KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սահմանին կարող է հարվածի անհրաժեշտություն առաջանալ

Սահմանին կարող է հարվածի անհրաժեշտություն առաջանալ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
434 0

Հայաստանը ցուցադրաբար հրաժարվեց. Իրանի արտգործնախարարը մեկնում է Ռուսաստան
Իրանի արտգործնախարարը մեկնում է Սոչի, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչներին: Կլինի հանդիպում Պուտինի հետ, թե ոչ, դեռեւս պարզ չէ: Այցն ուշագրավ է Ադրբեջանի արտգործնախարարի Իսրայել կատարած այցի ֆոնին: Ինչպես դիտարկել էի Բաքվի ռուս-իսրայելական հանձնարարությունը. Ադրբեջանի սեւ գործն Իրանի դեմ հոդվածում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի Իսրայել այցի օրակարգում կարող էր զգալի նշանակություն ունենալ Իրանի հարցը:
Իրանի արտգործնախարար Զարիֆի Սոչի կատարած այցը թերեւս վկայում է այդ մասին: Օգոստոսի 23-ին նույն Սոչիում ՌԴ նախագահ Պուտինն ընդունել էր Իսրայելի վարչապետ Նաթանյահուին, որը Պուտինի հետ հանդիպման այսպես ասած ողջույնի խոսքում բավական բաց տեքստով դրեց Իրանի դեմ համատեղ գործողությունների հարցը:
Իրանի դեմ ռուս-իսրայելական գործողության առանցքային հարթակներից մեկը Ադրբեջանն է, որին թե Ռուսաստանը, թե Իսրայելը մեծ ծավալի սպառազինություն են մատակարարում անկասկած ոչ միայն բիզնեսի եւ ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ զինելու նպատակով:
Այդ սպառազինությունը ռուս-իսրայելական ներկայությունն է Իրանի հյուսիսային սահմանին, եւ Թեհրանն անկասկած դա լավ է պատկերացնում:
Թեհրանն ըստ երեւույթին Մոսկվային կփոխանցի, որ Իրանը բավական կոշտ կարձագանքի հյուսիսային սահմանին որեւէ անցանկալի դրսեւորման դեպքում: Իսկ Թեհրանը հստակ է մատնանշել, եւ մատնանշում է տարբեր առիթներով, թե ինչն է իր համար անցանկալի՝ երրորդ ուժի ներկայությունն այդ սահմանին եւ ապակայունացումը: Ավելին, պաշտոնական Թեհրանը մի քանի շաբաթ առաջ հստակ հայտարարել էր, որ հյուսիսային շրջանների բնակչությանը վտանգ սպառնալու դեպքում Իրանը չի հապաղի համապատասխան քայլեր կատարելու հարցում:
Բացառված չէ, որ Ռուսաստանն այստեղ փորձում է խաղալ երկակի խաղ՝ մի բան է ասում Իսրայելին, մեկ այլ բան խոսում Թեհրանի հետ: Բացառված չէ նաեւ, որ ի վերջո այդ խաղի այսպես ասած քավության նոխազ կամ զոհաբերության առարկա դառնա Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Այստեղ հայկական կողմից պահանջվում է աչալրջություն այն դեպքի համար, երբ փորձ կարվի զոհաբերության հիմք գտնել հայ-ադրբեջանական սահմանին որեւէ սադրանքի տեսքով, դրանով դուրս գրելով Հասանովին:
Համենայն դեպս դրա անհրաժեշտությունն աստիճանաբար առաջանում է թե տարածաշրջանային-միջազգային մասշտաբով, թե Ադրբեջանի ներքին իրավիճակով:
Ներկայում փորձ է արվում գտնել ղարաբաղյան գոտում եւ Կովկասում կայունության տեւական նոր մեխանիզմի ձեւավորման բանաձեւը: Այստեղ խոչընդոտն Ադրբեջանն է, ինչ որ առումով նաեւ օբյեկտիվ խոչընդոտ: Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունն ինքը հայտնվել է իր այդ կարգավիճակից տուժողի վիճակում, եւ այստեղ փնտրվում է ելք, որի տարբերակներից մեկը կարող է լինել Բաքվի իշխանական համակարգում որեւէ խոշոր զոհաբերությունը:
Իհարկե դա ամենեւին չի ենթադրում սահմանային հիմքի առկայությունը, քանի որ կարող է լինել նաեւ Ադրբեջանի ներքին հիմք, այսպես ասած լրտեսական որեւէ սկանդալի տեսքով, որպիսին արդեն իսկ մի քանի անգամ բացահայտվել է:
Հայաստանն այդ իրավիճակում փաստացի ցուցադրաբար հրաժարվեց մտնել խաղի մեջ, թերեւս այն պատճառով, որ դրանում նկատելի է հակաիրանյան շերտը: Օգոստոսի 23-ին Նաթանյահուի հետ Սոչիում էր նաեւ Սերժ Սարգսյանը, Իսրայելի վարչապետից հետո Պուտինն ընդունել էր Սարգսյանին: Ընդ որում, դրանից օրեր առաջ Երեւանում էր Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը, որին չէր ընդունել Սերժ Սարգսյանը՝ արձակուրդի մեջ լինելու պատճառով, իսկ մի քանի օր անց էլ արձակուրդն ընդհատել էր եւ մեկնել Թեհրան՝ Հասան Ռոհանիի երկրորդ պաշտոնամուտին մասնակցելու: Դրանից հետո ծագեց ադրբեջանական անօդաչուների հայտնի աղմուկը, կապված իսրայելական ընկերության փորձարկումների հետ:
Այդ ամենին Երեւանի պատասխանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն էր Չինաստան, որն էլ հենց ցուցադրական ակտ էր, որ Երեւանը չի մտնում խաղի մեջ, որտեղ կան սլաքներ ուղղված Իրանին՝ անկախ այն բանից, թե ինչ զարգացում կունենա այդ ամենը:
Ռուսական պաշտոնական մամուլում եղավ դժգոհ հրապարակում Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի կապակցությամբ, ինչը հետագայում հեռացվեց:
Մոսկվան պատրաստվում է Իրանի արտգործնախարարին որոշակի բացատրությունների, իսկ Թեհրանին հասկանալի չի լինի հայ-չինական ռազմա-տեխնիկական գործակցության հանդեպ Մոսկվայի այդօրինակ խանդը: Հայ-չինական գործակցությունը ղարաբաղյան գոտում երրորդ ուժի անհրաժեշտությունը բացառող առանցքային գործընթացներից մեկն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir