Տնտեսական ռազմավարության բացակայության հետևանքները՝ արտասահմանյան ներդրումների խորը անկման օրինակով
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանի իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը նվազել է և դարձել բացասական՝ կազմելով -285.6 մլն ԱՄՆ դոլար (113.3 մլրդ դրամ)՝ համեմատած 2023 թ. դրական 479.3 մլն ԱՄՆ դոլարի (194.3 մլրդ դրամ) հետ։ Տարեկան կտրվածքով սա ավելի քան 2.6 անգամի նվազում է։ Դա վկայում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության պակասի մասին։
Այս բացասական միտումը հատկապես նկատելի է ուղղակի օտարերկրյա ներդրումների գծով, որոնց զուտ հոսքը 2024-ին կազմել է -112.9 մլն ԱՄՆ դոլար (44.8 մլրդ դրամ)՝ նվազելով 2.2 անգամ՝ նախորդ տարվա 624.1 մլն ԱՄն դոլարից (253 մլրդ դրամ)։
Հիմնական ներդրումային գործընկերներից՝ Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ստացվող հոսքերի կտրուկ անկումը դարձել է այս բացասական դինամիկայի գլխավոր գործոնը։ Մասնավորապես, Ռուսաստանից ընդհանուր ներդրումների զուտ հոսքը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է նվազել՝ 2024 թ.-ին հասնելով -156.3 մլն ԱՄՆ դոլարի (62 մլրդ դրամ)։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ռուսական ուղղակի օտարերրկրյա ներդրումների զուտ հոսքը ևս դարձել է բացասական՝ կազմելով -215.1 մլն ԱՄՆ դոլար (85.2 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4.8 անգամ։
Ավելին, ԱՄԷ-ից ստացվող ընդհանուր ներդրումների զուտ հոսքը գրեթե զրոյացել է՝ 257.6 մլն ԱՄՆ դոլարից (104.3 մլրդ դրամ) նվազելով մինչև -23.5 հազար ԱՄՆ դոլար (9.3 մլն դրամ)։ Նմանատիպ իրավիճակ է նաև ուղղակի ներդրումների մասով՝ 248.9 մլն ԱՄՆ դոլարից (100.8 մլրդ դրամ) մինչև -23.4 մլն ԱՄՆ դոլար (9.3 մլրդ դրամ)։
Վերը նշված թվերը և միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չունեն երկարաժամկետ, համակարգված և վստահելի տնտեսական ռազմավարություն, որը թույլ կտար պահպանել և զարգացնել օտարերկրյա կապիտալի ներգրավման գործընթացը։ Ներդրողների համար կարևոր է ոչ միայն հարկային արտոնությունների կամ աշխատուժի ծախսերի գործոնը, այլ նաև կայուն և կանխատեսելի տնտեսական ու քաղաքական միջավայրը, որն այսօր, դատելով ներդրումային դինամիկայից, ՀՀ-ում առնվազն լավ վիճակում չէ։
Այս ամենը հղի է լուրջ մակրոտնտեսական հետևանքներով՝ ներդրումային ճգնաժամ, տնտեսական աճի դանդաղում, աշխատանքի շուկայի կրճատում և պետական բյուջեի սահմանափակումներ։ Նման միտումների խորացման դեպքում առաջիկա տարիներին Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանի ներդրումային քարտեզից։