KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Առաջնագծին զուգահեռ ճակատում. վիրաբույժ Վիկտորյայի ապրած պատերազմը

Առաջնագծին զուգահեռ ճակատում. վիրաբույժ Վիկտորյայի ապրած պատերազմը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 19 dk okuma süresi
382 0

Մինչ զինվորներն անձնվիրաբար կռվում էին մարտի դաշտում՝ ցավին ու մահին քմծիծաղ տալով, զուգահեռ ճակատում բժիշկներն էին, որ իրենք իրենց մոռացած պայքարում էին յուրաքանչյուր կյանքի համար:

Պատերազմի առաջին իսկ օրերից բազմաթիվ էին Արցախ մեկնած բժիշկները: Մեդիամաքսը զրուցել է նրանցից մեկի՝ վիրաբույժ Վիկտորյա Զախարյանի հետ, որ պատմել է Ստեփանակերտի ռմբակոծվող հոսպիտալում արվող վիրահատությունների ու բուժանձնակազմի անձնազոհ աշխատանքի մասին:

Եթե էլի պատերազմ լինի, ես գնալու եմ

Ինձ համար ամեն ինչ սկսվեց դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից՝ Մուրացանի զինվորական հոսպիտալում կլինիկական օրդինատուրայի ընթացքում: Այդ օրերին բուժանձնակազմի հետ շաբաթներ շարունակ հիվանդանոցում էինք գիշերում, աշխատանքը շատ էր եւ հոգեբանորեն բարդ. ծանր վիրավորումներով զինվորներ կային, որոնց կյանքի համար օր ու գիշեր պայքար էր գնում: Ինչ-որ իմաստով այդ օրերին մասնագիտական տեսանկյունից «մկրտություն» անցա:

Պատերազմի ավարտից հետո վիրավորների հոսքը շարունակվում էր, ու շատերը դեռեւս երկար ժամանակ բուժում էին ստանում: Կային ողնուղեղային վիրավորումներով զինվորներ, որ ի վիճակի չէին շարժվելու: Այդ դեպքում մարդու մարմինն իր համար կարծես բանտ է դառնում: Շատ երջանիկ եմ տեսնել, որ այդ զինվորներից շատերը, երբ ոչ ոք չէր հավատում, որ իրենք մի օր կքայլեն, այժմ քայլում են: Մի զինվորի, որի ուղեղի մեծ մասը ջնջխված էր, տեսել եմ կոմայից նոր դուրս եկած վիճակում, երբ ուղեղը գրեթե չուներ ֆունկցիոնալություն: Տեսել եմ հարազատների ապրումները… Հիմա նա համալսարանում է սովորում (ժպտում է՝ հեղ.):

Վիկտորյա Զախարյանը
Վիկտորյա Զախարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Վիրաբուժական մեր թիմով առօրյայում հաճախ ենք պայքարել ծերունական տարիքի հիվանդների կյանքի համար, բայց լրիվ այլ է զինվորների դեպքում: Գուցե մտածես, թե օրգանիզմը չի դիմանա, բայց իրենք հաջողում են դուրս գալ ամբողջ բեռի տակից, երիտասարդ օրգանիզմը հաղթահարում է ամենը, իրեն պարզապես մի փոքր օգնել է պետք:

Այդ օրերից հետո մի քանի անգամ եղել է, որ արտահայտվեմ՝ եթե էլի պատերազմ լինի, ես գնալու եմ:

Մահապարտ խելագարները

Սեպտեմբերի 27-ին երբ իմացա, որ նման իրավիճակ է, ես ու մի քանի ընկերուհիներ վստահ էինք, որ գնալու ենք: Ինձ համար միակ բանը, որ կարող էր ստիպել հապաղել, հաջորդ օրվա պացիենտների հանդեպ պատասխանատվությունն էր:

Կեսօրին գնացի հիվանդանոց եւ տեղեկացա՝ պլանային վիրահատությունները հանվել են: Իրականում իրերս արդեն հավաքել էի: Այդպես, ճանապարհ ընկանք Ստեփանակերտ: Ես պիտի այնտեղ լինեի, ու դրա համար ոչ մի վայրկյան չեմ փոշմանել:

Քառօրյայից ձեռքբերված մեծ հարստություն ունեի՝ Կարինեն, Մարինան, Տաթեւը եւ ուրիշներ, որ առաջին իսկ օրերից Արցախում էին: Մեզ հետ էր նաեւ ընկերուհուս եղբայրը՝ Կարապետը, որի ողջ-առողջ տուն վերադառնալու համար առանձնահատուկ պատասխանատվություն էի զգում:

Սկզբում իրավիճակը շատ անորոշ էր, բայց արդեն կար գիտակցումը, որ հնարավոր է ցանկացած զարգացում: Առաջին օրը, հոսպիտալի անձնակազմից բացի, մեզ հետ այն մարդիկ էին, որ լսել ու առանց վայրկյան անգամ մտածելու եկել էին: Շատ հետաքրքիր կոլեկտիվ էր՝ մահապարտ խելագարների մի խումբ (ծիծաղում է`հեղ.): Հայրենասեր ու լավ մարդիկ… Իսկ հետո զինվորների նոր հոսք ու շատ ծանր վիրավորներ:

Մասնագետների պակաս գրեթե չունեինք, քիչ-քիչ լրացվեց ամեն ինչը: Իհարկե, կային մասնագետներ, որ ստիպված էին էլ ավելի ծանրաբեռնված աշխատել՝ անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, բայց էլի աշխատում էին, կյանքի գնով աշխատում էին: Միակ խնդիրը սարքավորումների որոշակի պակասն էր:

Բեկորների հեռացում, ամեն տեսակի դաժան համակցված վիրավորումներ … սկզբում թեժ էր, բայց կատաստրոֆիկ չէր, 2-3 օր անց դարձավ կատաստրոֆիկ, երբ հերթական պայթյունն այնքան մոտ էր, որ հիվանդանոցը դղրդաց, հետո անմիջապես վիրավորների մեծ հոսք ու դիակներ մուտքի մոտ… Իհարկե, այդ ամենը հոգեբանորեն խիստ ծանր էր նաեւ բժիշկներիս համար:

Կորուստներ

Այն, ինչ նախկինում կարդում էինք, որ գուցե դու ստիպված լինես փրկել մեկի կյանքը, իսկ մյուսինը չհասցնել, կամ պարզապես չկարողանաս ոչինչ անել, այդ ամբողջը մենք մեր մաշկի վրա զգացինք:

Անդամահատված վերջույթներ, աղճատված կյանքեր, կուրացած ու խենթացած տղաներ… Հրաշք փրկությունները շատ էին, բայց այնտեղ դու ավելի շատ հիշում ես այն դեպքերը, երբ անզոր ես իրավիճակի հանդեպ:

Լուսանկարը` Վ. Զախարյանի անձնական արխիվից

Ու էլի մոտիկ պայթյուններ… Նկուղը դեռ լիովին կահավորած չէր բժշկական սարքավորումներով, շտապ ստիպված էինք բարձրանալ վերեւ: Ճանապարհին էլի մի ահավոր պայթյուն… այդ պահին իրոք հասկանում ես, որ դու իրականում մահվան ես գնում ու պատրաստ ես դրան:

Վիրահատարանները բոլորը զբաղված էին, երբ աչքներիս առաջ 18 տարեկան «երեխան» այնպես է սփրթնում արնահոսությունից, որ հասկանում էինք՝ ոչնչի ժամանակ չունենք: Հատակին դրած վիճակում մի կերպ անզգայացումն էին ապահովում, զուգահեռ որովայն ենք բացել: Օգնության հասան նաեւ ավագ կոլեգաներս: Հզորագույն վիրաբույժ Սամվել Սոկրատի Գեւորգյանն (ՊԲ Գլխավոր վիրաբույժ, գնդապետ Սամվել Գեւորգյան` հեղ.) ուղղակի հրաշքներ էր գործում: Ամեն ինչ արվում էր շատ արագ: Հույսով սպասում էինք, որ կհաջողենք … բայց արնահոսության ֆոնին՝ սրտի կանգ: Սա այն դեպքերից է, որ ինքդ էլ ինչ-որ տեղ մեռնում ես… 18 տարեկան հերոսի մազից կախված կյանքը:

«Մի բան արեք, ես գնամ հետ»

Առաջին երկու շաբաթվա ընթացքում ոգեւորությունը շատ էր: Ոչ ոք իր մտքով չէր կարող անցկացնել, որ կարող է այսպիսի ելք ունենանք, որովհետեւ անասելի մեծ ուժ ու եռանդ էիր տեսնում ամեն պահ: Դա ավելին էր, քան անձնազոհությունը:

Կար ձեռք ու ոտք կորցրած զինվոր, որ ասում էր. «Մի բան արեք, ես գնամ հետ»: Շատ ուժեղ տղերք էին: Բայց կար եւ հակառակը, երբ այդպես ոգեւորությամբ գնացածը վերադառնում էր ու ասում. «120 հոգի էինք, 8 հոգի ա մնացել»: Հայացքից սարսափում էինք:

Մի վիրահատությունից առաջ զինվորի խաչը ձեռքս տվեցին, որ հետո փոխանցեմ: Այնպես ստացվեց, որ այդ մեկից հետո անմիջապես ստիպված էի այլ վիրահատության մասնակցել, ու մինչեւ կավարտեինք, զինվորին արդեն տեղափոխել էին: Գործընթացը շատ արագ ու լավ էր կազմակերպվում: Հիմա Նվերի խաչը մոտս է, Նվե´ր, եթե կարդում ես, արի վերցրու խաչդ… Վստահ եմ, որ նա հիմա լավ է, ամեն ինչ կարգավորվել է իր մոտ:

Դու գժվե՞լ ես

Ստեփանակերտից երկու օր ընդմիջում արեցինք, Երեւան վերադարձանք ընկերուհուս հոր մեքենայով: Այդ պարագայում դժվար էր հասկանալ՝ մնա՞լն է ավելի ապահով, թե՞ ճանապարհ ընկնելը: Ճանապարհն էլի անցավ շատ մոտ պայթյուններով: Շչակների ձայնը երեւի թե երբեք չեմ մոռանա, հետաքրքիր զգացողություն է հասկանալը, որ ամեն պահի արկը քեզ վրա կարող է ընկնել: Միայն ծնողներիս ապրումներից էի վախենում:

Հավատս չէր գալիս, որ ընկերուհուս հայրն այդ ամենից հետո խոսքի տերը եղավ ու մեզ ետ տարավ Ստեփանակերտ, ինչի համար շատ շնորհակալ էինք: Վտանգի տակ մնացած ընկերներիս մոտ վերադառնալն ուրախալի էր, սակայն, պետք է խոստովանեմ, որ երբ դուրս ես եկել այդտեղից եւ գիտակցաբար նորից հետ ես գնում, օրգանիզմդ քեզ հարցնում է՝ դու գժվե՞լ ես (ծիծաղում է՝ հեղ.):

Ընդհանուր առմամբ Ստեփանակերտում երկու շաբաթ մնացինք, հետո սկսեցինք բարձր ջերմել, Covid-19 էր: Համաճարակային իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար ստիպված էինք վերադառնալ, նաեւ ի վիճակի չէինք որեւէ բանով օգնելու: Հետո մոտ երկու շաբաթ բուժվում էինք, սկզբում ես, հետո վարակեցի նաեւ մորս ու հորս: Ծնողներիս վիճակը հենց կարծես կայունացավ, միանգամից նորից ուղեւորվեցի, բայց այս անգամ արդեն Գորիս:

Հանուն գաղափարի

Գորիսում իմ թիմը հիմնականում բաղկացած էր արտասահմանից հատուկ այդ նպատակով ժամանած հայերից: Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում մեծ հաջողությունների հասած բժիշկներ էին, բուժքույրեր ունեինք Լիբանանից, Լոնդոնից: 10 հոգանոց թիմ էր, ու բոլորը եկել էին այն մտքով, որ պետք է լինեն այստեղ, օգնեն ինչով կարող են՝ թեկուզ կյանքի գնով: Ամենը սրտանց էր:

Այդ ոգեւորությունն ու եռանդը, պատրաստակամությունն անելու անհնարինը հանուն գաղափարի, ինձ ինչ-որ առումով վերակենդանացրին: Ստեփանակերտից հետո մի տեսակ զոմբիացած վիճակում էի: Չէի պատկերացնում, որ կարող եմ պլանային վիրահատություններ անել, երբ աշխարհս փուլ է գալիս:

Այդ ամենում ինչ-որ լուսավոր սպասում կար, մինչեւ վերջին պահը հույսը կար, բայց ցավոք սրտի, պատերազմի ելքը շատ ավելի ծանրացրեց ցավը:

Գորիսից ստիպված վերադարձա, քանի որ հայրիկիս մոտ թոքաբորբը բարդացել էր: Փա´ռք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, բայց մինչեւ նորից կգնայի, արդեն ունեինք այն, ինչ ունենք, ու դա բոլորովին այլ սթրեսային ապրումներ էին: Դա ավելի վատ էր, քան մինչ այդ, որովհետեւ իրավիճակը փարատվում էր կայունության հասնելու գաղափարով: Այո´, գուցե զիջումների գնով, բայց ոչ այդ աստիճանի ցավոտ եւ ոչ այդ աստիճանի անկայուն:

Լուսանկարը` Վ. Զախարյանի անձնական արխիվից

«Նա փրկեց ինձ»

Երեւանում, երբ արդեն պիտի փորձեի կյանք վերադառնալ, շատ դժվար էին դարձել շփումները: Մի զինվոր կար, որի մասին ինձ անդադար պատմում էին, ասում էին, որ անգամ տասնյակ տարիների փորձով, անունով բժիշկներ իրեն տեսնելիս չեն կարողանում էմոցիաները զսպել: Նրա մեկ ոտքն ու ձեռքն ամպուտացված են, համակցված ծանր վիրավորումներ ունի որովայնից: Երբ դեռ կոմայի մեջ էր, բժիշկները չգիտեին՝ ինչպե՞ս պիտի նայեն նրա աչքերին, ի՞նչ պետք է ասեն, երբ գիտակցության գա: Երբ Ֆրանսիայից ազգությամբ հայ ու ֆրանսիացի բժիշկներ էին եկել իրեն տեսակցելու, ես պետք է ուղեկցեի իրենց: Այդպես ստիպված եղա ծանոթանալ 28-ամյա հերոսի հետ, ու նա դարձավ ինձ համար խավարում փնտրվող այդ լույսը:

Նրա աչքերում այնքան կյանք կար, որքան ինձանում երբեք չի եղել … ու դա ապրեցնում է (Վիկտորիայի աչքերը փայլում են արցունքներից՝ հեղ.): Իր աչքերից ես ամաչեցի իմ հոգեվիճակի համար, որովհետեւ ի՞նչ իրավունք ունես դու ընկճվելու, երբ որ նա այդ վիճակում պայքարում է, ու այդ պայքարում միայն իր կյանքը չէ, այդ պայքարում ամփոփվում է «հանուն»-ի գաղափարը: Նա փրկեց ինձ:

Իր կյանքն էլ ինքնին հրաշք է, ու նման հրաշքներ շատ եղան, բժիշկներն իսկապես անձնվիրաբար աշխատեցին:

Երկու օր առաջ տեսա նրան հենակներով քայլելիս: Այս մարդիկ, իրոք, անպարտելի են, ու հենց այս անհատներով է, որ մենք պիտի առաջ շարժվենք, կերտենք մեր նորն ու չթողնենք, որ պատմությունը կրկնվի:

Լուսանկարը` Վ. Զախարյանի անձնական արխիվից

Միանշանակ պետք է պարտությունից դասեր քաղել: Երեւի պետք էր սա մեզ, ցավոք, շատ-շատ մարդկանց կյանքի գնով, շատ ընտանիքների դժբախտացնելով … բայց ոչինչ հենց այնպես չի եղել: Եթե չլիներ այս դիմադրությունը, պատերազմը մեզ կարող էր պարզապես վերացնել:

Այնտեղ ես, որտեղ պետք է լինես

Պատերազմի ընթացքում հստակ էր մի զգացողություն՝ դու այնտեղ ես, որտեղ պետք է լինես ու անում ես այն, ինչ պետք է անես: Այս իմաստով ընտրածս մասնագիտությունը վերարժեւորվեց ինձ համար: Սակայն նաեւ շատ ծանր պահեր կան, երբ անկարող ես օգնել:

Վիրաբուժությունն առանց տատանվելու եմ ընտրել: Երեւի թե այդպես մեկ էլ ջութակ նվագելն եմ սիրել երեխա ժամանակ: Բացի մասնագիտության մարդասիրական կողմից՝ այն գրավեց ինձ նաեւ ձեռքի աշխատանք լինելով, որի մեջ պետք է հոգի դնես: Մի քիչ նաեւ ջութակին է նման. քո ձեռքերում է գործիքն, ու մատներիդ շարժումներով սկսում ես «երաժշտություն» ստեղծել:

Այժմ մասնագիտացել եմ ու շարունակում եմ մասնագիտանալ վահանաձեւ գեղձի, կրծքագեղձի եւ հաստ աղու վիրահատությունների ուղղությամբ: Միշտ ասել եմ, վիրաբուժության համար մի առանձին կյանք է պետք: Դրա համար փորձում եմ նեղացնել մասնագիտությանս շրջանակը, որպեսզի որակը չտուժի: Բայց իհարկե, պատերազմը կրկին բերեց անհետաձգելի վիրաբուժությանը, որի համար անհրաժեշտ մասնագիտական հիմքերն Ուսուցիչներիս ներդրած ավանդն է:

Շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ հասկացել են ինձ կյանքիս ամեն փուլում: Ես էգոիստ էի, ու գուցե չէի հասկանում՝ ինչ են ապրում իրենք, երբ ինձ պատերազմի դաշտ են ճանապարհում, բայց պիտի սովորեմ իրենցից, դա անձնազոհության այլ մակարդակ է:

Պատերազմի դասերը

Պատերազմի ընթացքում հստակ գիտակցում ես, որ կյանքը կարճ է ու ցանկացած պահի դու կարող է կյանքդ դնել նժարին: Հարց ես տալիս քեզ՝ արդյոք ճի՞շտ ես անում, որ կյանքիդ շատ-շատ մեծ տոկոսը հատկացնում ես աշխատանքին: Մեր աշխատանքում կա ծայրահեղ քանակի գրագրություն, կամ այլ մանր բաներ, որ ամբողջը ճղճիմացնում են, կյանքիդ գործը դարձնում աշխատանք: Իրականում կյանքիդ մեծ մասը հենց դրանց վրա ես ծախսում: Ինձ համար պատերազմի դասերից մեկը հենց դա է՝ ձգտել այդ մանրը դուրս հանել կյանքից, աշխատանքից հանել այն, ինչ քեզ անիմաստ սպառում է: Ամեն ինչ պետք է սիրելով անել, եթե չկա սիրո էներգիան որեւէ գործում, ուրեմն անիմաստ է:

Ընդհանուր առմամբ բոլորս պետք է դասեր քաղենք պատերազմից: Հենց այդ դասերն են թունելի վերջի լույսը: Պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ մենք այդքան էլ լավը չենք, մեզ վրա աշխատելու շատ տեղ ունենք, դուրս հանենք մեծամտությունը: Կան հստակ փաստեր, որ պահանջում են շատ ավելի գիտակցված մոտեցում:

Մենք համախմբված ենք, բայց պարզվեց, որ ոչ այնքան, որքան անհրաժեշտ է: Մենք բարի ենք, բայց ոչ այն այնքան, որքան պետք է: Հայրենասեր ենք, բայց մեր սեփական կյանքը գնահատում ենք ավելի շատ, քան պետք է:

Ավելի լավը պետք է լինենք: Ունենք այս արդյունքը, ուրեմն թերացել ենք, ուրեմն անձամբ ես իմ գործում ինչ-որ տեղ թերացել եմ, իմ ներդրումը քիչ է եղել, որովհետեւ ընդհանուր էներգիայի կծիկը ամեն մեկիս ներդրած սիրո հետեւանքն է: Ուրեմն քիչ ենք տվել:

Այն ինչ ունենք այժմ, յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ու մենք պատասխանատու ենք նաեւ այն մեր ձեռքերով վերադասավորելու ու լուսավորելու համար:

Վիկտորյա Զախարյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir