ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Գնալով խորանում են Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները էներգետիկ քաղաքականության տիրույթում:
Ինչպես վկայում են որոշ թուրքական աղբյուրներ, Անկարայի ներխուժումը հյուսիսային Իրաք նպատակ է հետապնդում նախևառաջ ածխաջրածինների այլընտրանքային մատակարարումներ իրականացնել Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Դրանով իսկ Թուրքիան լուծում է երեք բազային խնդիր.
1. Ավելացնում է սեփական ազդեցությունը խորը էներեգտիկ ճգնաժամ ապրող Եվրոպայում՝ օգտագործելով այլընտրանքային մատակարարումները որպես խաղաթուղթ ԵՄ հետ հարաբերություններում, ինչպես նաև տեղավորվելով ԱՄՆ-ի նկրտումների մեջ՝ ուղղված եվրոպական շուկայում ռուսական ազդեցությունն էապես նվազեցնելուն: Նշեմ, որ ԱՄՆ-ն այժմ չունի անհրաժեշտ հզորություններ՝ հավելյալ 15 մլրդ խմ գազ Եվրոպա արտահանելու համար, իսկ Կատարը սեփական գազի ծավալների մեծ մասն ուղղում է ավելի կայուն ու կանխատեսելի ասիական շուկաներ:
2. Վերահաստատում է սեփեկան գեոտնտեսական դիսլոկացիան՝ որպես էներգատրանսպորտային կարևոր հաբ, անգամ ռազմական ավանտյուրաների ձեռնարկման ճանապարհով: Դա հստակեցված է Թուրքիայի բազմաթիվ ռազմավարական փաստաթղթերում, այդ թվում՝ Արդարության և զարգացման կուսակցության ծրագրում:
3. Մասամբ հնարավորություն է ստեղծում ներքին թուրքական շուկան լցնելու ոչ լեգալ նավթով, ինչը կարող է որոշակիորեն զսպել վառելիքի գների աճը: Այս գործելաոճն ամենևին էլ նոր չէ: Նույն մոդելը Անկարան կյանքի էր կոչում 2013-2017 թթ. Սիրիայում, երբ ընդամենը 40-45 դոլարով նավթ էր գնում ահաբեկիչներից՝ ռիսկեր ստեղծելով OPEC+ նախաձեռնության համար, ինչը կրկին բխում էր այդ կազմակերպությունը կարտելային ու ոչ օրինական համարող Վաշինգտոնի շահերից: 2023-ին Թուրքիայում սպասվում են բավականին բարդ նախագահական ու խորհրդարանական ընրտրություններ, ու դրանց անհրաժեշտ է պատրաստվել արդեն այսօր:
Այս ամենն ուղիղ հակասության մեջ է մտնում Մոսկվայի արտաքին էներգետիկ ռազմավարության հետ, ինչն իր ազդեցությունն է ունենալու առհասարակ ռուս-թուրքական հարաբերությունների ողջ ընթացքի վրա: Սիրիա ուղևորվող ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակումն ու այսօր Իսրայելի կողմից Դամասկոսի հռթիրակոծումը այս բարդ պրոցեսի կարևոր ու փոխլրացնող դրվագներից են: Գումարենք սրան թուրք-իսրայելական փոխադարձ ռևերանսները, Մոսկվայի կողմից Իսրայելի հասցեին հնչեցվող կոշտ հայտարարությունները, Իրանի կողմից գրեթե ամեն օր վերահաստատվող կարմիր գծերը, ու կստանանք մի իրավիճակ, որում Հայաստանի պսևդո-իշխանությունների կողմից սպասարկվող ՛՛խաղաղության օրակարգը՛՛ բացարձակ մերկապարանոց է:
Վահե Դավթյան