Փոլադ Բյուլբյուլօղլի. «Մենք պատրաստ ենք ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը»
Ինչպես և կարելի էր ենթադրել, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանանում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ` պնդելով, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը «կթաղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափը»:
«Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որևէ իմաստ չի ունենա, և Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Մեկ այլ բարձրաստիճան ադրբեջանցի դիվանագետ` Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ռուսական “Говорит Москва” ռադիոկայանի երեկոյան եթերում ակնարկում էր, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի նոր պատերազմի:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը որպես այդպիսին սադրանք է: Թեև ադրբեջանական տարածքի գնդակոծությունները շարունակվում են, Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է խաղաղ բանակցությունների շարունակմանը: Եթե [Լեռնային Ղարաբաղի ճանաչումը] տեղի ունենա, կնշանակի, որ խախտվել են միջազգային իրավունքի բոլոր նորմերը` այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և մի շարք եվրոպական պետությունների որոշումները: Ավելին, դա զրոյին կհավասարեցնի Մինսկի խմբի ներկայացրած բազմաթիվ առաջարկները: Ռուսաստանն, ի դեպ, այդ խմբի համանախագահներից մեկն է, և ես կարծում եմ, որ միջնորդները պետք է հստակ կերպով արտահայտվեն այդ թեմայով», – պնդում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը: – «Կարծում եմ, որ նման որոշում կայացնելու դեպքում ողջ պատասխանատվությունը լինելու է հայաստանցի պատգամավորների և Հայաստանի ներկայիս ղեկավարության ուսերին: Հետևանքները շատ բացասական կլինեն»:
Մոսկովյան ռադիոկայանին տված հարցազրույցում Փոլադ Բյուլբյուլօղլին նաև կրկնեց ապրիլի սկզբին հնչեցրած իր այն թեզը, թե Ադրբեջանը չի կարող անվերջ սպասել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Եթե այս հարցը չհանգուցալուծվի, մենք պատրաստ ենք նաև խնդրի ռազմական լուծմանը: Իհարկե ցանկալի չէր լինի, որ մարդիկ զոհվեն, դագաղներ ուղարկվեն [ռազմաճակատից], չէինք ուզի, որ հողն այրվեր, բայց մեզ այլ ելք չեն թողնում», – հայտարարում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը:
«Հայկական կողմի հերթական սադրանք»․ – այսպես է բնութագրում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին օրինագծի մուտքը Հայաստանի կառավարության օրակարգ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
«Հայկական կողմը մեկ անգամ ևս ապացուցում է, որ միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, բանակցային գործընթացը իր համար ոչ մի նշանակություն չունեն: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները անպայման պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն այս խնդրին», – նշում էր Մամեդովը:
Բաքվից հնչող այս հայտարարություններին զուգահեռ, որոնց, հիշեցնենք, նախօրեին հակադարձել է պաշտոնական Երևանը՝ ի դեմս Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի և արտգործնախարարի տեղակալի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց, որ երկրում մեկնարկել են հրետանային և հրթիռային ստորաբաժանումների պլանային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ռուսական արտադրության МСТА-С տիպի հրետանային կայանքները:
«Զորավարժությունների ընթացքում կատարվում են առաջադրանքներ, որոնց նպատակն է անօդաչու թռչող սարքերի միջոցով բացահայտել պայմանական հակառակորդի թիրախները», – նշում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը` չհստակեցնելով, սակայն, թե երկրի հատկապես որ շրջանում են ընթանում հրետանու զորավարժությունները:
Գեւորգ Ստամբոլցյան