Վրաստանը պատրաստվում է ՆԱՏՕ մտնելուն եւ տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությանը
Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի հետ, ով նրան հրավիրել է 2018 թվականին Բրյուսելում կայանալիք վեհաժողովին: Վրաստանը վեհաժողովին ներկա է լինելու որպես ասպիրանտ երկիր եւ դաշինքի արժանի գործընկեր:
Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը նպատակաուղղված գնում է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է դաշինքի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Փորձագետներն սկսել են ավելի վստահ խոսել, որ ամռանը ՆԱՏՕ-ի համաժողովին Վրաստանը դաշինք մտնելու «թույլտվություն» կստանա: Ընդ որում, խոսվում է անգամ Վրաստանի համար ՆԱՏՕ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հնարավորության մասին: Արեւմուտքը չի թաքցնում Վրաստանի ու տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը:
Ինչու՞ է Վրաստանն այդքան կարեւոր Դաշինքի համար: Ինչպես նշում են վերլուծաբանները, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է էականորեն փոխել ուժերի դասավորությունը մեծ տարածաշրջանում: Այս գործընթացը չի կարող ուղիղ կամ անուղղակի չազդել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի վրա: Ինչպե՞ս են դասավորվելու Վրաստանի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ անդամակցության դեպքում: Եվ պատահակա՞ն էր, որ օրերս Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ռազմական համագործակցության համաձայնագիրը:
Իր հերթին, Վրաստանի իշխող կուսակցությունը փորձում է խուսափել տարածաշրջանում ուղիղ հակամարտությունից: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այս շաբաթ Երեւանում էր, իսկ մարտի 11-ին կայցելի Բաքու: Պետք է ենթադրել, որ զրույցի թեմաներից մեկը Վրաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին:
Երեկ Կվիրիկաշվիլին եւս մեկ անսպասելի քայլ է արել: Նա նամակ է ուղարկել Ռուսաստանի ղեկավարությանը՝ առաջարկելով «այսօրվա եւ ապագա սերունդների առաջ պատասխանատվությունը գիտակցելով՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար համատեղ քայլեր ձեռնարկել»:
«Այս տարվա օգոստոսին լրանում է 2008 թվականի պատերազմի 10 տարին: Այդ դրամատիկ իրադարձությունը խորը հետք է թողել վրաց ժողովրդի գիտակցության մեջ եւ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական հարաբերությունները: Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի անկախության ճանաչումը փակուղի է մտցրել նորմալ միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը», նշված է նամակում:
Վրաստանի վարչապետը հաստատել է, որ պատրաստ է անձամբ մասնակցել Ժնեւի գործընթացին եւ ուղիղ երկխոսություն սկսել աբխազների ու օսերի հետ:
Արդյոք սա Վրաստանի առաջարկն է Ռուսաստանին՝ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը: Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի հետ երկխոսության ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կարող է նոր առճակատման պատճառ դառնալ: Դա, իր հերթին, կարող է ՆԱՏՕ-Ռուսաստանի հակամարտության նոր ճակատի վերածվել:
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Կվիրիկաշվիլիի ուղերձին կհետեւի ռուսական կողմի արձագանքը:
«Կվիրիկաշվիլին այդ հայտարարությամբ հնչեցրել է մեր երկրի կոնկրետ, խելամիտ առաջարկը Ռուսաստանին: Դժվար է կանխատեսել, սակայն կարծում եմ, որ վարչապետն արել է այն բարդ քայլը, որը պետք է աներ», – ասել է Զուրաբ Աբաշիձեն:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովը կարող է կրկին չբացել Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ: Սակայն աշխարհքաղաքական իրավիճակի փոփոխությունը, Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել կտրուկ քայլերի: Դրանք կազդեն ողջ տարածաշրջանի վրա: Կվիրիկաշվիլին այս թեմայով խոսե՞լ է Սարգսյանի ու Ալիեւի հետ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Վրաստանի վարչապետի անսպասելի քայլը
459 0

EtiketlerՎրաստանի վարչապետի անսպասելի քայլը
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.