KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գազի գնի հնարավոր թանկացումը մեսիջ է Մոսկվայի կողմից. Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի

Գազի գնի հնարավոր թանկացումը մեսիջ է Մոսկվայի կողմից. Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
312 0

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը՝ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: «Չի բացառվում, որ ընկերությունը դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան հայտով»,- տեղեկացրել են ընկերությունից:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ-ի դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,- նշել էր Գարեգին Բաղրամյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նախկինում մեզ հետ զրույցում այս սցենարը միանգամայն հավանական էր համարել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությանը՝ Բադալյանն ասաց. «Գազի գինը բարձրացել էր Հայաստանի սահմանին, իսկ ներսում չէր բարձրացել, որովհետև «Գազպրոմ Արմենիան» իր հաշվին իրականացնում էր այդ փոխհատուցումը, ու դա երկար տևել չէր կարող»։

Ըստ Բադալյանի՝ հարցն անշուշտ կունենա նաև քաղաքական բաղադրիչ: «Երբ իշխանությունները նոր էին եկել, հիշում եք, նշում էին, որ գազի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև անելու են ամեն ինչ, որ իջնի։ Կարող ենք ասել, որ նրանք դա անել չկարողացան։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները չեն կարող ազդել Ռուսաստանի գազային քաղաքականության վրա։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե մենք շքեղ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Գազի գնի թանկացումն այնուամենայնիվ մեսիջ է, որ ամեն ինչ այդքան էլ փայլուն չէ։ Հայաստանի շուկան այն շուկան չէ, որ խիստ անհրաժեշտություն լիներ գինը բարձրացնել։ Իհարկե, էներգետիկայի մասնագետները կարող են ասել, որ ամեն դեպքում կբարձրանար, կային տնտեսական խնդիրներ, բայց սա ունի քաղաքական բաղադրիչ։ Այնուամենայնիվ ստացվում է, որ ՀՀ իշխանությունների՝ գազի գինը չբարձրացնելու խոստումն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց, որ իշխանությունները կներկայացնեն հարցի շուրջ իրենց հիմնավորումները, և հիմնական խնդիրն այն է, թե ինչպես այս հարցը կշահարկեն ընդդիմադիր ուժերը: «Նայած թե դա ինչպես կներկայացնեն իշխանությանն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Եթե գրագետ ներկայացնեն՝ իշխանության վարկանիշի վրա որոշակի ազդեցություն կունենա, կախված է ներկայացման ձևից»,- եզրափակեց Բադալյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ասաց. «Քանի որ առայժմ մենք ընդամենը լսում ենք հայտարարություն, ըստ որի՝ չի բացառվում, որ լինի թանկացում, և այլ մանրամասների չենք տիրապետում, գնահատականներ հնչեցնելը վաղաժամ եմ համարում։ Կապրենք՝ կտեսնենք, թե ինչի հետ մենք գործ ունենք»։

Մեհրաբյանը միևնույն ժամանակ նշեց. «Եթե Ռուսաստանը պետք է Հայաստանի համար թանկացնի գազի գինը, ապա հասկանանք, որ այն գնագոյացնող ապրանքատեսակ է։ Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանն ինքն իրեն դնում է ակնհայտորեն ավելի ձեռնտու պայմաններում և դիսկրիմինացիայի է ենթարկում Հայաստանին։ Ուստի դրանից ելնելով էլ Հայաստանն իր քայլերը պետք է անի»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այսինքն՝ ռուսական աղբը բերենք այստեղ ու առանց սահմանափակման վաճառենք, իսկ սեփական արտադրողների ապրանքը բարձր գազի գնի պատճառով դառնա անմրցունա՞կ։ Սա հենց դա է նշանակում, ու մենք պետք է հարաբերությունները ճշտենք։ Այո, գազը պետք է գին ունենա, մենք պետք է համեմատության կարգով նայենք ու դրանից բխող պայմանները վերանայենք»։

Միևնույն ժամանակ քաղաքագետն ընդգծեց՝ զարգացումները դեռ առջևում են. «Գոնե այս պահին լսել ենք, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» նման առաջարկությամբ դիմի։ Առայժմ վաղաժամ է որևէ եզրակացություն անել։ Բայց սա ազդանշան է՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած ուղղությամբ զարգացումների, պլանավորի իր քայլերն ըստ հերթականության ու անի քայլեր, որոնք բխելու են Հայաստանի Հանրապետության, տնտեսվարողների, քաղաքացիների շահերից»:

Մարիամ Գրիգորյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir