությանը այդ մասին տեղյակ պահելու: Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը:

-Մենք ի սկզբանե չէինք ծրագրել պարտություն, որ նախապես հանրության հետ քննարկեինք այդ իրողության վերաբերող տեքստի բովանդակությունը։ Ստորագրված հայտարարությունը մեր պարտության հետևանքն է, ոչ թե մի վատ առաջարկ, որը հնարավոր է քննարկել ու մերժել։ Այսինքն, այո, կարելի՛ է ճղել այդ հայտարարությունը, բայց պետք է հասկանալ, որ պատերազմը կվերսկսվի։ Այդ հայտարարությունը հնարավոր է վերաբանակցել հօգուտ մեզ միայն ռազմական իրավիճակի փոփոխության պարագայում։ Ովքեր ասում են, որ այս հայտարարությունը հնարավոր է ամբողջությամբ վերաբանակցել միայն դիվանագիտության միջոցով, ստում են։

-Ազգային ժողովն անգործության է մատնվել կարծես, ընդդիմությունը չի կարողանում արտահերթ նիստեր կազմակերպել, քվորում չկա: Չե՞ք կարծում, որ ժողովրդավարական ինստիտուտ է հեղինակազրվում, երկխոսություն չի կայանում քաղաքական թիվ մեկ մարմնում։

-Եթե խորհրդարանում որևէ նիստ չի կայանում, դա ոչ թե անգործություն է կամ պատահականություն, այլ՝ քվորումի համար ձայներ ապահովող խմբակցության դիրքորշում:

-ԱԺ-ում վարչապետի հանդիպմանն էլ ընդդիմությունը չմասնակցեց: Արհամարհանք չե՞ք համարում այդ քայլը։

-Իրենց իրավունքն է մասնակցել-չմասնակցելը: Հանդիպման նպատակն էր էլ ավելի լայն բացել Արցախի հիմնահարցը: Ու այս խոսակցությունը շարունակվելու հանրության հետ՝ ընդդիմության մասնակցությամբ, կամ՝ առանց:

-Արտախորհրդարանական ընդդիմությունը, նրանց հետ նաև ԲՀԿ-ն, Ազատության հրապարակում պահանջում է վարչապետի հրաժարականը։ Վարչապետի ուղերձից պարզ դարձավ, որ նա նման մտադրություն չունի։ Ճիշտը հեռանալը չէր, երբ կա խոշոր պարտություն է և վարչապետի իսկ խոսքով՝ խայտառակ արդյունք։

-Այս իրավիճակը հանրային հուզումներ է արթնացրել։ Եթե անգամ այս իրավիճակից ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա մինչ այդ հարկավոր է ամեն գնով խուսափել երկրում անկայունությունից և փոփոխություններ իրականացնել բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միայն կայունության ու անվտանգության դեպքում է հնարավոր ապահովել ժողովրդի կամարտահայտության ու իշխանության անձեռնմխելիությունը։ Եթե երկրում տիրի քաոս, ապա քաղաքացին չի՛ կարող ընտրություն կատարել, կուսակցություները չեն կարող քարոզարշավ իրականացնել, կխաթարվի ընտրությունների տրամաբանությունը: Անկայունության պայմաններում արտահերթ ընտրությունների խնդիր դնողները ժողովրդի իշխանությունը զավթելու նպատակ ունեն, իսկ դա չպետք է թույլ տալ։ Հույսս այն է, որ թեկուզ մեզ մեղադրող, բայց խելամիտ մարդիկ գիտակցում են սա։

-Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի արված 7 առաջարկ: Համաձայն դրանցից մկի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացներ, և իշխանությունն իր ներսից ընտրեր այլ թեկնածուի, պատերազմը կդադարեր, բանակցությունները կվերսկսվեին։ Վարչապետը մերժել է։ Դուք, հավանաբար, ծանոթ եք մյուս վեց փաստերին. դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են։

-Ծայրից ծայր անհեթեթություն է։

-Այս պահի դրությամբ «Իմ քայլից» դուրս գալու կամ մանդատը վայր դնելու մասին է հայտարարել երեք պատգամավոր։ Ինչպե՞ս եք գնահատւմ այս քայլը:

-Ափսոսում եմ որ նրանք չըմբռնեցին պետության համար այս պահին կայունություն ապահովելու հրամայականը։

-ԲՀԿ պատգամավորները հայտարարում են, որ իշխանությունը հրահանգել է կալանավորել իրենց, և ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը, կարծես, հաստատել էր, որ վարչապետը նման հրահանգներ է տալիս։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

-Երբ ջարդարարների ավազակախումբը մտավ կառավարության շենք, անվտանգության աշխատակիցների վկայությամբ և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկություններով, նրանց թվում էին նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսաներ Դավիթ Մանուկյանը և Կարապետ Գուլոյանը։ Ի՞նչ կարիք կա ինչ-որ բան հրահանգելու, եթե նրանք հանցագործության վայրում են բռնվում։ Այդ օրը հարձակում եղավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ՝ ԱԺ-ի տարածքից դուրս գալիս: Դա մահափորձ էր պետական բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ և հարված պետության ինստիտուտներին այս աղետալի ու ճգնաժամային պայմաններում։ Նման վարքը ոչ մի աղերս չունի քաղաքակրթության, բողոքի կամ վշտի արտահայտման հետ: Բոլորի դեմքերը տեսախցիկներով արձանագրված են: Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

-Ի դեպ, եթե դատախազը ԲՀԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտնի խորհրդարան, ի՞նչ կանի ձեր խմբակցությունը:

-Անելու է այն, ինչ իրավական պետության ԱԺ-ի հանդեպ պահանջն է։ Ասեմ ավելին․ կոնկրետ նշածս պատգամավորի դեպքում դատախազը պետք է շատ հրատապ գործի։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir