İran Devrim Muhafızları istihbarat savaşı yürütüyor

Ankara ve Washington arasında yeni gerginlik

Bakü’de Kafkasya Sempozyumu var

Rus senatör: Çavuşoğlu onayladı, Washington ise anlayamıyor

Սերժ Սարգսյանի թուղթն ու Փաշինյանի երկաթը. հայ-չինական ռեբուս

Ermenistan 9 Mayıs 2019
17

Հայաստանը պետք է ավելի հավակնոտ լինի Չինաստանի հետ հարաբերությունում. վարչապետի պաշտոնում մեկամյա գործունեության տարեդարձի առիթով ասուլիսին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ առաջիկայում ասիական զարգացման ֆորումին մասնակցելու նպատակով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հայաստանը ներկայումս գտնվում է ներքին ու արտաքին զարգացումների բավականին բուռն ցիկլում, թեև ներկայիս աշխարհում հազիվ թե լինեն ոչ բուռն ժամանակահատվածներ, սակայն դրանում թավշյա հեղափոխությունից հետո մեկամյա ընթացքում ամենաբացականերից մեկը թերևս եղել է Չինաստանը: Խոսքը, իհարկե, համաշխարհային դերակատարությամբ կենտրոնների մասին է: Մինչդեռ Չինաստանը ներկայիս աշխարհակարգում ունի մի դերակատարում, որն առերևույթ բավականին հանգիստ է, սակայն նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում այն ունի չափազանց կարևոր նշանակություն և ֆունկցիոնալություն:

Արտաքին քաղաքական հավակնոտության տեսանկյունից Հայաստանն աշխույժ և լավ իմաստով առավելապաշտ պետք է լինի, իհարկե, բոլոր ուղղություններով, սակայն Չինաստանի պարագան ունի նաև ուրույն առանձնահատկություն, ինչը կախված է ոչ միայն Պեկինի ռեսուրսային հագեցածության և ինքնին հավակնոտության հետ, ոչ միայն զուտ դերակատարության, այլ նաև դրա մի առանձնահատկության հետ: Խոսքն այն մասին է, որ տնտեսական զարգացման և ռեսուրսային հագեցածության ճանապարհով ընթացքում մոտենալով աշխարհաքաղաքական դերակատարության բավականին բարձր կարգավիճակի՝ Չինաստանն առաջնորդվում էր «դանդաղ շտապելու» տրամաբանությամբ:

Մյուս աշխարհաքաղաքական դերակատարների համեմատությամբ Պեկինը համեմատաբար «երիտասարդ» կենտրոն է ժամանակակից աշխարհի երկրաքաղաքական կառուցվածքում: Այդ իմաստով, նա տնտեսական և ռազմա-քաղաքական կարողություններով ներկայումս թերևս երկրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո, սակայն երկրաքաղաքական «ենթակառուցվածքների» տեսանկյունից գտնվում է բավականին հետ և կարիք ունի մրցակցային դինամիկայի ավելացման, ըստ այդմ՝ տվյալ հարցում հնարավորինս մեծ թվով գործընկերների:

Այստեղ է, որ Հայաստանը կարող է ունենալ առանձնակի դերակատարում՝ հատկապես հաշվի առնելով կովկասյան տարածաշրջանում մեր երկրի ռազմա-քաղաքական առանձնահատուկ և հիմնարար դերակատարումը, ինչը էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում երկրաքաղաքական և երկրատնտեսական խաղի մեծ մասնակիցների համար: Ահա, այդ տեսանկյունից՝ չինական ուղղության հարցում Հայաստանը կովկասյան եռյակում թերևս հետնապահն է, եթե համեմատենք վրաց-չինական և ադրբեջանա-չինական հարաբերության հետ: Թե որն է այդ հետնապահության պատճառը, կամ ավելի շուտ պատճառները՝ մի կողմից, հնարավոր է քննարկել ու հասկանալ շատ արագ, մյուս կողմից, թերևս, իր հանրահայտության մեջ այն ավելորդ է դարձնում քննարկումները. նախորդ իշխող համակարգի բնույթ, որը թույլ չէր տալիս վարել ինքնիշխան և պետության շահից բխող քաղաքականություն:

Ներկայումս Հայաստանի առաջ խնդիրը այդ իրավիճակը փոխելն է, և այդ թվում փոխել կարևորագույն չինական ուղղությամբ՝ տարածաշրջանային ընդգրկումով:

Այստեղ փոխադարձ բազմազան առաջարկների մեծ դաշտ կա, ինչի մասին վկայում է և այն, որ Պեկինը Երևանում կառուցում է եվրասիական տարածաշրջանում իր ամենամեծ դեսպանատունը՝ Մոսկվայում ունեցած դեսպանատնից հետո: Իսկ այդպիսի խորհրդանիշները քաղաքականության մեջ բավականին նշանային իմաստ ունեն:

Անկասկած, Չինաստանի հետ սերտ հարաբերությունը ունի այլ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններում Հայաստանի հանդեպ «խանդի» ռիսկ: Բայց առանց այդ ռիսկի չի լինում աշխարհաքաղաքականություն, և հենց դրա համար է նաև անհրաժեշտ ինքնիշխանոթյան ներուժն ու դրա կարևորագույն բազան՝ իշխանության հանրային լեգիտիմությունը: Վերջին հաշվով, նաև արտաքին հարաբերությունների բազմազանությունն է, որ, սնվելով ինքնիշխանությունից, նաև սնուցում է ինքնիշխանությունը: Այդ տեսանկյունից Չինաստանը կարևոր աղբյուր է, և ողջունելի է, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց հայտարարում է բացը լրացնելու առաջիկա քայլի մասին, թեև այստեղ, անշուշտ, այդ քայլը պետք է լինի ոչ թե արձանագրման համար, այլ պարունակի կոնկրետ բովանդակություն: Ի վերջո, 2015 թվականին Չինաստան այցելել էր Սերժ Սարգսյանը, որն այդ երկրի նախագահ Սի Ցզինպինի հետ ստորագրեց երկկողմ գործակցության չափազանց տպավորիչ տեքստով հուշագիր, որը, սակայն, կարծես թե մնացել է իբրև թուղթ, համենայն դեպս՝ արդեն մոտ չորս տարի անց:

Նիկոլ Փաշինյանի առաջ հայ-չինական հարաբերությունը թղթից «երկաթի» վերածելու խնդիր կա, ընդ որում՝ այդ բառի պատկերավորության մեջ ամենալայն իմաստով, հատկապես հաշվի առնելով Պեկինի երկրաքաղաքական հետաքրքրությունների համատեքստում ենթակառուցվածքների առանցքային դերակատարումը:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Yorumlar