Հարավային Կովկասում 2023 թվականը գերհագեցած էր իրադարձություններով։
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, Ադրբեջանն ավարտեց իր տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը, Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստացավ, Թուրքիան ամրապնդեց իր ռազմաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Արեւմուտքը փորձեց ներկայանալ որպես Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության լավագույն երաշխավոր։
Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում լուրջ հակասություններ ի հայտ եկան։ Թվում է, թե դրանք այլեւս նույնը չեն լինի, բայց երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, եւ կարեւոր է խնդիրների ռացիոնալ լուծումներ գտնելը։
Մոսկվան ակտիվորեն առաջ էր մղում այլընտրանքային ինտեգրացիոն հարթակները՝ Իրանի եւ Թուրքիայի հետ ակտիվորեն քննարկելով «3+3» նախագծի տնտեսական հեռանկարները։
Կովկասը զերծ չմնաց նաեւ ընտրական գործընթացներից։ Ադրբեջանական գործոնը Թուրքիայի վերջին ընտրությունների կարեւոր սյուժեն էր։ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել, իսկ Վրաստանում արդեն սկսել են «նախավարժանքը» խորհրդարանական քարոզարշավից առաջ։
Աշխարհաքաղաքական դիզայնի բարդացում
Չափազանցություն չի լինի Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությունն անվանել տարվա առանցքային իրադարձությունը Կովկասում։ Երբեմնի չճանաչված հանրապետության մայրաքաղաք Իլհամ Ալիեւի այցի եւ այնտեղ տեղի ունեցած զորահանդեսը Ադրբեջանի եւ նրան աջակցող Թուրքիայի քաղաքական հաջողության բացահայտ ցուցադրությունն էին։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը հստակ ցուցադրեց միջին եւ փոքր տերությունների հնարավորություններն ու ռեսուրսները։ Այն երկրների, որոնք միջուկային զենք չունեն, բայց ունեն արտաքին քաղաքականության հստակ նպատակադրում, իրենց ազգային շահերն առաջ տանելու կամք եւ վճռականություն: Բաքվի եւ Անկարայի գործողությունները չի կարելի միանշանակ վերագրել արեւմտամետ կամ ռուսամետ վեկտորին։ Թեեւ Իրանը Կովկասում թյուրքական տանդեմի ուժեղացումն ընկալում է որպես ՆԱՏՕ-ի եւ հավաքական Արեւմուտքի ազդեցության ուժեղացում։ Բայց ինչպես էլ գնահատենք ադրբեջանա-թուրքական դաշինքի հնարավորությունները, կարեւոր է տեսնել, որ Հարավային Կովկասը դառնում է ոչ միայն «արեւմտականացման», այլեւ «արեւելայնացման» տարածաշրջան։
Այն իր վրա է կրում իրանա-իսրայելական հակասությունների ազդեցությունը (իսկ Ադրբեջանը հաջողությամբ գործակցում է հրեական պետության հետ), ինչպես նաեւ Թեհրանի եւ Անկարայի միջեւ տարընթերցումները: Միաժամանակ, եվրասիական երեք հսկաները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) չեն կարող անտեսել սիրիական գործոնը Կովկասում եւ հակառակը։
Բազմաթիվ մեկնաբաններ տարվա արդյունքներով շտապեցին դուրս թողնել Ռուսաստանը տարածաշրջանային առաջնորդների ցուցակից, արձանագրելով Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կապի թուլացումը, Ղարաբաղի հայաթափումը եւ Ռուսաստանի Դաշնության բացառիկ դերի կորուստը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ։ Միեւնույն ժամանակ, փորձագետներն ու քաղաքական գործիչները բազմիցս ուշադրություն են դարձրել Միացյալ Նահանգների եւ ԵՄ աճող ակտիվությանը ինչպես խաղաղ գործընթացում (այսպես կոչված «բրյուսելյան» եւ «վաշինգտոնյան» ձեւաչափերը), այնպես էլ Վրաստանի արեւմտամետ կողմնորոշման խթանելու գործում:
Իսկապես, Թբիլիսին չափազանց երկար էին կերակրում «նախաճաշերով» եւ երկրում ժողովրդավարական դիզայնի բարելավման մասին առաջարկություններով՝ հետաձգելով հստակ կարգավիճակների տրամադրումը։ Այն դեպքում, երբ եվրաինտեգրման ոլորտում բարեփոխումների եւ առաջընթացի առումով Վրաստանը առաջ է անցել ինչպես Մոլդովայից, այնպես էլ Ուկրաինայից։ Սակայն 2023 թվականի ավարտին այս երկիրը ստացավ թեկնածուի բաղձալի կարգավիճակը։
Իսկապես, Ռուսաստանի համար իրավիճակը Կովկասում հեշտ չէ դասավորվում։ Պատճառները շատ են. հատուկ ռազմական գործողության վրա ջանքերի կենտրոնացումը, աճող կախվածությունը Թուրքիայից Արեւմուտքի հետ չդադարող առճակատման ֆոնին, Հայաստանում քաղաքական գործիչների սերնդափոխությունը, Մոսկվայի ու Երեւանի ակնկալիքների տարբերությունը։ Բայց տագնապալի տրամադրություններին տրվելը սխալ կլինի: Ղարաբաղյան քեյսը փակված է թվում, բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտված չէ։ Եվ խոսքը միայն «խաղաղության պայմանագիր» կոչվող ֆորմալ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին: Այս ամենը առանց Ռուսաստանի մասնակցության, մեղմ ասած, խնդրահարույց է թվում։
Հարկ է նաեւ նշել նաեւ ռուս-վրացական երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ ԵԱՏՄ ինտեգրացիոն գրավչությունը Հայաստանի եւ նրա հարեւան Իրանի համար:
Ներքաղաքական դինամիկան
Որքան էլ կարեւոր լինեն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխումները, չի կարելի անտեսել տարածաշրջանի երկրների ներքին դինամիկան։ Չնայած Թուրքիան համարվում է «հարակից», այլ ոչ թե կովկասյան երկիր, նրա 2023 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պետք է դիտարկել Եվրասիայի այս հատվածում տիրող իրավիճակի համատեքստում: Նախ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակում կարեւոր դեր է խաղացել ադրբեջանական ծագումով թուրք քաղաքական գործիչ Սինան Օգանը։ Առաջին փուլում զբաղեցնելով երրորդ տեղը եւ ստանալով 5,22%՝ նա կոչ արեց աջակցել երկրի գործող ղեկավարին։ Օգանը նախկինում ուսումնասիրել է ռուս-թուրքական հարաբերությունները եւ Ռուսաստանում այս թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել ռուսերենով։
Այն բանից հետո, երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ, հանրապետությունը թեւակոխեց համապետական ընտրական դադարի շրջան։ Առավել կարեւոր էր մայրաքաղաքի ավագանու անդամների ընտրության կարեւորությունը։ Փաստացի դա երկրի բոլոր քաղաքական ուժերի գլխավոր ստուգատեսն էր։
Թեեւ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջինն էր, այն էական առավելություն չստացավ։ Փաշինյանի թիմը երկու տարի նման սթրես-թեստ չէր վերապրել։ Սակայն նրան հաջողվեց հաղթահարել այս մարտահրավերը, ինչպես միշտ՝ օգտվելով ընդդիմության ներքին տարաձայնություններից։ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ դարձավ վարչապետի հովանավորյալ Տիգրան Ավինյանը։
Տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին։ Ու թեեւ նրա իշխանությանը ոչ ոք եւ ոչինչ իրականում չի սպառնում, նման «շտապողականությունը» (պաշտոնավարման ժամկետը լրանում է 2025 թվականին) բացատրելի է։ Ալիեւը ձգտում է ամրապնդել իր ղարաբաղյան հաջողությունը ընտրական մակարդակում։
Վրաստանում հիմնական ներքաղաքական մարտերը կծավալվեն 2024 թվականին։ Երկրի ամենակարեւոր ուժերն արդեն սկսել են «թափ հավաքել»։ «Վրացական երազանք»-ը փորձեց (թեեւ անհաջող) կազմակերպել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը։ Նիկա Մելիան սկանդալային կերպով լքեց գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Նա կփորձի խաղալ «երրորդ ուժի» դերը, ինչպես նրանից առաջ շատերն էին փորձել: Առաջին հայացքից Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ շնորհելը արտաքին քաղաքական իրադարձություն է։ Սակայն այն լուրջ ներքին հետեւանքներ ունի։ «Իշխանության կուսակցությունը», այս կարգավիճակին հասնելով, կարող է չեզոքացնել ընդդիմությանը, որը ձգտում է ավելի եվրոպացի լինել, քան ինքը՝ Շառլ Միշելը։
Այսպիսով, 2023 թվականին Կովկասում շատ բան է փոխվել։ Քաղաքական օրակարգը բարդացել է, եւ կովկասյան երկրներն ավելի ու ավելի են զգում սահմանակից պետությունների եւ տարածաշրջանների ճնշումը։ Արտաքին գործոնները եւ անվտանգության դիզայնի վերափոխումը մեծապես ազդում են ներքին դինամիկայի վրա: Այս երկիմաստությունը նպաստում է տուրբուլենտության պահպանմանը թե՛ ողջ տարածաշրջանում, թե՛ Կովկասի առանձին երկրներում։ Իսկ Ռուսաստանի դերը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
https://mediamax.am/am/specialprojects/arm_world/53613/