Իրանը դեմ է Սիրիայում կամ ռեգիոնի որևէ այլ երկրում անվտանգության գոտու ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Իրանից հնչած հայտարարությունը տարեվերջյան կարևոր ազդակ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ իրանցի պաշտոնյայի հայտարարությունն աներկբա առնչվում է նաև Արցախին:
Թեհրանն անշուշտ առաջին անգամ չէ, որ ուղիղ թե անուղղակի անդրադառնում է Արցախյան հարցին և խոսում արցախյան գոտում երրորդ երկրի ռազմական ներկայության հեռանկարի դեմ՝ դա հայտարարելով անվտանգության սպառնալիք իր համար: Միևնույն ժամանակ, Թեհրանից այդօրինակ ազդակները կարևոր են միշտ, և դրանց պարբերական բնույթը Հայաստանի և Արցախի համար միանգամայն ողջունելի է, քանի որ այդպիսով դրանք խոսում են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների մերժման հարցում Հայաստանի համար Իրանի դաշնակցային դիրքորոշման մասին:
Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքներն այլ բան չեն, քան արցախյան գոտում երրորդ երկրի ռազմական ներկայության տանող ճանապարհային քարտեզ: Այդ տրամաբանությունը հասկանալի է, և խոշոր հաշվով ուժային կենտրոնները Արցախի հարցում առավելապես ունեն այդ շահագրգռությունը: Միևնույն ժամանակ դա նաև պայմանավորված է նրանով, որ այդ կենտրոններում կա մտավախություն, որ՝ եթե չանեն իրենք, ապա կանեն մրցակիցները: Դա ունի թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ գուցե Փարիզն ու անգամ Անկարան: Այդ իրավիճակը գործնականում կատարում է փոխզսպող դեր այդ հարցում, և այն, որ գործնականում այստեղ հատվում են ամենատարբեր ու բազմազան շահեր, այդ համատեքստում՝ նաև Իրանի շահը, գործնականում հայկական կողմին ապահովագրում է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վճռորոշ որևէ ճնշումից:
Սակայն գլխավորն այստեղ անշուշտ այն է, որ Հայաստանն ինքը նախևառաջ պետք է հստակ ազդակներ հղի ուժային բոլոր կենտրոններին, այդ թվում՝ Թեհրան, որ բացառվում է որևէ «ստվերային» բանակցություն կամ գործընթաց, որը դույզն իսկ ռիսկ կառաջացնի որևէ կենտրոնում, որ Հայաստանը կարող է չտիրապետել իրավիճակին: Խոսքն այս դեպքում անշուշտ վերաբերում է նաև Արցախին:
Եվ այդ իմաստով 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ առաջին պատմական նիստում հղված ուղերձները ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ գործնականում նաև միջազգային քաղաքականության առնվազն ռեգիոնալ համատեքստում հղված կարևոր ուղերձներ էին, որ հայկական երկու պետությունները արեցին կարևորագույն խնդրի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունից փաստացի հրաժարվելու իմաստով:
Արամ Ամատունի