KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ռուբեն Կարապետյան: «Երրորդ հանրապետության» հիմնարար դասերը

Ռուբեն Կարապետյան: «Երրորդ հանրապետության» հիմնարար դասերը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 37 dk okuma süresi
385 0

Արցախյան վերջին պատերազմը ամենայն սրությամբ մեր առջեւ դրեց այս շուրջ 30-ամյա ՀՀ անկախության վերաիմաստավորման, թույլ տված սխալների ու բացթողումների վերհանման, ինչպես նաեւ ճշգրիտ լուծումներ առաջարկելու եւ առաջնահերթ անելիքները հստակեցնելու անհրաժեշտությունը։ Սա այլեւս համազգային խնդիր է, որից կախված է լինելու մեր պետականության կենսունակությունն ու հետագա ինքնիշխան գոյությունը, հայության ապագան։

Ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահել, այս անգամ էլ մենք անզգույշ վարվեցինք մեր անկախության հետ՝ սկսած այն ժամանակներից, երբ հայ նախարարներն ինքնակամ հրաժարվեցին պետականությունից՝ հօգուտ պարսից մարզպանության, եւ վերջացրած մեր օրերով, երբ քայլ առ քայլ փոշիացրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը։ Թեեւ անհերքելի է պատերազմում պարտության եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքների անէացման գործում «թավշյա» վարչապետի ու նրա քաղաքական թիմի հիմնական դերակատարությունն ու պատասխանատվությունը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ պատերազմը վերջնարդյունքն էր նաեւ անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված արատավոր կառավարման համակարգի, որի կազմաքանդման համար 2018թ․ ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը եւ որի ուղղությամբ այդպես էլ որեւէ լուրջ քայլեր չձեռնարկեց նոր «հեղափոխական» կառավարությունը։

Ստեղծված պայմաններում նոր որակի եւ բովանդակության Հայաստանի Հանրապետության հրատապ կայացումը դարձել է անվիճարկելի հրամայական։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պատմությունից դասեր քաղել, ինչի մասին շատ է խոսվում, սակայն դրանց հստակ անդրադարձ գրեթե չի կատարվում։ Ուստի, ստորեւ փորձենք վերլուծել մեր անցած 30 տարիների պետականաշինության անհաջողության հենքային պատճառներն ու առավել ընդհանրական առաջնահերթ դասերը։

Դաս առաջին

Այս տարիների ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր ժողովրդի ու պետության կյանքում անթույլատրելիորեն անտեսված է եղել առանցքային նշանակություն ունեցող ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ եւ ՀՈԳԵՎՈՐ հենքը։ Առաջինը, մեր պետության գաղափարական հենքի ձեւավորման անհրաժեշտության մասին։ Յուրաքանչյուր մարդ լույս աշխարհ է գալիս իր ու միայն իրեն վերուստ տրված առաքելությամբ։ Երջանիկ լինելու եւ կյանքի ընթացքում հաջողությունների հասնելու համար հիմնարար նախապայման է այդ առաքելության բացահայտումը։ Այդպես է նաեւ ազգերի դեպքում, երբ նրանք ինքնակազմակերպվում են սեփական պետության ներքո՝ ազգային առաքելության իրականացման համար։ Արդյո՞ք մենք հայերս հավաքական իմաստով գիտակցե՞լ ենք մեր առաքելությունը, մեր տեղն ու դերը աշխարհում։ Իրապես, մենք «կորցրել ենք մեր ճանապարհը»։ Կորցրել ենք, որովհետեւ չգիտենք մեր մասին, չենք գիտակցում մեր առաքելությունն ու հոգեւոր ուժի գաղտնիքը, մոռացել ու կտրվել ենք մեզ սնուցող արմատներից ու հենքից։ Հակառակ դեպքում մենք մեր երեխաներին կդաստիարակեինք հայկական առաջին՝ Արատտա պետականության քաղաքակրթական արժեքների վրա, որը հայտնի էր որպես «Սրբազան Օրենքների եւ Իմաստության» երկիր։ Մինչեւ հիմա մենք անգամ չենք կարողացել լիարժեքորեն իմաստավորել ու ճշգրիտ օգտագործել այն, որ մարդկության բնօրրան եւ սկզբնաղբյուր հանդիսացող Հայկական բարձրավանդակի սրտում է գտնվում սրբազան Արարատ լեռը, որ մեր նախնիները խոսել ու հարաբերվել են մարդկության առաջին՝ Նոյի լեզվով, որ մեր պատմական Հայրենիքի տարածքում է բիբլիական Դրախտը, որտեղից իրենց ակունքներն են առնում մարդկությանը կյանք պարգեւած չորս գետերի ջրերը։ Անհասկանալի պատճառներով, մենք հայերս չենք խոսում այն մասին, որ մենք մեր հարեւաններին տարբեր արհեստներ ու արվեստներ ենք սովորեցրել, կիսվել ենք նրանց հետ երկնային գաղտնաշխարհի մեր բացառիկ իմացությամբ, «անմահության» ու «կենաց ծառի» պտուղներն ենք հրամցրել նրա ետեւից եկած ճամփորդներին։ Արդյո՞ք մենք բավարար հպարտանում ու գիտակցում ենք աշխարհում հայերի ունեցած քաղաքակրթական ներդրման ծավալներով, բովանդակությամբ եւ աշխարհագրությամբ՝ Երուսաղեմից մինչեւ Սինգապուր, Կոստանդնուպոլսից մինչեւ Կալկաթա, Նեապոլից մինչեւ Կահիրե, էլ չխոսենք հարեւան երկրների մասին։ Մենք պետք է հստակ ամրագրենք, որ մեր ազգային առաքելությունը չի սահմանափակվում միայն մեր ազգի եւ Հայկական բարձրավանդակի սահմաններով, այն ԱՆՍԱՀՄԱՆ է, ուրեմն անսահման են նաեւ մեր ու աշխարհի հետ շփվելու հնարավորությունները, մեր պատասխանատվությունը նաեւ աշխարհի եւ այլ ազգերի նկատմամբ։

Ուրեմն, մեր ազգային ի վերուստ տրված առաքելությունը նաեւ համամարդկային է։ Այս երկուսն անքակտելիորեն միահյուսված են։ Հայկականությունը իր մեջ ներառելով ու յուրացնելով աշխարհի լավագույնն ու առաջադեմը, մշտապես նոր խոսք ու նոր բովանդակություն է հաղորդել մարդկությանը։

Մենք պարտավոր ենք ձեւավորել մեր նոր ազգային գաղափարական տեսիլը, որը հիմնված կլինի մեր աշխարհաստեղծ առաքելության, հայկական քաղաքակրթական ժառանգության վրա ու կամրագրի մեր ազգային եւ միեւնույն ժամանակ համամարդկային առաքելությունը, մեր հայացքները կուղղի դեպի Արարատի գագաթ եւ կուղղորդի մեր ժողովուրդը դեպի մեր արմատներն ու երբեմնի ոգեղեն ուժը՝ դեպի հավերժություն…

Դաս երկրորդ

1991թ․ ձեռք բերված անկախությունից հետո հայ ժողովրդի վերաբերմունքը ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ նկատմամբ մեկ անգամ եւս ի ցույց դրեց մեր ազգային ինֆանտիլիզմը՝ անհասունությունը։ Մենք չկարողացանք ձերբազատվել փոքր «խանութպանի»՝ թայֆայական, խմբակային, կուսակցական մտածելակերպից ու պետության շահը վեր դասել անձնական, ընտանեկան եւ այլ ավելի մանր շահերից։ Չդարձանք պետության լիարժեք քաղաքացիներ, չձեւավորեցինք քաղաքացիական հասարակություն:

Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել մեզանում գոյություն ունեցող արատավոր տարբերակումը Պետության եւ Հայրենիք հասկացությունների միջեւ, մեզանում այդ երկուսը երբեք չնույնականացան, ինչպես այլ ազգերի մոտ։ ՀՀ առաջին Հանրապետության հիմնադիրներից Հ․ Քաջազնունին պնդում էր, որ «ազգի համար Հայրենիքը ազգային Պետությունն է»։ Սակայն Հայաստանի Հանրապետությունը շատերի համար այդպես էլ Հայրենիք չդարձավ։ Հակառակը՝ պատմական Հայրենիքի մի մասում գոյատեւող Հայկական պետության շենացման վրա կենտրոնանալու փոխարեն, մեր ժողովրդի մի զգալի հատվածն այդպես էլ մնաց անցյալում՝ Հայրենիքն ընկալելով ավելի շատ վիրտուալ, երեւակայական, զգացական պատմական տիրույթում։ Այն ինչ իրական այսօր գոյություն ունեցող Հայկական ՊԵՏՈՒԹՅԱՆԸ տիրանալ էր պետք, ստանձնելով «տիրոջ»-ը հատուկ պատասխանատվություն ու շարունակ քրտնաջան աշխատելով նրա հզորացման ու առաջընթացի համար։

Մենք՝ հայերս, այդպես էլ չդարձանք Պետականակերտ ազգ։ Չդարձանք, որովհետեւ ունեցանք եւ դեռ ունենք միայն խմբապետեր կամ լավագույն դեպքում կուսակցապետեր, բայց ոչ պետական գործիչներ։ Ցավը նրանում է, որ նույն վիճակն է նաեւ Սփյուռքում՝ առկա են այս կամ այն «շրջանակի» ղեկավարներ ու կուսակցական գործիչներ, բայց ոչ համազգային առաջնորդներ։

Պետությունը ազգի ինքնակազմակերպման ամենաբարձր մակարդակն է։ Մենք պետք է ձերբազատվենք պետության հանդեպ մեր կրավորական վերաբերմունքից, որը թերեւս հետեւանք է պետականության դարավոր բացակայության։ Վաղուց ժամանակն է ինքնակազմակերպվելու եւ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԳԵՐՆՊԱՏԱԿ։ Ամեն ինչ պետք է դառնա երկրորդական, եթե հարցը վերաբերում է մեր պետականությանը, որեւէ բան արժեք չունի, եթե անկախ մեր բնակության վայրից մեր մտքում եւ սրտում չկա այնպիսի Հայաստան, որի համար մենք հպարտանում ենք, որին պատկանելը եւ որի քաղաքացի լինելը բարձրագույն պարգեւ է ու պատիվ։

Յուրաքանչյուր հայ պետք է առաջնորդվի միայն մի կարգախոսով՝ «Հայաստանի Հանրապետությունն է իմ կուսակցությունը»։

Ուստի, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է բազմադարյա ազգային այս քաղաքական մանկությունից անցում կատարել հասունության շրջան՝ վճռականորեն փոխելով մեր մոտեցումը ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ հանդեպ, դարձնելով այն գերակա շահ յուրաքանչյուր հայի համար։

Դաս երրորդ

Կ․ Զարյանի հերոսներից մեկն ասում էր, որ «արտաքին դեպքերը մեզ այցելում են այն ժամանակ, երբ մենք ներքուստ պատրաստ ենք դրանց»։

Կարող ենք արձանագրել, որ մեզ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել մեր երկրի «փոքրության» բարդույթն ու դրանից բխող հավատի պակասը սեփական ժողովրդի, պետության կենսունակության ու նրա ապագայի հանդեպ։ Հոգեւոր գրեթե բոլոր ուսմունքները միակարծիք են, որ առանց սեփական անձի ու այլ մարդկանց նկատմամբ սիրո, առանց սեփական ուժերի ու կարողությունների նկատմամբ հավատի՝ մարդը ոչ միայն չի կարող երջանիկ ապրել ու արարել, այլեւ՝ որեւէ լուրջ հաջողության հասնել կյանքում: Հենց դրանից է, որ մարդիկ չեն կարողանում գնահատել սեփական արժեքն ու իրենց արժանի տեղը գտնել հասարակության մեջ, դառնում են չարակամ, նախանձ եւ անհանդուրժող: Այդպիսի մթնոլորտում դժվար թե ի հայտ գա սիրված ու հարգված առաջնորդ, որն ունակ կլինի անկեղծորեն փոխադարձելու այդ սերն ու պատկառանքը: Իսկ ազգը սիրել անկարող ղեկավարը ի վիճակի չէ անմնացորդ ծառայել ազգին ու առանց վերջինիս տաղանդին ու ստեղծագործ ուժին ապավինելու, նա չի կարող հավատալ պետության ապագային ու տեսնել նրա զարգացման ճանապարհն ու հեռանկարները։

Մարդկանց ու ժողովուրդների հոգեւոր առողջության այս երկու հենասյուները՝ սերն ու հավատը, առաջնային նշանակություն են ձեռք բերում հատկապես համաշխարհային այնպիսի փոփոխությունների ընթացքում, երբ նախկինում առկա «կոմֆորտային» միջավայրը հայտնվում է վտանգված, երբ ապագայի նկատմամբ անորոշությունն էլ ավելի է խորացնում պետության մեջ քաղաքացիների վախերն ու անապահովության զգացումը:

Հայաստանում փոփոխությունները պետք է յուրաքանչյուրը սկսի իրենից՝ «ցանկանում ես փոխել Հայաստանը, սկսիր փոփոխությունը քեզնից» կարգախոսի համաձայն: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ իրական առաջընթաց կարող է գրանցվել երկրում միայն այն պայմաններում, երբ մենք կսկսենք փոխել մեր մտածելակերպը, երբ մենք կվերագտնենք սերն ու հարգանքը առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ ու մեր շրջապատի նկատմամբ, երբ կսկսենք վստահել մեր ուժերին ու հավատալ մեր պետության ապագային կգտնենք մեր «ճանապարհը», կկազմակերպվենք, կկսկսենք իրապես արարել ու ստեղծել, շենացնել ու տեր դառնալ մեր երկրին։

Իսկ երբ չկա այդ հավատը՝ չի կարող լինել նաեւ պետական տեսլական ու ռազմավարություն, իսկ վերջինիս բացակայության դեպքում չի կարող լինել նաեւ պետականաշինության համար անհրաժեշտ քաղաքական կամքն ու վճռականությունը, ծրագրված, նպատակասլաց աշխատանքը եւ այն կյանքի կոչող կարող ու հմուտ պետական ընտրանին։

ՀՀ անկախության ձեռքբերումից հետո, մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չունենալով պետականաշինության հստակ ծրագիր ու մշակված ռազմավարություն, մենք աշխարհին սկսեցինք նայել ոչ թե Երեւանից, այլ՝ տարբեր մայրաքաղաքներից, հաճախ նրանց կարծիքն ու շահերը վեր դասելով մեր օտար իսկ պետական շահերից։ Այնուհետեւ, աստիճանաբար մեր քաղաքական մտահորիզոնը էլ ավելի նեղացավ եւ մենք նորից թույլ տվեցինք նույն պատմական սխալը՝ կանգնեցնելով մեզ անհեռանկարային ու փակուղային՝ արեւմտամետ թե ռուսամետ աշխարհաքաղաքական ընտրության առջեւ։ Արդյունքում պետության համար առանցքային անվտանգության գրեթե բոլոր ոլորտները հետեւողականորեն դրեցինք օտար ուժի լիակատար վերահսկողության տակ։

Մենք պարտավորենք ձերբազատվել պետության ճակատագրին սիրողական մակարդակով վերաբերմունքից։ Մենք պետք է վերջ դնենք մեր հարեւանների հետ հարաբերություններում որեւէ երրորդ ուժի միջամտությունից ու ներգրավումից։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը պետք է լինի մեր ու միայն մեր պետության մենաշնորհը։ Հայաստանն ու Հայությունը պետք է լինի մեր աշխարհաքաղաքական միակ ընտրությունը, Հայաստանամետությունն ու Հայակենտրոնությունը մեր պետական գաղափարախոսության ու ռազմավարության հենքը։

Հաշվի առնելով վերոհիշյալը, Հայության ողջ մտավոր ներուժը պետք է անհապաղ կենտրոնանա Հայաստանի Հանրապետության նոր ազգային անվտանգության հայեցակարգը մշակելու, պետական ռազմավարությունն ու ազգային շահերը հստակ ձեւակերպելու վրա, որը հիմնված կլինի մասնագիտացված լուրջ գիտելիքների, ճշգրիտ տեղեկատվության ու անխոցելի հաշվարկների վրա։ Մենք պետք է սովորենք աշխարհին նայել «Երեւանից», այլ ոչ թե ուրիշ օտար մայրաքաղաքներից, պետք է հրաժարվենք օտարի վրա հույսը դնելու ինքնաոչնչացնող մտածելակերպից ու քաղաքականությունից, պատրանքներով ապրելու եւ ցանկությունը իրականության տեղ ներկայացնելու սովորությունից։

Ուստի, տարածաշրջանում եւ աշխարհում մեր պետության տեղի ու դերի, նրա շահերի ու դրանց պաշտպանության համար առաջնային անելիքների հստակեցումը, այդ ռազմավարությունից ու հայեցակարգից բխող հստակ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մշակումը այսօր պետք է համարել կարեւորագույն համազգային օրակարգային հարց։

Դաս չորրորդ

Պետք է արձանագրենք, որ մեզ նաեւ չհաջողվեց ձեւավորել արդար եւ արդյունավետ պետական կառավարման համակարգ։ Մի՞թե պատմության ընթացքում ամենասարսափելի դաժանությունները տեսած ու ծայրահեղ անարդարություններն անցած, ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը անկարող է իր իսկ պետության ներքո ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, ուր կբացակայի անօրինականությունն ու խտրականությունը, կաշառակերությունն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող յուրաքանչյուր դրսեւորում։ Դարեր ի վեր պետականության բացակայության եւ օտարին հպատակվելու պայմաններում մեզանում կարծես հետին պլան է մղվել արդարության պահանջը։ Այն հաճախ իր տեղը զիջել է ցանկացած իշխանության անարդարության հետ հարմարվելու, սեփական անձի ու ընտանիքի բարեկեցության համար անօրինական գործարքների գնալու պատրաստակամությանը, ստոր ու կաշառակեր իշխանավորի բարեհաճությանն ամեն գնով արժանանալու ձգտմանը…

Անկասկած, հենց այդպիսի «մենաշնորհային» քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի պատճառով մեր երկրում խորացավ սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամը, ահագնացավ արյունաքամ անող արտագաղթը, կաշառակերությունը ձեռք բերեց այնպիսի ծավալներ, որ սկսեց սպառնալ ազգային անվտանգությանն ու անխուսափելիորեն թուլացրեց մեր պետականությունը։ Օրինաչափություն է այն, որ օտար մեծ ուժերը խաղի իրենց կանոնները պարտադրում են առաջին հերթին այն պետություններին, որոնք անկարող են ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, ուր քաղաքացին իրեն օտարված է զգում պետությունից։ Դրսից ճնշումները սկսում են ահագնանալ այնպիսի իշխանությունների վրա, որոնք սոցիալական անարդարության պայմաններում չեն կարողանում արդյունավետորեն ղեկավարել երկրի ներքին կյանքը, ի վիճակի չեն սեփական ուժերով եւ միջոցներով ապահովել երկրի անվտանգությունն ու վարել հենց դրանից բխող անկախ արտաքին քաղաքականություն։

Ուստի, առանց արդար պետական կառավարման համակարգի կառուցման, ուր իշխանության իրարից հստակորեն տարանջատված բոլոր թեւերի միջեւ առկա են զսպման ու հավասարակշռման հստակ մեխանիզմներ, մենք ի վիճակի չենք լինի լիարժեքորեն ապահովել մեր անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Հայտնի է նաեւ այն, որ «արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը», մինչեւ մենք մեր տան ներսում չիրականացնենք այդ անհրաժեշտ փոփոխությունները, հայկական դիվանագիտությունը զրկված կլինի անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու եւ մեր պետական ու ազգային շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից։

Պետք է հստակ գիտակցենք, որ միայն համընդգրկուն, ներառական եւ արդար կառավարման համակարգի հաստատման պայմաններում հայ ժողովուրդը կարող է կերտել ու ամբողջությամբ բացահայտել իր անսպառ տաղանդն ու ստեղծագործական ներուժը։ Այդպիսի պետական կառավարման համակարգի ստեղծումն ու գործադրումն է ապահովելու մեր պետության անշեղ զարգացումն ու առաջընթացը։

Դաս հինգերորդ

Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ առանց ողջ Հայության ներուժի գործադրման ու մասնակցության չի կարող գոյատեւել ու հզորանալ Հայոց պետականությունը, ինչպես նաեւ այն, որ առանց վերջինիս չի կարող պահպանվել հայկական ինքնությունն ու հարատեւել Հայությունը Սփյուռքում: Սակայն մեր պետության անկախության այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չդարձավ համայն Հայության Պետությունը, Հայության կյանքի հիմնարար ու առաջնային առանցքը։ Մեզ չհաջողվեց միավորել ողջ հայ ժողովուրդը հայկական պետականության շուրջը, դարձնել այն Հայության կյանքի ու գործունեության կիզակետը։

Հատկապես այսօր, երբ Արցախյան պատերազմում կրած պարտության ու խորը համազգային ճգնաժամի պայմաններում Հայոց պետականությունը կանգնած է գոյութենական մարտահրավերների առջեւ, առավել քան երբեւէ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանն ու Հայությունը միաձուլելու, համախմբելու համար, միավորելով Հայության ողջ ներուժը Հայկական նոր որակի պետականության կառուցման շուրջ։

Նախկին ավելի շատ բաժանող քան միավորող՝ Հայաստան-Սփյուռք գործելակերպը պետք է փոխարինել նոր՝ Հայաստան + Հայություն ձեւաչափով: Այսօր Հայաստանի քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը անհրաժեշտ է ճեղքում ապահովող գործողությունների միասնական ծրագիր, որը կարող է ներկայիս հուսալքվածության, հասարակական մասնատվածության ու Հայության տարբեր հատվածների միջեւ աճող անվստահության պայմաններում ճանապարհ ցույց տալ դեպի Ապագան, միավորելով Հայությունը մի միասնական ծրագրի իրականացման շուրջ։

Համահայկականության գաղափարական հենքի վրա մշակված այդ ծրագիրը, որը նախատեսում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ստեղծումը, պետք է դառնա Հայաստանի Հանրապետության եւ Հայության գործողությունների հենքն ու առանցքը, որի գործադրման դեպքում միայն Հայաստանի Հանրապետությունը ողջ Հայության հետ միասին կարող են վերածնել Հայկական ուժը, որն էլ ի վիճակի կլինի ներկայիս տարածաշրջանային եւ գլոբալ անկայուն ժամանակներում ապահովելու թե Հայաստանի անվտանգությունն ու անշեղ զարգացումը եւ թե մեր աշխարհասփյուռ ժողովրդի պաշտպանությունն ու բարեկեցությունը։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ստեղծումը հնարավորություն կտա հայ ժողովրդին գործնականում հասնելու միասնական կյանքով ապրելու եւ արարելու այլընտրանք չունեցող նպատակին, որը համայն Հայության ներուժը կհամախմբի ու կուղղորդի՝ հայ ժողովրդի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարմանը, հիմնարար վտանգների չեզոքացմանն ու ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

Համահայկական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է լրացնել համազգային կազմակերպվածության անթույլատրելի երկու բացթողումները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր: Առաջինը արտերկրում Հայության ՄԻԱՍՆԱԿԱՆ ներկայացուցչական կառույցի ստեղծումն է, որը տեղակայվելով արտերկրում կդառնա Հայության եւ Հայաստանի արտաքին ճակատի պաշտպանը՝ մեր ազգի ու պետության շահերի հետապնդողը դրսում։ Իսկ երկրորդ կառույցը Երեւանում կզբաղվի Հայության անվտանգության, ներգաղթի, կրթության, հայկական ժառանգության, երիտասարդության, քարոզչության եւ համահայկական մի շարք այլ կարեւոր համահայկական հարցերով /Համահայկական ներդրումային կորպորացիա, Համահայկական համալսարան, հեռուստաալիք/։

Այդ ծրագրի շուրջը համախմբված Հայության ազատ եւ առաջադեմ մարդիկ կարող են ստեղծել ու իրականացնել կենսական Համահայկական ծրագիրը՝ գործողությունների հստակ մշակված «ճանապարհային քարտեզով»։ Դրա համար պետք է կողմ դնել բոլոր հատվածական՝ համայնքային, կուսակցական, միութենական եւ այլ շահերն ու առաջնահերթությունները ու լծվել այսպիսի Համահայկական համակարգի ստեղծմանը, ուր ներկայացված կլինի ողջ Հայությունը՝ Հայաստանի Հանրապետության եւ ԲՈԼՈՐ համայնքների ու միավորների ներկայացուցիչներով։ Նման համակարգի ստեղծումը հնարավորություն կտա նաեւ աշխարհասփյուռ հայությանը առավել լայն /ի տարբերություն ներկայիս սահմանափակ կուսակցական, համայնքային կառույցների/ ազգային եւ պետական գործունեության հնարավորություններ, որի ընթացքում կհայտնվեն նոր առաջնորդներ՝ արդյունքում ձեւավորելով մեզանում այդքան պահանջված ազգային ու պետական նոր վերնախավը:

Դաս վեցերորդ

Հին Արեւելքի փիլիսոփաներից մեկն ասել է. «…առաջին հերթին ժողովրդին պետք է կերակրել, հետո կրթել ու միայն դրանից հետո ուղղորդել մեծ գործերի»։

1991 թվականից ի վեր ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ մեր պետության առաջընթացի հիմնական արգելքներից մեկն է։ Թեեւ այս ընթացքում ՀՀ գրեթե բոլոր կառավարությունները աղքատության դեմ պայքարի ծրագրեր մշակեցին, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ամբողջությամբ ձերբազատվել այդ արատավոր երեւույթից։ Աղքատության գոյությունը մեր երկրում որեւէ արդարացում չունի եւ չի կարող ունենալ։ Աղքատությունը ոչ միայն սոցիալական անցանկալի երեւույթ է, այլ մեր պետականությունը բարոյապես եւ ֆիզիկապես թուլացնող քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հիմնարար խոչընդոտներից մեկն է։ Այն, որ աղքատությունը արտագաղթի առաջնային պատճառներից է որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Աղքատությունը նաեւ խոտան է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, քանի դեռ «հացի խնդիր» ունեցող քաղաքացիները առավել անպաշտպան են տարբեր քաղաքական մանիպուլյացիաներից, հեշտ կառավարելի ավտորիտար վարչակազմերի կողմից հատկապես ընտրությունների ժամանակ։ Երբ աղքատությունը երկար ժամանակ է իր գոյությունը պահպանում այն ձեւավորում է յուրահատուկ մտածելակերպ, աշխարհահայացք ու կենսակերպ, որը բացասական ազդեցություն է թողնում հասարակության զարգացման ու կենսագործունեության վրա։ Վերջապես, աղքատությունը, որը երկար տարիներ գերազանցել է մեր երկրի բնակչության 30 տոկոսը, ամոթալի խառան է ազգի համար ու անհարիր ստեղծագործող հայի էությանն ու մեր ազգային դիմագծին։ Ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում առավել սրությամբ է դնում աղքատության հաղթահարման հարցը։

Վստահաբար կարելի է հաստատել, որ առանց աղքատության դեմ անողոք պայքարի, նրա ամբողջական վերացմանը մենք չենք կարող կառուցել ազատ եւ ժողովրդավար երկիր, չենք կարող արձանագրել առաջընթաց ու հարատեւ զարգացում։

Դաս յոթերորդ

Գաղտնիք չէ, որ ԱԶԱՏ եւ ԱՆԿԱԽ քաղաքացիների կրիտիկական զանգվածի առկայությունից է նաեւ կախված պետության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ աստիճանը, որն ազգի ազատ ապրելու եւ արարելու բնատուր ձգտման իրացման արդյունքն է։ Ուստի, ինքնիշխան երկիր կառուցելու համար մեզ անհրաժեշտ է կրթել եւ դաստիարակել պետության կարեւորությունն ու արժեքը գնահատող նոր ազատատենչ պետականամետ սերունդ։ Սերունդ, որը կրելով հայկական ինքնությունն ու քաղաքակրթական հարուստ ժառանգությունը, կլծվի սեփական երկրի հզորացմանը՝ տեխնոլոգիապես անգերազանցելի բանակով, առաջադեմ տնտեսությամբ, նոր գիտական ոլորտներով։

Մենք պետք է գերխնդիր դարձնենք նոր հայ մարդու կերտումը, որն իր մեջ կրելով մեր ազգային առաքելության գիտակցումը, ինքնաճանաչման, սեփական արմատներին վերադառնալու միջոցով հաղորդակից կդառնա ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային արվեստին ու գիտությանը, մարդկության հարուստ ժառանգությանն ու առաջադեմ մտքին, կդառնա ազատ եւ ներդաշնակ անհատ՝ հայ մարդ։

Այդպիսի նոր «արարատյան» մարդու եւ քաղաքացու կերտումը պետք է լինի մեր պետության առաջնահերթությունն ու գերխնդիրը։

Մենք չենք կարող ունենալ ժամանակակից զարգացած պետություն առանց առաջադեմ եւ միջազգայնորեն մրցունակ գիտության։ Դրա համար կպահանջվի որակապես եւ բովանդակապես նոր գիտակրթական համակարգի ստեղծում, որն ամբողջությամբ ձերբազատված կլինի նեղմիտ գավառամտությունից եւ խորհրդային հենքից։ Սա հսկայական ներդրում եւ երկարատեւ աշխատանք է պահանջում, բայց սա մեր ապագայի հարցն է, որի համար որեւէ բան չպետք է խնայենք։

Եզրափակում

Այս առավել ընդհանրական, առաջնային դասերը սերտելով ու վճռական քայլեր ձեռնարկելով դրանք հաղթահարելու ուղղությամբ, մենք կարող ենք հիմք դնել նոր որակի հայկական պետության, նոր աննախադեպ Հայկական ուժի կերտմանը։ Ինչպես ցույց տվեց Արցախյան վերջին պատերազմը, մենք պատմության ընթացքում շատ հաղթանակներ ենք տարել, սակայն չենք կարողացել պահպանել, ամրապնդել դրանք։ Չենք կարողացել, որովհետեւ պատմության ընթացքում պետականության գոյության պայմաններում չենք կարողացել արժեւորել այն, չենք ստեղծել ներազգային արդարության եւ համերաշխության պայմաններ, պառակտված ու մասնատված ենք եղել, մշտապես փնտրել ենք «դրսի օգնություն» մեր ներքին հարցերը կարգավորելու համար, այնուհետեւ հայկական պետականության բացակայության եւ բազմադարյա օտարի լծի տակ մոռացել ենք ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ-ի դերի ու նշանակության մասին։

Այս պատերազմից հետո գոնե պետք է սերտենք այն տարրական ճշմարտությունը, որ բոլոր ժամանակներում ՈՒԺՆ է, որ պատմություն է կերտել: Թեեւ ուժի բաղադրիչները տարբեր են 21-րդ դարում, դրանք տարբերվում են հարյուր տարի առաջվա ուժի դասական սահմանումներից, բայց միեւնույնն է այսօր էլ ուժն է, լինի դա «փափուկ», «խելացի» թե «կոշտ», որ վերջնարդյունքում հնարավորություն է տալիս լուծել ազգի եւ պետության հիմնախնդիրները: Անհերքելի, որ առանց սեփական ուժերին հավատալու, առանց ապագայի հստակ տեսիլի, ուժ դառնալու ուղղությամբ ամենօրյա, հետեւողական, համազգային աշխատանքների` մենք դատապարտված աննշան, “փոքր” պետության ճակատագրի, առանց ինքնուրույն գործելու եւ անկախ ապրելու հնարավորության, որի անվտանգությունն ու ճակատագիրը մշտապես կախված կլինի մեկ այլ, ավելի մեծ ուժից:

2021թ. սեպտեմբերի 21-ին մենք նշելու ենք մեր անկախության 30-ամյա հոբելյանը: Երանի վերջապես մտնենք մեր անկախության հասունության շրջանը՝ մեր պետության անցած ուղին վերաիմաստավորած ու վերոհիշյալ դասերը քաղած, հզորանալու եւ իրական ուժ դառնալու հարցում վճռական ու միաբան։ Այդ դեպքում միայն կվերագտնենք մեր «ճանապարհը» ու կվերածնենք ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԻ վրա խարսխված ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir