Հայաստանի սահմանից երրորդ երկրների, մասնավորապես, Եվրոպացի դիտորդների հետքաշում և միջազգային դատարաններից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչ. սրանք են վարչապետ Փաշինյանի խոսքով այն երկու հարցերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել։
Խաղաղության պայմանագրի նախագծի մյուս 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երեկ ուշ երեկոյան հայտարարեց Փաշինյանը Վաշինգտոնում՝ Atlantic council -ում, որ միջազգային հարաբերություններում մասնագիտացված ամենահայտնի կենտրոններից մեկն է աշխարհում։
«Ադրբեջանն առաջարկում է դրույթ, որն արգելում է երրորդ ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով, խոսքը Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին է։ Մենք հաշվի ենք առել Ադրբեջանի այդ ցանկությունը և մեր կողմից առաջարկ ենք արել՝ կիրառել այդ դրույթը երկկողմ սահմանի սահմանազատված հատվածներում», – նշեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը պաշտոնական Երևանի այս՝ հակընդդեմ առաջարկի մասին առաջին անգամ հրապարակավ խոսել էր անցած նոյեմբերին՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մինչ օրս դեռ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», – երեկ ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից
Ինչպես անցած նոյեմբերին Երևանում, այնպես էլ երեկ՝ Վաշինգտոնում, Փաշինյանը չհստակեցրեց՝ ինչո՞ւ պետք է Հայաստանն իր սեփական տարածքում անզեն դիտորդներ տեղակայելու հարցը Ադրբեջանի հետ քննարկի։ Փոխարենը խոսեց Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկրորդ հոդվածից։
«Դա վերաբերում է միջազգային ատյաններ միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը։ Ընդհանուր առմամբ, մենք խնդիր չունենք նաև այդ գաղափարի հետ, բայց ունենք հետևյալ առաջարկը՝ հետ կանչել բողոքները ոչ միայն միջազգային ատյաններից, այլև՝ չբարձրացնել այդ հարցերը երկկողմ հարաբերություններում։ Մեր առաջարկն է վերջ դնել հակասական թեմաների շուրջ հետագա քննարկումներին, և բացել նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում՝ սկսելով նոր, մաքուր ու դատարկ էջից», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյան. Թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, փորձում ենք փոխել այդ ճակատագիրը
Փաշինյանը պնդեց՝ իր կուսակցությունը նոր էջ է փորձում բացել նաև հայերի հանդեպ միջազգային հանրության ընկալումներում։ Ըստ վարչապետի, միջազգային կոնսենսուս կա՝ եթե հայ ես, պետք է զոհվես, մինչդեռ իր կառավարությունը ուզում է փոխել դա, «հասկանալով, որ դա շատ դժվար, համարյա անհնարին առաքելություն է»։
«Հայերը որպես կանոն իրենք իրենց ներկայացնում են որպես զոհ, միջազգային համայնքը սովոր է հայերին ընկալել որպես տուժած ազգ, և երբեմն բավական շփոթեցնող է՝ որն է պատճառը, որը՝ հետևանքը։ Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», – պնդեց Հայաստանի վարչապետը։
Խոսելով այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերակատարությունից ՝ Փաշինյանը նշեց՝ հետևել են նախագահ Թրամփի ընտրարշավին ու արձանագրել, որ խաղաղության օրակարգը կարևոր է նրա համար։
«Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է»
«Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է, և գուցե նոր վարչակազմի կողմից հավելյալ, կամ՝ իրական ջանքերը արդյունավետ լինեն», – ասաց Հայաստանի վարչապետը, կրկին ընդգծելով, որ բացի երկու հոդվածներից՝ Երևանն ու Բաքուն մյուս բոլոր՝ «կարևոր ու զգայուն հարցերն արդեն համաձայնեցրել են»։
«Օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային սահմաններով։ Մենք նաև համաձայնել ենք ունենալ դրույթ, որ կողմերը տարածքային նկրտումներ չունեն միմյանց նկատմամբ և նման պահանջներ չեն ներկայացնելու նաև ապագայում», – ասաց նա։
Ինչ կա պայմանագրի մյուս՝ տասից ավելի դրույթներում՝ Փաշինյանը չասաց։ Այս պահին հայտնի է միայն՝ ինչ չկա։ Անցած ամիսներին, մասնավորապես, Հայաստանի ԱԺ խոսնակն ասել էր՝ փաստաթղթում հիշատակում չկա հայ գերիների մասին, նախագծին ծանոթ ընդդիմությունը պնդում է, որ այն չի անդրադառնում նաև արցախահայերի վերադարձին, ավելի վաղ էլ նախագահ Ալիևի դեսպանն էր ասել, թե փաստաթղթից դուրս են թողել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման թեման։ Արդյոք մինչև այսօր այդ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ՝ հստակ չէ։
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը. ԱԳՆ
Մոտ մեկ ժամանոց ելույթում Փաշինյանը պնդեց՝ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը երբեք չի եղել այնքան ակտիվ, որքան հիմա։
«Բայց, շատ նրբություններ կան և հավելյալ, վերջին ջանքեր են անհրաժեշտ՝ իրական արդյունք ունենալու համար։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շատ շուտով», – ասաց նա՝ առանց հավելյալ մանրամասների։