KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սերժ Սարգսյանն ապամոնտաժեց ՀՀԿ-ն

Սերժ Սարգսյանն ապամոնտաժեց ՀՀԿ-ն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
641 0

Հանրապետական կուսակցությունը հրապարակեց իր համամասնական ցուցակը: Ցուցակը գործնականում ունի այն տեսքը, ինչի մասին արդեն տեւական ժամանակ տարբեր արտահոսքեր են տեղի ունեցել մամուլում: ՀՀԿ-ն այսպես ասած բաժանել է իր նոր եւ հին ոգիները, այսպես ասած քաղաքական եւ օդիոզ դեմքերը: Քաղաքականները ընդգրկված են համամասնական ցուցակում, իսկ մյուսները ռեյտինգային քվեարկությամբ կփորձեն ապահովել իրենց եւ նաեւ կուսակցության տեղը «արեւի տակ»:
Ընդ որում, առկա է բավական ուշագրավ մի հանգամանք՝ օդիոզ դեմքերը, կամ այսպես ասած քրեա-օլիգարխիան, փաստորեն աշխատելու են քաղաքականների՝ այսինքն թե իրենց ռեյտինգային ձայների, թե ցուցակի համար:
Այլ կերպ ասած, ՀՀԿ օդիոզները 2017 թվականին փաստորեն կաշխատեն «նորերի»՝ այսինքն համամասնական ցուցակի համար: Ընդ որում, ոչ բոլոր օդիոզները ունեն խորհրդարանում հայտնվելու հնարավորություն: Բայց, միեւնույն ժամանակ, դատելով ՀՀԿ համամասնական ցուցակի «երկարությունից», նկատելի է, որ ՀՀԿ-ն երեւի թե բավական զգալի թվով «ռեյտինգային» է սպասում խորհրդարանում, քանի որ համամասնական ցուցակում ընդգրկված է ընդամենը 64 անձ: Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ համամասնական ցուցակայինների մի որոշ մասը կմնա գործադիրում կամ այլ պաշտոնի, ապա այդ ցանկը ավելի փոքր է: Իհարկե փոքր է նաեւ խորհրդարանը՝ ներկայիս գործողի համեմատ: Նախատեսվում է 101 պատգամավոր:
Այդուամենայնիվ, հանգամանքը, որ օդիոզ ռեյտինգայիններն իրենց համար աշխատելուց բացի փաստորեն կաշխատեն քաղաքականների համար, արդեն իսկ խոսում է ՀՀԿ-ում տեղի ունեցող որոշակի տրանսֆորմացիոն գործընթացների մասին: Չի բացառվում, որ դա այդ շերտի այսպես ասած անվտանգության եւ սեփականության անձեռնմխելիության գինն է:
Մյուս կողմից, պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանի պարտությունը դա հենց այդ շերտի պարտությունն էր, ինչն էլ Աբրահամյանն ակնարկել է մի քանի անգամ՝ որ միայն ինքը չէ, որ պարտվել է, պարտվել է այդ ամբողջ շերտը: 2014 թվականին ոչիշխանական բեւեռի եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սեփական խաղի կանոնները Սերժ Սարգսյանին վերաթելադրելու նրանց փորձը տապալվել է, եւ նրանք այժմ «ազնվորեն» ընդունում են խաղի Սերժ Սարգսյանի կանոնները: Չի բացառվում, որ ընդունում են, սպասելով իրենց նոր հնարավորությանը, հատկապես այս տարիների ընթացքում լավ ճանաչելով Սարգսյանի խաղաոճը՝ նա ոչինչ «դեն չի նետում», այլ դնում է պահեստում՝ մի օր պետք կգա տարբերակով:
ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ ինտրիգը Կարեն Կարապետյանի լինել-չլինելն էր: Կարեն Կարապետյանը ցուցակում չէ: Անկասկած է, որ Կարապետյանի համար դա առավելություն է: Նրա չլինելու պատճառը վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության պահանջը չբավարարելն է: Մամուլում տեղեկություններ եղան, որ Կարապետյանը կտրականապես դեմ է եղել կեղծ տեղեկանքի տարբերակին: Սերժ Սարգսյանը ՀՀԿ նոյեմբերյան համագումարում հայտարարել է, որ 2017-ից հետո վարչապետ կրկին լինելու է Կարեն Կարապետյանը, բայց նկատելի է նաեւ, որ բավական աշխույժ քաղաքական դերակատարում է վերապահվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որն էլ գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը: Եղել են նաեւ հրապարակումներ, որ այդուհանդերձ Սերժ Սարգսյանը վարչապետ կարող է առաջադրել Վիգեն Սարգսյանին:
Չի բացառվում, որ այդ տարբերակն ավելի 2018-ին մոտ դիտարկվող տարբերակ է: Վիգեն Սարգսյանն իհարկե Սերժ Սարգսյանի համար նախընտրելի ֆիգուր է, որովհետեւ նա ամբողջությամբ գտնվում է իր ուղեծրում, ի տարբերություն Կարեն Կարապետյանի:
Այդուհանդերձ, այդ դիլեման մեծապես կախված է ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցությունից, քանի որ այստեղ կա նաեւ Սամվել Կարապետյան, որը Կարեն Կարապետյանի թիկունքն է ՀՀԿ-ում: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը քաղաքական «հավանության» է արժանացել թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Դա նշանակում է բարդություն Սերժ Սարգսյանի համար, քանի որ եթե երեք մայրաքաղաքներում Կարեն Կարապետյանին արդեն ոչ թե նախնական, այլ հիմնական դիտարկման տակ վերցնեն որպես Սերժ Սարգսյանից հետո իշխանության առաջին դեմք, դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը որեւէ կերպ կարող է ոչ միայն չստանալ նախագահի կարգավիճակը վարչապետի կարգավիճակով փոխարինելու հավանություն, այլ կարող է բարդություն ունենալ իր համար լիովին կառավարելի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում:
Եթե ՀՀԿ ներսում զգացվեց Կարեն Կարապետյանի դիրքերի ամրությունը, ապա դա արդեն կարող է կուսակցության ներսում էլ փոխել ուժերի եւ տրամադրվածությունների բալանսը, վերջնականապես հասունացնելով Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից:
Ընդ որում, հավանական է, որ հենց այդ հանգամանքն է նաեւ պատճառը, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է ՀՀԿ շտաբ ձեւավորելու մտադրությունից: Բանն այն է, որ շտաբը կամ պետք է ղեկավարեր ինքը, կամ եթե չէր ցանկանում լինել նախագահ եւ նախընտրական շաբի պետ, ապա նվազագույնը պետք է ղեկավարեր գոնե Կարեն Կարապետյանը: Բայց Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին փորձել է նախընտրական շրջանում Կարապետյանին չտալ հավելյալ հիերարխիկ լծակ, առավել եւս ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի հանդեպ եւ արել է այնպես, որ Սարգսյանը նախընտրական շրջանում մնա իր «իրավազորության» ներքո:
Բացի այդ, շտաբի բացակայությունն ինքնին ՀՀԿ-ում ոչ միարժեք ստատուս-քվոյի առկայության հետեւանք է, ընդ որում դեռեւս 2015 թվականի Սահմանադրության հանրաքվեից դրսեւորված հետեւանք: Սահմանադրության հանրաքեին ՀՀԿ-ն դե ֆակտո առանց շտաբի էր, որպես այդպիսին: Դե յուրե շտաբն առկա էր, սակայն դրա պետ Հովիկ Աբրահամյանի կողքին Սերժ Սարգսյանը նշանակել էր վեց տեղակալների, որոնք ըստ էության ներկայացնում եւ արտացոլում էին իշխանության բաժանարար գծերն ու թեւերը, այդպիսով դե ֆակտո բացառելով հիերարխիկ շտաբի առկայությունը: 2017-ի ընտրությանը փաստորեն նաեւ դե յուրե արտացոլվում է շտաբի բացակայությունը, ինչը դե ֆակտ ակնհայտ էր դեռեւս 2015-ի հանրաքվեին:
Բանն այն է, որ գործնականում չկա ՀՀԿ, այսինքն կա միայն արտաքին շրջանակը, իսկ ներսում հարաբերությունների ամբողջ համակարգը գործնականում ապամոնտաժված է: Իսկ այն, ինչ չկա, չի կարող ունենալ նախընտրական շտաբ: Հարցն այն է, թե ինչ նոր համակարգով է լցնելու շրջանակը: Ընդ որում, այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի համար ամենեւին անակնկալ չէ, այլ թերեւս պետք է ասել, որ նա պլանավորված է կուսակցությունը տարել ապամոնտաժման, զուգահեռ նաեւ գործնականում ամայացնելով այսպես ասած քաղաքական միջավայրը, որպեսզի չլինի սուբյեկտ, որը կկարողանա օգտվել ՀՀԿ ներքին ապամոնտաժվածության իրողությունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir