Տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով` ղարաբաղյան հերթական պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սակայն հնարավոր չէ ուշադրություն չդարձնել ՌԴ-ի դեմ ուղղված հարձակումների վրա. որոշ առանձին խմբերի «ակտիվիստներ» հայտարարում են, թե իբրև Հայաստանի համար կարևոր պահին Ռուսաստանը չի օգնել, չնայած որ Ղարաբաղի մնացած մասն արդեն ժխտում է նման մեղադրանքները:
«Ինչպես նաև մենք տեսնում ենք` հայաստանյան գլխավոր ընդդիմադիր ուժերը անցկացնում են քննարկումներ, որտեղ հայտարարում են հայ-ռուսական հարաբերությունների ուժեղացման անհրաժեշտության մասին: Այլ հարց է, թե ինչպիսի վերաբերմունք ունի ռուսական կողմը անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց նա:
Ըստ Տրոֆիմչուկի` նոյեմբերյան եռակողմ համաձայնությունից հետո Փաշինյանը դարձել է գործոն այդ պայմանավորվածություններն իրականացնելու համար, ինչը փոքր-ինչ բարձրացրել է նրա հեղինակությունը Մոսկվայի աչքերում:
«Բայց դրա հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը` նյարդային, ճղճղան, անկանխատեսելի, շատ հարցերում ծայրահեղ, ոչ մի տեղ չի կորչել և շարունակում է լրջորեն անկայունացնել իրավիճակը: Փաշինյանն այլևս ի վիճակի չէ հանդարտեցնել Հայաստանը, և դա ամենաշատը պետք է անհանգստացնի ռուսական կողմին,- ասաց նա` նշելով, որ անհանգիստ Հայաստանը նախապայման է պատերազմի վերսկսման համար,- հատկապես, որ հենց հայերը մեղադրում են Փաշինյանին, որ նա շարունակում է «երկիրը հանձնել թուրքերին»: Պետք է հասկանալ, որ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին էլ ինքը՝ Փաշինյանը, բնականաբար չի դարձել Ռուսաստանի մեծ երկրպագուն և սպասում է պահին, որ կոմպենսացնի իր բոլոր նվաստացումները: Այդ ամենը բարի ավարտ չի ունենա: Ահա սա է հայ-ռուսական հարաբերություններում տիրող վիճակը հիմա»:
Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին` ռուսաստանցի փորձագետը նշեց, որ ինքը կողմնակից չէ այն վարկածին, որ հայկական բանակն արժանի հարված չի տվել Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը բոլորին մոլորության մեջ է գցել, որ դիտմամբ պարտություն լինի:
««Թուրք Փաշինյան» վարկածը երեխաների համար է: «Անպետք իսկանդերների» մասին անգամ չեմ ցանկանում խոսել, քանի որ հայկական սպառազինության մեջ միայն դրանք չէ, որ կային: Երևի, ռազմական ինքնաթիռներ էլ չկային: Գլխավոր բանը, որ իսկապես չուներ Երևանը` վճռականությունն էր հարվածել թշնամուն իրական ձևով»,- ասաց նա:
Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի` այս հարցն էլ պետք է ուշադիր հասկանալ, թե արդյոք Փաշինյանի թիկունքում կանգնածները չեն ցանկացել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնել երկար ժամանակով: «Այս չբարձրաձայնված խնդիրն իրականացվում է առանց շեղումների, ի տարբերություն մնացածների, և դա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի շահերից չէ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պատերազմում պարտության պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը մնացել էր միայնակ: «Չեմ կարող նաև չհիշատակել ադրբեջանական կողմի հիմնական թեզերից մեկը, ըստ որի, առանց Ռուսաստանի անմիջական օգնության, Հայաստանն ակնթարթորեն ջախջախվելու է: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ մեկուկես ամիս հայկական բանակը բացարձակ անկախ կռվեց: Իսկ ի՞նչ արդյունքներ ունի նա: Այսինքն՝ պարզվեց, որ ադրբեջանական թեզը ճշգրիտ է»,- ասաց նա:
Ըստ նրա` պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ շատերը սրճարաններում էին հայրենասիրական կենացներ ասում:
Տրոֆիմչուկը նաև նկատեց, որ չնայած Փաշինյանի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելուն, շնորհիվ նրա, որ ապրում ենք տեղեկատվության դարաշրջանում, պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվում պատերազմում, ինչպես են ադրբեջանական զորքերը հաղթանակ տանում:
Ըստ տարածաշրջանային և անվտանգության փորձագետի` Ռուսաստանն այս տարածաշրջանում, բացի իրավիճակի հանդարտեցումից և նոյեմբերի 9-ի համաձայնությունները կյանքի կոչելուց, այլ նպատակ չունի:
«Միակ խնդիրն այն է, որ շատ կարևոր բաներ, հասկանալի պատճառներով, նշված չէին այդ փաստաթղթում, ուստի այժմ այդ վերապահումները և այդ հակասությունները պայթում են, և ինքնին կարող են պատրվակ դառնալ նոր պատերազմի համար: Հերիք է հիշատակելը, թե ինչ է կատարվում Զանգեզուրում` Հայաստանի հարավում և այլ կետերում»,- ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի դիտարկմամբ` շատերն այս ամենում մեղադրում են Ռուսաստանին, իբրև թե հավերժ մնալու է Ղարաբաղում: «Բայց Ռուսաստանը նման խնդիր չունի: Նրան պարզապես մեծ պատերազմ Հարավային Կովկասում պետք չէ: Դրա համար նոյեմբերյան փաստաթղթի ժամկետներին նայելն իմաստ չունի»,- ասաց նա:
Այս համատեքստում, ըստ նրա, Ռուսաստանի համար խնդիրներ են առաջանում, օրինակ, Ռուսաստանը չի ցանկանում, որ մեծանա Բաքվի կախվածությունն Անկարայից:
«Որոշ ռուս մասնագետներ նաև նկատում են, որ գոյություն ունի Ադրբեջանում կադրային քաղաքականության վրա Թուրքիայի ազդեցության մեծացման վտանգը, և դա հատկապես վերաբերում է ռազմական ոլորտին: Երբեմն խոսվում է այն մասին, որ Թուրքիան է հենց նշանակում այստեղ պաշտոնյաներին: Եվ կրոնական հարցերն էլ միանշանակ չեն, քանի որ այստեղ Թուրքիայի ազդեցությունն անխուսափելիորեն տարածվում է, չնայած մինչ այս Բաքուն միշտ հավատարիմ էր աշխարհիկ գծին, հակակղերական ֆորպոստ էր»,- ասաց նա:
Տրոֆիմչուկը նկատեց, որ Ադրբեջանում կլինի նաև որոշակի թուրքական ռադիկալ կազմակերպությունների գործունեության ուժեղացում, ինչը հնարավոր կդարձնի չծրագրված փոփոխություններ ոչ լավ ուղղությունով:
«Պայմանագրերով նշված հինգ տարվա ընթացքում արտերկրում բնակվող ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կարծում են, որ իբր «օկուպացված Ղարաբաղը» ռուս խաղաղապահները հիմա գրավել են, ակտիվանալու են: Այս բոլոր հարցերը պետք է գտնեն իրենց պատասխանները, այդ թվում ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև առևտրատնտեսական ոլորտում, եթե մենք, ընդհանուր առմամբ, ձգտենք կայունացնել ամբողջ տարածաշրջանը»,- ասաց նա:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի ապագայի մասին էլ` նա նշեց, որ բոլորս էլ ամենալավի հույսն ունենք: «Սակայն առանց լուծելու այն հարցերը և նույնիսկ այն խնդիրները, որոնք վերը նշեցի, տարածաշրջանի դրական զարգացումը, ցավոք, անհասանելի կլինի: Այս պարագայում մենք չենք կարող հուսալ, որ պարտված հայերը հանկարծ շեղվելու են ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և սիրով շտապելու են բոլորի հետ առևտուր կատարել: Հայկական մենթալիտետը այդ վիճակում չէ, քանի որ ստացել է պատմական հարված»,- ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկն այսօրվա իրավիճակի հիմքերը առաջարկեց գտնել 2018 թվականի գարնան հեղափոխության ժամանակ։
«Հայերը, հավանաբար, կարող են մեղադրել Ադրբեջանին, Թուրքիային և ցանկացած մեկին իրենց անախորժությունների համար, բայց դա անհնար կլինի անել առանց բուն Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների հստակ գնահատման: Այժմ հայկական կողմը պետք է իրեն շատ զգույշ և զգույշ պահի, հակառակ դեպքում կորուստների ցանկը՝ ինչպես տարածքային, այնպես էլ մարդկային, կարող է էլ ավելի աճել: Բաքվի համար «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի: Մոսկվան միջանկյալ դիրքորոշում է որդեգրել այս թեմայի շուրջ: Երևանը ոչ միայն հավատում է, որ կա հակամարտություն, այլև հստակ հակված է ռազմական ռևանշի: Եթե Փաշինյանը խաղադրույք կատարի Արևմուտքի և Ղարաբաղը ճանաչելու վրա, ապա դա կնշանակի պատերազմ ընդմիշտ»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան