Büyükataman’ın fotoğrafı ne anlatıyor?

Çavuşoğlu və Pompeo görüşü nəyə hesablanıb ?

DEĞİŞİMİN AYAK SESLERİ GELİYOR…

Ali Şahin: İran’da Yeni Dönem

Ռեֆորմներ անել ոչ մեկը Հայաստանում չի ուզում, չի կարող

Ermenistan 19 Şubat 2018
105

Մեր զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը
Տիկին Սեդրակյան, Արմեն Սարգսյանը ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկը՝ առաջադրվելու նախագահի թեկնածու։ Նա նշեց երկու ոլորտ՝ կրթություն և քաղաքացիական հասարակություն, որոնց ուղղությամբ աշխատելու շատ տեղ կա։ Ինչո՞ւ հենց այդ երկու ոլորտը, և ինչպե՞ս եք գնահատում։
Բոլորը խոսում են կրթությունից, բայց չեն հասկանում, որ կրթությունը երկու ստանդարտի համակցություն է. Մեկը պրոֆեսիոնալ ստանդարտն է, մյուսը՝ հումանիտար։ Մեզ մոտ, չգիտես ինչու, պրոֆեսիոնալ ստանդարտը պատկերացնելով, մտածում են, որ հումանիտար բաղկացուցիչը պետք է դուրս գա կրթությունից։ Այսինքն՝ քաղաքացիական սկզբունքները, ընդհանուր կրթությունը հանելով, որը պայմանավորում է անձի ներդաշնակ զարգացումը, իրենց թվում է, որ կարող են ինչ-որ արդյունքի հասնել։ Արևմուտքում հումանիտար ստանդարտի չափաբաժինն օրեցօր աճում է, մեզ մոտ օրեցօր պակասեցնում են, որի վկայությունն են Հայաստանում իրականացվող շատ-շատ համակարգային փոփոխություններ, որ տեղի են ունենում բուհերում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պրոֆեսիոնալ ստանդարտը Հայաստանում շատ թույլ ձևակերպումներ ու տեսլական ունի, որովհետև համաշխարհային ստանդարտին հասնելու համար պետք է, բնականաբար, համաշխարհայինի չափ ֆինանսավորում։ Ու քանի որ ֆինանսավորում մենք չենք կարող ապահովել, մենք պետք է գոնե այդ պրոֆեսիոնալ ստանդարտի ապահովման համար վերցնենք այն փորձը, որը տրված է ուրիշներին։ Այսինքն նոր բան չհնարենք, որովհետև տեսեք՝ քանի կրթական ու գիտական կոլապս ունեցանք մենք։ Սկզբում հայտարարեցինք, թե արմենիկում ենք ստեղծել, տապալվեցինք ու խայտառակ եղանք աշխարհով մեկ, հետո հայտարարեցինք, թե հատուկ ինչ-որ լազերային սարքեր ենք ստեղծել բանակի համար ու էլի տապալվեցինք։ Այ դա ոչ պրոֆեսիոնալիզմ է և դիլետանտիզմ, և այդ դիլետանտիզմը դառնում է Հայաստանի կրթության չինովնիկների և կրթության մասին խոսողների հիմնական գրավականը։
Ինձ թվում է, որ նախ կրթությունը պետք է բաժանել այդ երկու ստանդարտների՝ պրոֆեսիոնալ և հումանիտար, հետո պետք է սկսել առանձին ստանդարտի ենթակետերով պլանաչափ ծրագիր իրականացնել։ Առաջ բոլորը խոսում էին բանակից ու եկեղեցուց որպես սրբազան կովեր, հիմա դրան ավելացել է նաև կրթությունը։ Ինչի մասին շատ է խոսվում, ամենաշատը հենց դա է տապալվում։
Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շուրջ մեկ ամիս տարբեր հանդիպումներ ունեցավ տարբեր մարդկանց, խմբերի հետ, նա խոսեց ներդրումներից ու զարգացումից, իսկ վերջում երախտիքի խոսքեր ասաց Սերժ Սարգսյանին, ասելով՝ հույս ունեմ, որ արդարացնելու եմ վստահությունը։ Ինչպե՞ս եք սա գնահատում։
Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում։ Մի ներկայացուցիչ՝ լավ հագնված, բարետես ու գեղեցիկ, բերեցին ռուսական սփյուռքից, մյուսին՝ նույն կերպ բարետես, լավ հագնված ու կիրթ, այսպես կոչված արևմտյան սփյուռքից, և այս երկու գործիչներն էլ, բախվելով հայկական իրականությանը, միանգամից կանգնում են անճարության առջև։ Ես իհարկե, «հպարտ եմ» հայկական իրականությամբ, որ այն այդքան հզոր է և մի վայրկյանում մամլիչի տակ է առնում քաղաքական գործիչներին, բայց կարծում եմ նաև, որ այդտեղ բացի հայաստանյան քաղաքականության և Հայաստանի իրականության առանձնահատկություններից, կա նաև մեկ այլ գործոն։ Այդ բաղադրիչն այն է, որ այնուամենայնիվ, երկու անձն էլ դուրս են եկել Խորհրդային Միությունից։ Այսինքն այդ քաղաքական «սավոկից» դուրս եկած քաղաքական մարդկային ռեսուրսը որքան էլ եփում ես, միևնույն է, նա իր բնույթով մնում է Խորհրդային Միության քաղաքացի։
Այսինքն՝ Արմեն Սարգսյանից էլ մեծ ակնկալիքներ չե՞ն կարող լինել, նույնիսկ այն ոլորտներում, որոնց մասին նա խոսեց։
Արմեն Սարգսյանը կախարդական փայտիկ չունի։ Ոչ նա, ոչ էլ Կարեն Կարապետյանը չունեն այդ կախարդական փայտիկը, որովհետև ոչ մի անձ այդ կախարդական փայտիկը չի կարող գործի դնել առանց ցավոտ ու շեշտակի ռեֆորմներ անելու։ Այդպիսի ռեֆորմներ անել ոչ մեկը Հայաստանում չի ուզում, չի կարող, նրան թույլ էլ չեն տա։
Արմեն Սարգսյանը նաև հայտարարել էր, որ առանց քաղաքացիական հասարակության հնարավոր չի լինի լուրջ փոփոխություններ իրականացնել։
Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության կարևորության մասին արտահայտությունն անում են մեր բոլոր պետական այրերը, երևի վարչապետից բացի։ Կրթության նախարարը դրա մասին խոսում է, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահները դրա մասին խոսում են, Արդարադատության նախարարության բոլոր ներկայացուցիչներն ու բոլոր տեսակի պաշտոնյաները դրա մասին խոսում են, բայց ի՞նչ ասել է քաղհասարակություն Հայաստանում։ Եթե չենք մոռանում, իշխանությունները ձևավորում են իրենց համար հաճելի ու հարմար այն քաղաքացիական հասարակությունը ՀԿ-ների միջոցով, որը կկատարի նաև իրենց հրահանգները՝ ֆինանսավորվելով Արևմուտքից։ Դրա համար քաղհասարակությունն էլի աբստրակցիա է, իսկ Հայաստանը կործանում է տերմինի և տերմինի անհամապատասխանության ողբերգությունը, որովհետև բոլորն օգտագործում են տերմիններն այն ընկալումով, որով այն ընկալում է քաղաքակիրթ աշխարհը, մինչդեռ Հայաստանում այն ունի ուրիշ մեկնաբանություն։
Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, Հայաստանում ներդրումների և այլ փոփոխությունների վերաբերյալ տրված խոստումները հերթակա՞ն են լինելու։
Ես կարծում եմ, որ Հայաստանի ընդհանուր քաղաքական ստագնացիան է մեզ հուշում, որ բարեփոխումներն այս տեսքով չեն գալու։ Բոլորն այդ փոփոխությունները սպասում են ՀՀ վարչապետից. ով էլ որ լինի Հայաստանի վարչապետ, ռեֆորմ կայացնելու համար ներկա պահին դե ֆակտո իշխանություն ունի միայն ՀՀ ապագա վարչապետը, և դա փաստ է։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Yorumlar