Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ անելիքները շատ են: «Մենք պետք է որոշենք մեր ճակատագիրը՝ ուրիշների հետ հաշվի նստելով»:
Գործող իշխանություններից ազատվելու 2 պլան է առաջարկում Մանուկյանը: «Ինչ ցույցեր էլ մենք անենք, 100,000 մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանը ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին. ինչքան պարկեշտ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց: Սա հրաժարական տվողը չէ: Ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որոնք ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները: Առաջին հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունը ինչ ճանապարհով է գնում, եւ սպասում է, մինչեւ դժբախտությունը գա չոքի իր տան դեմ:
Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է կատարվում այս երկրում, եւ թե ինչ է լինելու: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք երբեմն իրենց շահից ելնելով՝ համոզում են իրենց, որ իրենք կատարում են իրենց պետական պարտավորությունը, առանց գիտակցելու, որ ծառայելով այս իշխանությանը՝ իրենք ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին: Մենք պետք է կոշտ լինենք իրենց հետ, մենք պետք է համոզենք իրենց եւ միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Երրորդ ուժը այն պատգամավորներն են, որոնք հենարանն են Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին:
Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ եւ միշտ թողնել նահանջի ճանապարհ: Հայաստանը պետք է եռա: Ամեն օր պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ, ավտոմեքենաների շարասյունով պետք է պտտել ողջ Հայաստանը, ոտքի կանգնել, մարդկանց հավաքել եւ միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը: Բայց կա նաեւ պլան Բ: Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինի մի շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո…
Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ, ապստամբելով վերցնել իշխանություն: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին»,- նշեց Վազգեն Մանուկյանը: