Վրացական պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ բացահայտեցի մի չափազանց հետաքրքիր տվյալ:
2024 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Առայժմ բարդ է ասել՝ ինչ գործարք է սա: Արդյո՞ք խոսքը գնում է հայ-թուրքական սվոփային գործարքի մասին, թե ոչ:
Առաջին մոտեցմամբ կարող եմ ենթադրել, որ այս գործարքի կողմ է հանդես գալիս Հայաստանի կառավարության կողմից լիցենզավորված էլեկտրաէներգետիկ թրեյդեր-կազմակերպություններից մեկը (կամ մի քանիսը), ինչը լիովին տեղավորվում է շուկայի ազատականացման ծրագրի մեջ (հիշեցնեմ, որ 2022 թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկել է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը):
Իհարկե, 60 մլն կՎտ.ժ-ը բավականին փոքր ցուցանիշ է, բայց հաշվի առնելով արտահանման ուղղությունը՝ անգամ 1 կՎտ.ժ-ը ձեռք է բերում կարևոր գեոտնտեսական նշանակություն:
Տվյալ հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:
Առաջիկայում կփորձեմ հնարավորինս մանրամասն անդրադառնալ դրան:
Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան