Պուտինը հայտարարեց պրո-ռուսական բլոկի ավարտը
Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի շքերթին այս տարի մասնակցել է միայն Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Այլ պետությունների ղեկավարներ, ինչպես «եվրոպական դաշնակիցներից», այնպես էլ հետխորհրդային երկրներից, անհրաժեշտ չեն համարել մասնակցել: Սակայն մայիսի 9-ի ուղերձները հետաքրքիր են եղել:
ՌԴ նախագահ Պուտինն, օրինակ, ընդգծել է, որ ընդհանուր խնդիրը բոլոր պետությունների համար հավասար անվտանգության մշակումն է, որը կառուցված է վերբլոկային, գլոբալ հիմքով: Այլ խոսքով, նա առաջարկում է հրաժարվել «բլոկային պայքարից»: Բլոկները թերեւս Հյուսիս-ատլանտյան դաշինքն ու պրո-ռուսական ՀԱՊԿ-ն են: Սակայն, բոլորի համար հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի հակակշիռ ինչպես ռազմական բաղադրիչով, այնպես էլ անդամների լոյալության տեսակետից:
ՀԱՊԿ-ում հակասություններն ակնհայտ դարձան Արցախում ապրիլյան պատերազմի օրերին, որի ժամանակ ՀԱՊԿ-ը հաջողությամբ հետ էր մղում միայն լրագրողների հարցերը: ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը պարտավորեցնում է օգնել դաշնակիցներին ագրեսիայի դեպքում: Դա հիմնական կետն է, որը շատ պետությունների մղում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: ՀԱՊԿ կանոնադրության մեջ նույնպես կա 5-րդ կետ, սակայն այս բլոկի անդամները վաղուց համոզվել են, որ այդ կետը երբեւէ չի կիրառվելու:
Պուտինի ուղերձը կարելի է մեկնել նախեւառաջ որպես խոստովանություն, որ ՀԱՊԿ-ը պարտվել է «բլոկային պայքարում», որ այդ բլոկն իրականում այլեւս չկա:
Սա կարեւոր ուղերձ է Հայաստանի համար: Ապրիլյան պատերազմը քննություն էր պրո-ռուսական բլոկի համար, եւ նա չի հանձնել այդ քննությունը: Եվ թեեւ առայժմ չի հայտարարվում այդ բլոկի փլուզման, դրանից Հայաստանի դուրս գալու մասին, սակայն բոլորը խոստովանում են, որ Հայաստանը պետք է հենվի միայն սեփական ուժերի վրա:
Հայաստանից մայիսի 9-ին նույնպես կարեւոր ուղերձներ հնչեցին: Ստեփանակերտում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ մի ագրեսիա հայ ժողովրդին չի ստիպի լքել իր հողը: ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարեց, որ ոչ մի զիջման մասին խոսք չկա:
Հայաստանից հնչած ուղերձները համահունչ էին Պուտինի կոչին՝ դադարեցնել բլոկային պայքարը: Հայաստանում ու Արցախում հաստատել են պրո-ռուսական բլոկի բացակայությունը: Ո՞վ եւ ո՞ւմ հետ է պայքարում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ