KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Եվրոպամետ քաղաքական դեմքերի ու կազմակերպությունների վրա հարձակվելու ստույգ պատվեր կա. Ստյոպա Սաֆարյան

Եվրոպամետ քաղաքական դեմքերի ու կազմակերպությունների վրա հարձակվելու ստույգ պատվեր կա. Ստյոպա Սաֆարյան

Hasan Oktay Hasan Oktay - - 5 dk okuma süresi
535 0

Կա ստույգ պատվեր՝ եվրոպամետ քաղաքական դեմքերի, կազմակերպությունների վրա հարձակվելու. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե որտեղից է գալիս նման հրահանգը: Հատկապես դա տրվել է այն բանից հետո, երբ պաշտոնապես Հայաստանի ղեկավարությունից մինչև հասարակական կազմակերպություններ մեղադրվեցին հակառուսական տրամադրություններ խթանելու մեջ: Այս կտրվածքով՝ տարբեր խմբավորումներ, որոնք հստակ ընդգծված եվրասիական, պրո-ռուսական գծին են սպասարկում, այսօր իրենց թիրախի տակ են վերցրել արևմտամետ մի կազմակերպության մի գործչի և փորձում են զրպարտություններով , սև PR-ով, հերյուրանքներով հասարակական ճնշում գործադրել նրանց նկատմամբ»,- ասաց նա:

Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և նշել, որ Հայաստանում պրոռուսական կազմակերպությունների անդամները հարձակումներ են սկսել արևմտամետ գործիչների նկատմամբ: «Մի խոսքով՝ առաջադրանքը տրված է՝ ընդդեմ Արևմուտքի հետ համագործակցողների ու հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրողների…»,- գրել էր նա:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ նպատակը հստակ էր․ միջազգային հեղինակավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցող կամ գործընկերություն անող հայաստանյան կազմակերպություններին վախեցնելը։ «Հիշեցնեմ, որ տարիներ առաջ Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գործող արևմտամետ գործիչներին ճնշելու հերթական քայլ էր նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մուտք գործելն արգելելը:

Նա պատմեց, որ իրենց կազմակերպության՝ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նկատմամբ քայլեր սկսել են ձեռնարկել դեռևս ամիսներ առաջ՝ անգլալեզու մամուլում իրենց մասին «հերյուրալի» նյութեր հրապարակելով: «Միգուցե ռուսներն են անգլալեզու կայքեր բացել: Այդտեղ ներկայացրել էին կազմակերպության գործընկերներին, դեմքերին, տրվել էին անուններ և այլն: Տեսան, որ դա արդյունք չի տալիս․ մեր կազմակերպության գործունեությունը ոչ միայն չի նվազում, այլ ճիշտ հակառակը՝ ընդլայնվում է: Նոր անուններ են հրապարակ բերվում: Չափազանց անհանգստացած սրանից՝ հարձակման հրավեր են տվել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ ինքը պրոռուսական ուժերի գործողությունները բանավեճ, քաղաքական պայքար չի անվանի: «Ռուսական կողմը ապրիլյան պատերազմից հետո մտածում էր, որ երկրի ղեկավարությունը, որ քննադատություն էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին, միայնակ կմնա, հասարակությունը նույն դաշտում չի լինի: Կարծում եմ՝ նրանք մի փոքր խառնվեցին իրար, երբ տեսան, որ հասարակության շուրթերին էլ նույն քննադատություններն էին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում ընկել է, որովհետև իրենք էին պատերազմի մեղավորները:

Ըստ քաղաքագետի՝ հաշվի առնելով, որ շուտով հայաստանյան քաղաքական դաշտում փոփոխություններ պետք է լինեն, նոր խորհրդարան պետք է ձևավորվի, Ռուսաստանում հասկանում են, որ արևմտամետ հասարակական, քաղաքական գործիչներն ավելի մեծ էլեկտորատ կունենան ընտրություններում, քան ռուսամետները՝ «հատկապես Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրների դաշտում իրենց հռետորաբանության մեջ»:

«Անհանգստացած դրանից՝ ստեղծել են կեղծ պրո-արևմտյան խմբակներ և ուժեր, որոնք թվում է, թե պետք է գործեն արևմտյան կամ եվրոպական կողմնորոշման էլեկտորատի համար, բայց իրենց խնդիրն է ընդամենը արևմտամետներին իրենց ուշադրության կենտրոնում պահելը: Փորձում են նրանց վրա ցեխ շպրտել, զրպարտությամբ, հերյուրանքներով թուլացնել այդ գործիչներին, բայց ես կարծում եմ, որ դա անհեռանկար գործելաոճ է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ իրենց կազմակերպության ֆինանսական հաշվետվության հետ կապված ոստիկանությունը ևս խնդիր էր տեսել. ըստ նրա՝ շուտով ամեն ինչ կպարզվի:

Ամփոփելով իր խոսքը՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրենք պրո-ռուսական ուժերի կողմից հիմա հարձակման եմ սպասում․«Իրենք իսկապես մտածում են, որ մենք կարող ենք վերստին վերադառնալ քաղաքականություն և
դառնալ լուրջ մրցակից, երբ հատկապես հանրությունը մեր թևի հետ է համաձայն, դրա հետ կապված մեծ մտահոգություն ունեն»:
hripsimehovannisyan
Հռիփսիմե Հովհաննիսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir