Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «այսօրվա մեր անելիքն ու հրամայականն է լինելու ապրել ու հաղթահարել ստեղծված ժամանակն ու նրա ծանրությունը»:
Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարության առաջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»:
«Արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը եւ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն եւ անհրաժեշտություն է»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ Արցախի տուժած բնակչության համար աջակցության միջոցառումների ընդունումը շարունակական կլինեն:
Նիկոլ Փաշինյան ասել է, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բացարձակ առաջնահերթություն են անհայտ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա ամենօրյա ռեժիմով ենք աշխատում: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզանից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ զոհվածների ընտանիքների եւ հաշմանդամություն ստացած ու պատերազմից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեություն ու հետագա կատարելագործումը հրատապ անելիքների ցանկում են:
Ըստ Փաշինյանի՝ բարեփոխումները պետք է շարունակվեն եւ ընդլայնվեն՝ ի հայտ եկած նոր մարտահրավերներին համապատասխան: Նա կարեւորել է կատարվածի պատճառների վերհանումը, պարզաբանումն ու վերլուծությունը՝ նշելով, որ «հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու»:
«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, եւ այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաեւ ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի, այդ գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենալ: Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, եւ մեր առաջիկա ամենակարեւոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը եւ զարգացմանը»,- ասել է վարչապետը: