KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ անպիտան․ Փաշինյանի այս հայտարարությունն այսօր ամենաքննարկվողներից է

«Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ անպիտան․ Փաշինյանի այս հայտարարությունն այսօր ամենաքննարկվողներից է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
330 0

«Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ անպիտան․ վարչապետի երեկվա հայտարարություններից հետո այսօր հարցն ամենաքննարկվողներից է։ 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ակնարկ արեց՝ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։ Մինչդեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է՝ «Իսկանդեր»-ի հետ խնդիր չէր կարող առաջանալ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

«Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ։ Իսկ Շուշիում ու Շուշիի համար մարտերը պատերազմի վերջին օրերին էին ընթանում։

Փաշինյանը որոշել էր նույն ոճը պահպանել, եթե Սարգսյանը նրան «կապիտուլյանտ» էր ասել՝ չտալով անունը, Փաշինյանն էլ Սարգսյանին «մերժված» անվանեց։ «Մերժվածը պետք է որ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե այդպե՞ս էլ է լինում, վարչապետը պատասխանեց․ – «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Առաջին անգամ «Իսկանդեր M» հարձակողական նշանակության հրթիռային համալիրը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ՝ 2016-ին՝ աննախադեպ հնարավորությունների թվարկմամբ։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ «Իսկանդեր»-ն իր օրոք է գնվել՝ 2015-ի վերջին։

«Ես չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Ի՞նչ է նշանակում, որ հրթիռները 10 տոկոսով են կիրառվել, թե 10 տոկոսով են պայթել, ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ։ Այդ հարցերը պետք է իրեն տալ, բայց կարծում եմ, որ ինքը չի այն մասնագետը, ինքը շատ հեռու մարդ է, որ դրանց մասին եզրակացություններ անի», – «Ազատությանն» ասաց Օհանյանը։

Պնդեց՝ Հայաստանի զինված ուժերի մասնագետները Ռուսաստան են մեկնել, տեղում ընդունել-փորձարկել են համակարգն ու դրա մարտունակությունը, նաև հրթիռների վիճակը, որից հետո էլ միայն համակարգը տեղափոխվել, Հայաստանի զինված ուժերն էլ տեխնիկապես կարող են սպասարկել «Իսկանդեր»-ն ու հրթիռները. «Իկսնադեր»-ի այդ համակարգը այս տարիների ընթացքում մարզումների, նաև տարբեր զորավարժությունների ընթացքում փորձարկվել է, նրանց մարտունակությունը, ես կարծում եմ` եթե որևիցե մի խնդիր լիներ այդ ժամանակահատվածում, դրա մասին կբարձրաձայնեին: Ես գտնում եմ, իմ տեսանկյունից, որ չէր կարող խնդիրներ առաջանալ»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը ձեռնպահ մնաց պատասխանել հարցին՝ արդյոք «Իսկանդեր»-ը կարող էր տեխնիկական խնդիրներ ունենալ ու պայթել մասամբ՝ խորհուրդ տալով հարցը ուղղել Գլխավոր շտաբի մասնագետներին. «Տեխնիկական խնդիրներ եթե լինեին, բնականաբար չէր ընդունվի: Մասնագիտական հարցերով պետք է դիմեք մասնագետներին»:

Փաշինյանի թիմակից, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ վարչապետի հնչեցրած տեսակետը ուսումնասիրության կարիք ունի։ Քոչարյանն, ի դեպ, սուտ է որակել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ՝ գնահատելով այն Հայաստանի դեմ արված։

«Մենք կարող է ձեռք բերած լինենք այնպիսի սպառազինություն, որ կրակողը վստահ էր, որ այդ կոորդինատները տալուց հետո նա ճիշտ նշանակետին պետք է հասնի, բայց պատկերացնո՞ւմ եք, որ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ վերանայենք։ Բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, մենք պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք», – ասաց Քոչարյանը։

Ըստ էության, ռուսական անպիտան զենքի մասին հայտարարություն է հնչել, արդյոք հայ-ռուսական սկանդալ է հասունանո՞ւմ Փաշինյանի հայտարարություններից հետո. «Մինչև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր հայտարարություններ արել է Հայաստանի Հանրապետությունը տասը տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում շատ բարձր պաշտոն զբաղեցրած Մովսես Հակոբյանը, իսկ նրանք գաղտնիություն կրող մարդիկ են դեռ տևական ժամանակ», – պատասխանեց Քոչարյանը։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող վարչապետի հայտարարության տեսագրությունն ուսումնասիրում են, ինչպես և այդ թեմայով արված այսօրվա հայտարարությունները։ Պաշտպանության նախարարության հետ ողջ օրը չհաջողվեց կապ հաստատել, մինչև այս պահը Փաշինյանի հայտարարությանը ռազմական գերատեսչությունից չեն արձագանքել։

Իսկ պարզաբանման կարիք կա, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ասում է՝ վարչապետը պատասխանատու հայտարարություն է արել, որին բուռն են արձագանքում ռուսական փորձագիտական շրջանակները. «Հիմա տեսնենք` Երևանից արդյոք կլինեն պարզաբանումներ, որ դա կապ չուներ Ռուսաստանի հետ, որ խնդիրներն առաջացել են Հայաստանում հրթիռների պահման հետևանքով և այլն, թե այդուհանդերձ իսկապես խնդիրներ կան հենց Ռուսաստանից մատակարարված հրթիռների առումով, և պարզապես Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյանն այս հեռակա, անուղղակի բանավեճով ուղղակի բարձրաձայնվեց այս հարցը որոշակիորեն` թեկուզ գնալով այս ռիսկին, այսինքն` այս աղմուկին»:

Քաղաքական մեկնաբանը պատահական չի համարում նաև գերիների մասին Փաշինյանի կոնկրետացումը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ է, ուստի դրանով ձևակերպված պարտավորությունները կիսում են բոլորը. «Սս փաստի արձանագրում է առնվազն, ինչո՞ւ է տեղի ունենում հիմա, այստեղ կարող ենք միայն տարբեր ենթադրություններ անել, ընդհուպ նաև գուցե այն, որ խնդիր կարող է լինել նաև ներքաղաքական կյանքում հայաստանյան արմատական ընդդիմության աշխուժացման և այս իրավիճակի թեժացման հետ` հաշվի առնելով, որ այդ ընդդիմության առնվազն մի ստվար հատվածը սերտ կապի մեջ է ռուսական տնտեսաքաղաքական տարբեր վերնախավային շրջանակների հետ, և գուցե պաշտոնական Երևանն այս համատեքստում հարցեր բարձրացնում է Ռուսաստանի առաջ` ներքաղաքական դաշտում թիկունքային գործողություններ կանխելու նկատառումով»:

Պատերազմի ավարտից 3 ամիս է անցել, մինչև այս պահը 69 գերի է վերադարձվել, ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց հստակ թիվ չկա։ Իր երեկվա հարցազրույցում Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չհնչեցրեց՝ երբ կհայրենադարձվեն գերիները։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir