Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս կարևոր է համարում հիշելը, որ պատմականորեն ՌԴ-ն ու Թուրքիան միշտ ռազմավարական առումով եղել են հակառակորդներ։ Նա NewArmenia.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ երկու պետությունների միջև եղել են պայքար ու պատերազմներ։ Սաֆրաստյանի խոսքով՝ մեր օրերում էլ ՌԴ-Թուրքիա ռազմավարական շահերը չեն համընկնում, սակայն պետությունները համագործակցության եզրեր են գտնում։
«Պատմական առումով միայն մի կարճ պահ է եղել, որ ՌԴ-ում իշխանության էին եկել բոլշևիկներն, իսկ Օսմանյան կայսրությունում՝ քեմալականները, և նրանք դաշինք կնքեցին՝ ընդդեմ Արևմուտքի, որովհետև երկուսն էլ Արմուտքից վտանգ էին տեսնում, բայց այս դաշինքն էլ կարճ տևեց։ Մեր օրերում տեսնում ենք, որ այդ երկու երկրները, մնալով ռազմավարական հակառակորդներ, որովհետև շահերը տարբեր են, կարողանում են գտնել մարտավարական համագործակցության ձևեր, կարողանում են իրենց շահերը համաձայնեցնել, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում, սակայն գեոստրատեգիայի առումով բան չի փոխվել։ Հիմա մենք տեսանք, որ ՌԴ-ն կարողացավ հիմնականում թույլ չտալ, որ Թուրքիան իր զինված ուժերը բերի Հարավային Կովկաս, պարզապես սիմվոլիկ հնարավորություն տվեց Թուրքիային մասնակցել այդ համատեղ մոնիթորինգի կենտրոնում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն Արցախում սադրանքների տեսքով արտացոլվի, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, թե չի կասկածում, որ Թուրքիայի կողմից կլինեն սադրանքներ։
«Հիմա դեռևս Ադրբեջանի կողմից գալիս է մոնիթորինգի խումբ, որ սահմանափակ թվով սպաներ են լինելու, բայց այնտեղ կան վարձկաններ, որ թուրքերն են բերել, գուցե մնացել են թուրք սպաները, որոնք վարում էին ադրրբեջանական մարտը, կան թուրքական հատուկ ստորաբաժանումներ, բայց նրանք, ըստ ստորագրված հայտարարության, իրավունք չունեն իրականացնելու գործողություններ։ Սակայն սադրանքներ սպասում եմ նաև ՀՀ-ի հետ սահմանի վրա, օրինակ՝ Սյունիքում, որտեղ, իհարկե, կգործի Ադրբեջանը, բայց կհրահրի Թուրքիան։ Սադրանքներ սպասում եմ բուն Արցախում՝ Ադրբեջանի ուժերի միջոցով, իհարկե, այդտեղ թուրքերն իրենց դեմքով հանդես չեն գա։ 2000-ից ավելի վարձկանների, որ Թուրքիան բերել է, կփորձեն պահել այդտեղ, որ օգտագործեն իրենց նպատակների համար, ինչը տեղով սադրանք է»,- շարունակեց Սաֆրաստյանը։
Թուրքագետի կարծիքով՝ սադրանքներ կարող են թե՛ Նախիջևանի ուղղությամբ, թե անմիջապես Հայաստան-Թուրքիա սահմանին։ Միևնույն ժամանակ շեշտեց, թե բանը չի հասնի նրա, որ ՌԴ-ն ստիպված լինի միջամտել։
«Ենթադրում եմ, քանի որ Թուրքիան չհասավ իր վերջնական նպատակներին, նրան չհաջողվեց օրինական ճանապարհով իր զորքերը տեղակայել Արցախի երկայնքով՝ որպես խաղաղապահներ, ինքը կփորձի սահմանային ճնշումերի միջոցով հասնել մի բանի, իսկ թիրախն առաջին հերթին կլինի ՀՀ-ն։ Չեմ կարծում, որ Թուրքիան միանգամից կբռնի ու պատերազմ կհայտարարի ՀՀ-ին, որ ՌԴն էլ միջամտի, պարզապես տարբեր տեսակի ճնշումներ կլինեն, օրինակ՝ սահմանին զորք կուտակել, թռիչքներ սահմանի երկայնքով, ինչը պրովոկացիա է, նույնը կլինի Սյունիքի՝ Ադրբեջանի հետ սահմանին»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Այս իրավիճակում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, ՀՀ-ն պետք է շարունակի ռազմաքաղաքական դաշնակցությունը ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային վտանգներն ու շահերը, քանի Թուրքիան մնում է ՀՀ-ի հակառակորդը, ինչը ներկա ու մոտակա ապագայում չի փոխվելու։
Անի Արամի