Օֆշորները հանենք, կամ ստրիպտիզ պանամական ձևով
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ջանքերով նոր տվյալներ են հրապարակված Պանամայի օֆշորային հաշիվների, այսպես ասած, պանամական օֆշորի հաճախորդների մասին: Պարզվում է, որ Հայաստանից դրանց թվում միայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը չէ և, այսպես ասած, Ալիևների անվան հետ նույն ցանկում կան Հայաստանից մոտ 3 տասնյակ այլ անուններ: Դրանք, մեծ հաշվով, շատ բան չեն ասում ունկնդիրներին կամ ընթերցողներին, սակայն պարզ է նաև, թե ինչու: Դրանք այսպես ասած դիմակներ են, անուններ, որոնց տակ թաքնվում են, բնականաբար, առավել հնչեղ անունների տերեր: Պարզապես դրա համար պետք է հետաքննություն, այսինքն՝ պետք է պետական վերաբերմունք, ինչի գոյությունը, սակայն, կասկածի տակ չէ այն պարզ պատճառով, որ ուղղակի չկա այդպիսի վերաբերմունք, և դա կասկածից վեր է: Այլապես, օրինակ, պանամական օֆշորի հայ առաջին հերոս Միհրան Պողոսյանը ոչ թե «հայրենասիրական» հրաժարական կտար և հետո կարժանանար վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհակալությանը, այլ կներգրավվեր օֆշորային սկանդալի քրեական գործում, առնվազն իրականությունը լիարժեք պարզելու համար: Մինչդեռ հայտարարվում է այդպիսի քրգործ հարուցելու մասին՝ Պողոսյանի «օֆշորգեյթով», բայց Պողոսյանն այդ գործում չգիտես ինչու գոյություն չունի: Թեև սա, իհարկե, Հայաստանի հանրության համար ամենևին նոր մոտեցում չէ, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանի պաշտոնյաների անուններով օֆշորային հաշիվները գրեթե իրենք իրենց են բացվում, այսպես ասած՝ դավադրաբար:
Այս ամենն իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չվերաբերեր մի երկրի, որտեղ բազմաթիվ կարևորագույն ոլորտներում՝ սկսած առաջնագծի զինվորի ապահովվածությունից մինչև թիկունքում նրա ընտանիքի կարիքները, առկա են հսկայական բացթողումներ, որոնք աղաղակող ձևով դրսևորվեցին քառօրյա պատերազմի ընթացքում: Ահա, այդ երկրում, պարզվում է, որ սպառազինության համար գումար չկա, բայց կան գումարներ, որոնք տասնյակ անվանումներով տեղափոխվում են օֆշորներ:
Եվ սա ընդամենը պանամական օֆշորի պատկերն է, մինչդեռ օֆշորներն այնքան շատ են, և կասկած չկա, որ Հայաստանից առնվազն տասնյակներ էլ այլ օֆշորներում են: Ի վերջո, մեր պաշտոնյաների ինչն է շատ, դե, իհարկե, հաջողակ բիզնեսմեն զոքանչների, բաջանաղների, քենիների և այլ հազարատ-բարեկամ-խնամիների քանակը, որոնց անուններով նրանք «թղթերը դարձնում են կարգին»: Դե, իսկ կնիքն էլ դնում է Սերժ Սարգսյանը այդ թղթերի վրա՝ հայտարարելով, որ դղյակներից ինքն էլ զզվում է, բայց հո 37 թիվ չե՞նք անելու:
Դե իհարկե, ավելի լավ է պետության հետ իշխող համակարգն անի ինչ ուզում է և ինչպես ուզում է, բայց երբ բանը հասնում է իրավական պատասխանատվության և սոցիալական արդարության խնդրին, պարզվում է, որ դա 37 թիվ է, որն էլ անել չի կարելի: Ահա պետականության և դրա զարգացման ու հեռանկարների վերաբերյալ համակարգային պատկերացումների սահմանը, որի համար վահան է դարձվել 37 թիվը: Այդ թվի տակ են 337 կամ 3337 օֆշորատերերը, որոնց դեպքում մխիթարությունն այն է, որ նրանք ավելի քիչ են, քան հարևան Ադրբեջանում կամ Վրաստանում: Բայց դա իհարկե մխիթարություն է միայն անգիտության պայմաններում, որովհետև սեփական երկրի, սեփական քաղաքացու, սեփական զինվորի թալանը չի կարող չափվել այլ պետության համեմատությամբ, այն պետք է չափվի սեփական խնդիրների, կարիքների և վտանգների ու ռիսկերի համեմատությամբ: Սակայն այստեղ բնականաբար գերիշխում են բոլորովին այլ ռիսկեր, և գնահատվում են բոլորովին այլ ռիսկեր, ու քայլերն էլ կառուցվում են հենց դրանց տրամաբանությամբ:
Այդ ռիսկերը Հայաստանում իշխող համակարգն է, և այդ համակարգի միջոցով Հայաստանի վրա ռուսական գերիշխանությունը: Եթե Հայաստանում չկա կոռուպցիոն համակարգ, չկա ռուսական գերիշխանություն: Չկա գերիշխանություն, չկա կոռուպցիոն համակարգ: Այդ ամենը սերտաճել է Հայաստանի արմատների մեջ, մոլախոտի նման, թույլ չտալով աճել:
Այդ իմաստով, օֆշորային բացահայտումները Հայաստանի համար կարող են ունենալ քաղհանի էֆեկտ, որն անկասկած վաղ թե ուշ տալու է իր ազդեցությունը, եթե նույնիսկ այդ գործընթացը չի արժանանա իշխանության համարժեք վերաբերմունքի և քայլերի: Որովհետև այստեղ խոսքը միջազգային ալիքի մասին է, որի առաջ անկասկած առավել լայն և ընդգրկուն նպատակներ են, որոնց առաջ քրեաօլիգարխիկ ամբարտակները չեն կարող երկար կյանք ունենալ:
Եղիազար Այնթապցի