KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ինչ է արվում մեր հնագիտական արժեքները Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունից հնարավորինս փրկելու համար

Ինչ է արվում մեր հնագիտական արժեքները Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունից հնարավորինս փրկելու համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
505 0

Այս տարի ևս շարունակվում է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի իրագործումը, որն ունի դեռ 2010 թվականից իրագործվող հնագիտական բաղադրիչ: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի հնագիտական բաղադրիչը ստեղծող մասնագետ Բորիս Գասպարյանի հետ:

– Մեծ շինարարական աշխատանքների ժամանակ հնագիտական բաղադրիչ ներառվո՞ւմ է, թե ոչ, օրենսդրությունն այս կապակցությամբ ի՞նչ պահանջներ ունի:

– Հայաստանը լինելով հին աշխարհի մի հատվածը բավական հարուստ է հնագիտական, պատմաճարտարապետական, մշակութային ժառանգությունը ներկայացնող միավորների քանակով: Այստեղ բավական խիտ բնակեցված տարածք է եղել: Հատկապես կախված նրանից, թե որ տարածքով է անցնելու կառուցվելիք ճանապարհը, որտեղ է կառուցվելու ինչ-որ բան, այդ համատեքստը հաշվի առնելը շատ կարևոր է: Օրինակ, հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ հյուսիս-հարավ ճանապարհային նախագիծն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում:

Վերադառնալով բուն հարցին, ասեմ, որ մեր երկրի օրենսդրությունն այս առումով բավականին լավն է, ուղղված այդ ժառանգությունը պահպանելուն և չավերելուն, երբ խոսքը շինարարական աշխատանքների, մեծածավալ ծրագրերի իրականացման մասին է: Թե ինչպե՞ս են օրենսդրության պահանջները կատարվում, ինչ աստիճանով, այլ խնդիր է, բայց օրենսդրության պահանջը բավական հստակ է՝ եթե հանկարծ շինարարական աշխատանքների ժամանակ բացահայտվեցին հնագիտական արժեքներ և այլն, ապա շինարարությունը դադարեցվում է, մինչև դա չուսումնասիրվի, որոշում չկայացվի, թե ինչպես տնօրինել հայտնաբերվածի հետագա ճակատագիրը:

Քանի որ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի պարագայում Ասիական զարգացման բանկի բնապահպանական, մշակութային արժեքների պահպանության քաղաքականությունը համահունչ է մեր օրենսդրությանը, ապա այստեղ խնդրին ավելի լուրջ են նայում: Այսինքն՝ համապատասխան ուսումնասիրությունները կատարվում են մինչև շինարարական աշխատանքները սկսելը, նախագծման փուլում, երբ ճարտարագետները տալիս են ծրագիծը, այսինքն՝ այն պոտենցիալ տարածքը, մոտավորապես որով պետք է անցնի ճանապարհը: Այնուհետև, մինչև իրական նախագծի ստացումը, կատարվում են մի քանի փուլ նախնական աշխատանքներ, որից հետո մշակվում է փաթեթն այն միջոցառումների, որոնք պետք է իրականացվեն մինչև շինարարական աշխատանքների սկիզբը:

– Մասնավորապես ի՞նչ նկատի ունեք «նախնական աշխատանքներ» ասելով:

– Դիտարկելով է այն պոտենցիալ տարածքը, մոտավորապես որով, ինչպես արդեն գիտենք, անցնելու է ծրագիծը, կատարում ենք, այսպես կոչված, կաբինետային գիտական ուսումնասիրություն: Քարտեզագրում, քարտեզի վրա ենք դնում այն բոլոր հուշարձանները, որոնք կան, հայտնի են հուշարձանների պետական ցուցակներից, ինչպես նաև այն բոլոր հուշարձանները, որոնք ուսումնասիրվել են մեր կոլեգաների կամ մեր կողմից տարիների ընթացքում, բայց դեռ չեն հասցրել մտնել ցուցակներ կամ դեռ չեն հրատարակվել: Մուտքագրում ենք այդ տվյալները քարտեզի վրա և հանձնվում շինարարին, որպեսզի նա վաղօրոք իմանա, թե ինչ տարածքի հետ գործ ունի:

Երկրորդ փուլում, երբ արդեն կա նախագիծը, կա հստակ ծրագիծը՝ ինչպես է անցնում ճանապարհը, արվում է արդեն դաշտային հետազոտություն, այսինքն՝ հնագետներս դուրս ենք գալիս դաշտ, մեզ տալիս են ծրագիծը, մենք ծրագծի երկայնքով ուսումնասիրում ենք այն ամենը, ինչն ունի հնագիտական, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեք, սկսում ենք դրանք քարտեզագրել: Հետո, երբ վերլուծում ենք հավաքված տվյալները, նախ տեսնում ենք, թե քանի հուշարձան ունենք ծրագծի երկայնքով՝ բուն ճանապարհի և դրա աջ ու ձախ կողմերի (ամեն կողմից՝ 100 մետր լայնությամբ): Դրանից հետո այդ հուշարձանները բաժանում ենք երկու խմբի՝ ուղղակի ազդվող հուշարձանների, որոնց, ինչպես տեսնում ենք, կառուցվելիք ճանապարհը վնասելու է, և անուղղակի ազդվող հուշարձանների, այսինքն՝ այն հուշարձանների, որոնք շատ մոտ են գտնվելու շինարարական աշխատանքների գոտուն: Այդ պատճառով հետագայում շինարարը հատուկ զգուշացվում է, որ այդտեղ որևէ հողառ, հող թափել, աղբ թափել, տեխնիկա բերել կանգնեցնել, պայթեցման աշխատանքներ չի կարելի, քանի որ դրանք կարող են վնասել հուշարձանը: Ամբողջը մանրամասն հաշվի է առնվում:

Հաջորդ փուլում, երբ պետք է սկսվի ճանապարհի կառուցումը և հայտնի են շինարարը և այլն, շինարարի հետ, հենվելով արդեն կատարված ուսումնասիրությունների վրա, մշակվում է հնագիտական աշխատանքների պլան, անցնում ենք վերջին ուսումնասիրությունների փուլին: Ֆիզիկապես նշահարվում է ճանապարհը, և սկսում ենք հասկանալ, թե ճանապարհն իրականում քանի քառակուսի մետր մակերես է փչացնելու հուշարձանից, ուղղակիորեն ազդելու նրա վրա, ապա սկսում ենք գտնել այն լուծումները, որոնք ուղղված են հուշարձանի պատմամշակութային արժեքը փրկելուն: Դրանք կարող են լինել հնագիտական պեղումներ, հուշարձանի պեղում և տեղափոխում, որովհետև շատ հաճախ չենք կարող տեսնել, թե հողի տակ ինչ կա, պեղում, նոր ենք մշակում այն պահպանական միջոցառումները, որոնք պետք է հուշարձանը կամ նրա արժեքը փրկեն և մեղմացնեն ճանապարհաշինության ազդեցությունը պատմամշակութային միջավայրի վրա:

Բնականաբար, երբեմն կամ հաճախ ուղղակի փոխում ենք ծրագիծը, և ճանապարհն այլ տեղով է անցկացվում, շրջանցում է հուշարձանը, հնավայրը: Քանի որ պեղման աշխատանքները բավական աշխատատար են, երբ տեսնում ենք, որ դրանց իրականացումը մինչ տվյալ տարածքում ճանապարհաշինական աշխատանքների սկսումը հնարավոր չէ, ապա, նախագծողի հետ համաձայնեցված (դա էլ բավական բարդ գործընթաց է), ծրագիծ, լիցքի կոնֆիգուրացիա ենք փոխում, որպեսզի հուշարձանը չվնասվի: Այսինքն՝ դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ: Ի դեպ, այս մշակույթը չկար, այս մշակույթը ձևավորվել է շնորհիվ հենց Ասիական զարգացման բանկի կողմից այստեղ իրականացված ծրագրի, բանկը շատ է աջակցել այդ մշակույթն այստեղ ներդնելու գործում: Հայաստանում արվածը աշխարհում նրանց ճանապարհաշինական ամենալավ ծրագրերից մեկն է, որովհետև նրանք հետո վերցրեց մեր փորձը, խնդրեցին, ես ուղեցույցի պես մի բան գրեցի՝ մեթոդական ձեռնարկ, որն անվանեցինք «Ճանապարհային հնագիտություն», և որը նրանք տարան՝ այն երկրներում այդ փորձն օգտագործելու համար, որտեղ իրենք դարձյալ ճանապարհ են կառուցում:

– Ձեր նշած բոլոր փուլերն անցե՞լ եք:

– Դեռ ոչ: Աշտարակ- Թալին հատվածում հնագիտական ծրագրի հիմնական՝ պեղման աշխատանքները, որոնք, եթե չեմ սխալվում, սկսել էինք 2013-ից, արդեն կարելի է ավարտված համարել, հիմա ուղղակի ունենք ծրագծային փոփոխությունների և այլնի տարբերակներ: Մեկնարկել են Թալին-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքները, հիմա 3-րդ փուլի աշխատանքներն ենք իրականացնում, փորձում մեր շինարարների հետ հասկանալ, թե ինչ աստիճանի կվնասվեն այդ հուշարձանները, և գտնել այն լուծումները, որոնք դա թույլ չեն տա: Աշխատում ենք նաև Գյումրի-Բավրա և Սիսիան-Քաջարան հատվածների վրա, որպեսզի նախնական ուսումնասիրություններով տեսնենք ճանապարհաշինության ազդեցությունը տվյալ միջավայրի վրա: Այդ գործընթացը բավական երկարատև կլինի:

– Որքա՞ն է կազմում Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագրի հնագիտական բաղադրիչի արժեքը:

– Դա դեռևս հաշվարկված չէ վերջնական, դժվարանում եմ ասել, բայց բավական մեծ գումարներ է պետությունը ծախսում այդ արժեքները փրկելու համար: Չմոռանանք, որ դրանք վարկային միջոցներ են և նորից ավելացնում են մեր ժողովրդի վարկային բեռը, բայց, այնուհանդերձ, հնագիտական բաղադրիչը կարևորվեց: Շինարարական աշխատանքներն իրականացնողի համար ցանկացած հնագիտական խնդիր հաճելի չէ, որովհետև այդ խնդրի լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, դանդաղեցնում շինարարական ծրագրի իրագործումը, բայց, ի պատիվ ճանապարհաշինական ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և աշխատակիցների, որոնց հետ աշխատել և աշխատում ենք, բոլորը շատ լավ հասկանում են հնագիտական հուշարձանների արժեքը: Մեր հնագիտական խնդիրները միշտ գտնվում են և՛ բանկի ներկայացուցիչների, և՛ նշածս ՊՈԱԿ-ի, և՛ շինարարի ուշադրության կենտրոնում, մենք էլ ակտիվորեն, անընդհատ հետևում ենք: Ինստիտուտի աշխատակիցներից, կախված այս կամ այն հուշարձանի պեղման ծավալներից, այդ աշխատանքներում ընդգրկվում են 5-10 հոգի:

– Ձեր այս հոգածության շնորհիվ հնագիտական հուշարձաններն ընդհանրապես չե՞ն վնասվում:

– Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, այսինքն՝ մեր դեպքում ճանապարհաշինական, շինարարական աշխատանքները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում հնագիտական հուշարձանների վրա: Դրանից խուսափելու համար պետք է ոչ ճանապարհ կառուցել, ոչ, օրինակ, ջրամբար: Որքան էլ լավ ուսումնասիրենք, շինարարական այդ աշխատանքները, միևնույն է, վնաս տալիս են, դրանք չեն կարող ազդեցություն չունենալ պատմամշակութային ժառանգության վրա: Դրա համար մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները կոչվում են ոչ թե հուշարձանները փրկելու, այլ դրանց նկատմամբ բացասական ազդեցությունը մեղմելու: Սակայն, մյուս կողմից, շինարարական ծրագրերի իրականացումը հանգեցնում է հետաքրքիր բացահայտումների:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի
http://hetq.am/arm/news/75222/inch-e-arvum-mer-hnagitakan-arzheqnery-hyusis-harav-tchanaparhi-shinararutyunic-hnaravorins-prkelu-hamar.html

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir