KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Տրանսանատոլիական գազամուղ. իրականանո՞ւմ է արդյոք Ադրբեջանի երազանքը

Տրանսանատոլիական գազամուղ. իրականանո՞ւմ է արդյոք Ադրբեջանի երազանքը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
397 0

Նոյեմբերի 30-ին թուրք-հունական սահմանին գտնվող Իպսալա քաղաքում տեղի ունեցավ Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) շինարարության ավարտն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
Շուրջ 6,5 միլիարդ դոլար արժողությամբ գազամուղն ունի 16 միլիարդ խորանարդ մետր տարեկան թողունակություն, իսկ հավելյալ ներդրումների իրականացման դեպքում թողունակությունը կարող է հասնել մինչև 31 միլիարդի։ TANAP-ը «Հարավային գազային միջանցք» նախագծի էական բաղադրիչներից է, որի հիմնական խնդիրը դեպի Եվրոպա բնական գազի այլընտրանքային մատակարարման երթուղու ստեղծումն է։ Գազամուղը թուրք-հունական սահմանին միանում է Տրանսադրիատիկ գազամուղին, որն ադրբեջանական գազը Հունաստանի, Ալբանիայի տրածքով և Ադրիատիկ ծովի հատակով հասցնելու է Իտալիա։ Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020թ․։ Այդ ժամանակ էլ մեկնարկելու են ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ծավալով, իսկ հետագա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ծավալները հասցնել մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։
Ադրբեջանի իշխանություններն այս ծրագիրը ներկայացնում են որպես Ադրբեջանի աշխարհաքաղաքական և տնտեսական փայլուն հաջողություն։ Վերջիններիս հավաստմամբ, այն հնարավորություն կտա Ադրբեջանին էական դեր ստանձնել Եվրոպայի էներգետիկ աշխարհաքաղաքական գործընթացներում, ինչն զգալիորեն կավելացնի Ադրբեջանի ռազմավարական ներուժը։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն «Հարավային գազային միջանցքի» գործարկումը կարևորում է նավթի արտահանումից ստացվող եկամուտների նվազման համատեքստում՝ այն դիտարկելով որպես պետբյուջեի եկամտային մասի ապահովման կարևոր միջոց։
Սակայն ծրագրի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության վերաբերյալ ճշգրիտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է գնահատել եվրոպական գազի շուկայում ստեղծված վիճակը։ Վերջին տարիներին այստեղ գնալով ավելի մեծ դեր է խաղում ամերիկյան «հեղուկ բնական գազը» (LNG), որն արդեն սկսել է մրցակցել ռուսական խողովակաշարային գազի հետ։ Սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով ամերիկյան ընկերությունները կիրառում են նաև դեմփինգի քաղաքականություն, մասնավորապես լեհական շուկայում առաջարկելով ռուսական խողովակաշարային գազի գնից շուրջ 30 տոկոսով էժան հեղուկ գազ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ևս ակտիվ քայլեր է ձեռնարկում եվրոպական շուկայում սեփական դիրքերի ամրապնդման ուղղությամբ, ընդ որում` նաև հեղուկ բնական գազի ոլորտում։ Ռուսաստանն արդեն որոշակի խմբաքանակով հեղուկ բնական գազ է մատակարարել Իսպանիա և Մեծ Բրիտանիա։ Գազի ոլորտում սեփական դիրքերի ամրապնդմանն են միտված նաև «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազամուղերի կառուցումը։ Ամենայն հավանականությամբ «Հյուսիսային հոսք 2» գազամուղը շահագործման կհանձնվի 2020թ. առաջին կեսին, իսկ «Թուրքական հոսքի» հանդիսավոր բացման արարողությունը նախատեսված է 2020թ. հունվարի սկզբին։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ նույնիսկ առանց վերոհիշյալ գազամուղերի, 2018թ. Ռուսաստանը Եվրոպա է արտահանել գրեթե 201 միլիարդ խորանարդ մետր գազ, որը մոտ 8 միլիարդ խորանարդ մետրով ավելի է, քան 2017 թ.։ Այսինքն, նույնսիկ մի քանի տարի անց, տրանսանատոլիական և տրանսադրիատիկ գազամուղերի ամբողջ հզորությամբ գործարկման պայմաններում Ադրբեջանը Եվրոպա կարող է արտահանել 2018թ. արտահանված ռուսական գազի ընդամենը 10 տոկոսը։ Ակնհայտ է, որ նշված ծավալները հնարավորություն չեն տալիս Ադրբեջանին դիտարկել որպես եվրոպական գազային շուկայում լուրջ խաղացողի, որը հնարավորություն կունենա բնական գազի ոլորտում էականորեն նվազեցնել Եվրոպայի կախումը Ռուսաստանից։
«Հարավային գազային միջանցքի» դերը եվրոպական շուկայում կարող է մեծանալ միայն բնական գազի հավելյալ աղբյուների ներգրավման դեպքում։ Այս համատեքստում երկար տարիներ քննարկվում է տրանսկասպյան գազամուղի կառուցման հնարավորությունը, որը թուրքմենական գազը պետք է Կասպից ծովի հատակով հասցնի Ադրբեջան։
Գազամուղի կառուցման վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան 2018թ. օգոստոսին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումից հետո։ Սակայն առայժմ այս նախագծի իրականացման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արվել։ Ռուսաստանը և Իրանը միշտ էլ դեմ են հադես եկել այս գաղափարին։ Մյուս կողմից, ներկայում թուրքմենական գազը հիմնականում արտահանվում է Չինաստան։ 2009թ. դեկտեմբերին շահագործման հանձնված Կենտրոնական Ասիա – Չինաստան գազամուղով 2018թ. Չինաստան է արտահանվել ավելի քան 33 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ, և կողմերը դիտարկում եմ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունը։ Վերոնշյալի հաշվառմամբ, ամենայն հավանականությամբ, տրանսկասպյան գազամուղի շինարարությունը դեռ բավական երկար ժամանակ կշարունակի մնալ միայն քննարկումների մակարդակում։
Ամփոփելով կարող ենք ասել, որ 2020թ. նախատեսվող «Հարավային գազային միջանցքի» գործարկումը և առաջիկա տարիներին ընդհուպ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի արտահանումը Եվրամիություն էական նշանակություն չի կարող ունենալ եվրոպական գազային շուկայի համար և չի հանգեցնի Ադրբեջանի՝ գազի միջազգային շուկայում առաջատար խաղացողի դերի ստանձնելուն։
Բենիամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir