KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Աննա Կարապետյան: Բրյուսելյան հանդիպման մասին` առանց հույզերի

Աննա Կարապետյան: Բրյուսելյան հանդիպման մասին` առանց հույզերի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
21 0

Ակնհայտ է, որ հանդիպմանը նախորդած քարոզչական արշավն չափազանցված ակնկալիքներ ստեղծեց` թե´ հանրության շրջանում, թե´ հարևան երկրներում` դրանից բխող անվտանգային և քաղաքական հետևանքներով: Օբյեկտիվ իրավիճակն էլ հուշում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի լուրջ շրջադարձի համար մի քանի միլիոնը բավարար չէ, առնվազն անվտանգային երաշխիքներ են պետք: Արդյունքում առաջացավ և´ անվտանգային մարտահրավեր Հայաստանի համար, և´ վախ իշխանությունների մոտ, որ այդքան փառաբանված հանդիպման արդյունքները կարող են հիասթափեցնել հասարակությունը և չտալ ցանկալի PR արդյունքները:

Պատահական չէր Փաշինյանին պատկանող կայքում հանդիպումից անմիջապես առաջ ակնկալիքները «գետնին իջեցնող» գրառումն ու հանդիպման սկզբում, ոչ թե վերջում տրված ասուլիսը: Ասուլիսն իբրև թե նաև հուշում էր, որ փակ դռների հետևում ավելին են քննարկելու, քան 270+65 մլնը, բայց առանց այս պահին կոնկրետ հայտարարվող արդյունքների:

Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը:

Հայաստանը`
📌անվտանգային սպառնալիքների աճ ու լարվածություն սահմաններին,
📌 270+65 մլն-ի խոստում` «տնային աշխատանքը» կատարելու պայմանով (որը կարող է ունենալ բաց կողմ` բարեփոխումներ, նախագծեր և այլն, և փակ կողմ` ՌԴ դեմ հստակ գործողություններ),
📌 էլ ավելի կոշտացած հռետորաբանություն Մոսկվայից,
📌 քաղաքական հայտարարություններ Հայաստանի խաղաղության ձգտումներին աջակցելու վերաբերյալ, ոչ մի իրական անվտանգային երաշխիք,
📌 ոչ մի խոստում Արցախ հայերի վերադարձի ուղղությամբ աշխատանք տանելու վերաբերյալ, փոխարենը գումար նրանց արագ Հայաստանում ինտեգրելու համար,
📌 ոչ մի հստակ խոստում նույնիսկ վիզաների ազատականացման հարցում…

Փաշինյանը`
📌 աջակցության խոսքեր անձամբ իր ու 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հասցեին ԵՄ ու ԱՄՆ ղեկավարությունից,
📌 իր հորինած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորում, որը կփորձի օգտագործել թե´ երկրի ներսում, թե´ Ադրբեջանի հետ երկխոսությունում PR-ի համար` հասկանալով դրա անիրատեսականությունը,
📌արևմտյան կուրսը խորացնելու համար գերծիքակազմ` ավելի խոր համագործակցության վերաբերյալ հայտարարությունների, էներգետիկ, տնտեսական դիվերսիֆակացման հարցերում աջակցության խոստումների տեսքով…

Արևմուտքը`
📌 ՌԴ-ին նյարդացնող ու տարածաշրջանում նրա դիրքերը թուլացնող հերթական արշավ,
📌 սեփական վարկանիշի աճ հայ հասարակության աչքերում,
📌 դիրքերի ամրապնդում, մուտքի հնարավորություն նոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և այլն,` առանց իրական ջանքերի կամ ռիսկերի (որոնք կառաջանան, օրինակ, վիզաների ազատականացումից):

Ադրբեջանը`
📌 սեփական դերի աճ, ինչը ցույց տվեցին Բլինքենի և ֆոն դեր Լայենի զանգերն Ալիևին նախքան հանդիպումը,
📌 ԵՄ հետ էներգետիկ համագործակցության ավելի մեծ աճի խոստումներ,
📌 սեփական ագրեսիվ քաղաքականության արդյունավետության ապացույց

Թուրքիան այս փուլում քննադատեց հանդիպումը` շատ լավ հասկանալով, որ այն իրականում մեծացնելու է իր դերը տարածաշրջանում` թե´ որպես տարածաշրջանում Արևմուտքի գործնական ներկայացուցիչ, թե´ որպես Ադրբեջանի «ավագ եղբայր»:

ՌԴ-ն կոշտ արձագանքեց` հասկանալով, որ այս ամենի իրական միակ նպատակը Հայաստանին վերջնականապես Մոսկվայից պոկելն ու ՌԴ դիրքերը թուլացնելն է: Բայց ընտրվեց սպառնալիքների գործիքակազմը և անուղղակի կերպով աջակցությունն Ադրբեջանին (Հայաստանին մեղադրելով եռակողմ հայտարարությունների չկատարման մեջ), որն այս իրավիճակում նույնիսկ իրավիճակը սթափ գնահատող ՀՀ քաղաքացիներին թույլ չի տալու դրական արտահայտվել Մոսկվայի հասցեին:

Իրանն այս պահին չարձագանքեց` ելնելով Իսրայելի հետ խիստ լարվածությունից, բայց մինչ այդ բազմիցս արտահայտել է իր մտահոգություններն «արտաքին ուժերին տարածաշրջան բերելու» կապակցությամբ:

Աննա Կարապետյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir