KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստորագրվեց. Փաշինյանը պատասխանել է հարցերին

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստորագրվեց. Փաշինյանը պատասխանել է հարցերին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
365 0

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմել է ժողովրդին եւ մանրամասներ ներկայացրել պատերազմական գործողությունների ու ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ:
Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ ուղերձից:

Ի՞նչ պայմաններում է ստորագրվել հայտարարությունը

Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր: Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հանրային հուսահատություն եւ բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձանից։ Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթը ստորագրվեց այն պայմաններում, երբ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը։

Եթե կորցնեինք Ստեփանակերտը, անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը։ Չկային մարտունակ ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը, իսկ դրանից հետո մեր ավելի քան 20 հազար զինծառայողներ կհայտնվեին շրջափակման մեջ՝ հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ։ Անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։

Մենք՝ Արցախի նախագահն առաջին հերթին, ԶՈւ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները եւ գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրն ատամներով պահելու համար։ Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար։ Բայց, ցավոք, բավարար չափով չկարողացանք կանգնել բանակի կողքին: Ստորագրված փաստաթղթի բովանդակությունը վատն է մեզ համար, սակայն այն ավելի վատը դարձնելու կարիք չկա։

Ինչո՞ւ զինադադար չեղավ առաջին օրերին

Զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Երկու պատճառ կա, նախ՝ պետք էր առանց մարտի հանձնեինք 7 շրջան՝ ներառյալ Շուշին: Եվ հետո ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավվմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։

Ովքե՞ր եւ ի՞նչ են զոհաբերում

Երբ ստեղծվում է իրավիճակ, որ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը, եւ այն ստորագրելուց հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով: Բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ, նաեւ ձեզ համար: Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը: Ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, եւ եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգել սեփական կյանքը թե ֆիզիկական, թե քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը, հանուն հայրենիքի ոչինչ չխնայած զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ այս գիտակցությամբ:

Ինչո՞ւ հրաժարական չտվեց

Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետեւ դա կնշանակեր դասալքություն։ Մինչ փաստաթուղթը ստորագրելը չխորհրդակցեցի ժողովրդի հետ, որովհետեւ ժողովրդի հետ խոսելու համար պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, ինչը կնշանակեր մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին։

Ի՞նչ է նախատեսվում հայտարարությամբ

Լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը անհեթեթություն է։ Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից մինչեւ Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի հետ, ինչն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, ապա ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչեւ Ստեփանակերտ, անխափան գործելու է՝ նաեւ Շուշիի հատվածում։

Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի։ Խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր։ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար:

Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում

Ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը ռազմական գործողությունների դադար։ Ղարաբաղի հարցն ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, անելիքները դեռ առջեւում են։

Արցախի կարգավիճակի հարցով անելիքները չեն փոխվում: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն: Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:

Ի՞նչ անելիքներ կան Հայաստանում

Առաջնային խնդիրը երկրում կայունության ու անվտանգության մթնոլորտի վերականգնումն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Կոչ եմ անում չտրվել սադրանքներին:

Ինչպիսի՞ն պետք է լինի ապագան

Մեր երկիրն ունի ապագա, եւ ամեն ինչ պետք է անենք, որ այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, պետք է դասեր քաղենք ազգովի մեր գործած սխալներից: Մեզ մի հարց պետք է տան զոհված զինծառայողների հարազատները, թե հանուն ինչի՞ զոհվեցին իրենց հարազատները, այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Մենք պարտավոր ենք, մեր հայրենիքն ապրեցնելով ու զարգացնելով, տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին: Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir