Kurtları seven Rus işadamı, Türklerin desteği sayesinde internetin yıldızı oldu

AVRUPA KOMİSYONU BAŞKANININ MEŞRUİYETİNİ TARTIŞABİLİRİZ… AMA ŞİMDİ DEĞİL!

ABD yeni savunma sekreter vekili Mark Esper

Esper: F 35 tam kapasite kullanılamayacak

Նոր հարված Վրաստանին. ելքը Երեւանն է

Gündem, Gürcistan 9 Temmuz 2019
15

Ռուսաստանը քննարկում է վրացական գինիների մուտքը ռուսական շուկա դարձյալ արգելափակելու հարցը: Դա վերջին շաբաթներին հայտնի իրադրության հետեւանքով ռուս-վրացական լարման ռուսական կոշտ արձագանքներից մեկն է, որը հաջորդեց նախօրեին վրացական հեռուստաալիքներից մեկով Պուտինի հասցեին եթերից հնչած հայհոյանքին:

Ռուսթավի 2-ի լրագրողի քայլը փաստացի դարձավ վերջին շաբաթների լարման նոր ալիք, երբ թվում էր, թե Ուղղափառության խորհրդարանական հավաքի առիթով բռնկված լարումը համենայն դեպս մտնում է որոշակի սառեցման փուլ:

Ընդ որում հատկանշական է, որ իրավիճակը թեժացնում եւ այսպես ասած Ռուսաստանի ձեռքին Վրաստանի հանդեպ «բարոյա-քաղաքական» խաղաքարտ է տալիս մի հեռուստաալիք, որը համարվում է հակառուսական դիրքորոշումով ընդդիմության խոսափող: Լարվածության բռնկման առնչությամբ կային գնահատականներ, որ տեղի ունեցածը ռուսական սադրանք էր: Իհարկե, այստեղ էլ կա հարց: Չէ՞ որ ուղղափառության հավաքը կազմակերպել էր Վրաստանի իշխանությունը: Ուրեմն պաշտոնական Թբիլիսի՞ն է ռուսական սադրանքի գործիք: Բայց, այժմ էլ ստացվում է, որ ռուսական սադրանքի գործիք է հակառուսակա՞ն ընդդիմությունը:

Իրադրությունն ավելի խորքում սակայն թերեւս ավելի բազմաշերտ է եւ ոչ այդքան պարզունակ: Այն, որ Վրաստանը հայտնվել է «շղթայական սադրանքի» ալիքի ներքո, ակնառու է: Բայց միարժեք չէ այդ ալիքի սկզբնաղբյուրը կամ հունը:

Խորքային առումով, հարեւան երկրում ծավալվողը արտացոլում է ընդհանրապես ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության համակարգի վերափոխման բարդ գործընթացը, որն աշխուժության տարբեր փուլերով շարունակվում է արցախյան պատերազմից սկսած: Առաջին եւ հիմնարար հանգրվանը հայկական հաղթանակն էր Արցախում: Բայց ստատուս-քվոն ռազմա-քաղաքական անվտանգային ռեգիոնալ համակարգի կոնցեպտով ձեւակերպելու կամ ամրացնելու համար հույժ կարեւոր է Վրաստանի դերը:

Այդ իմաստով չափազանց նշանակալի դեր խաղաց Միխայիլ Սահակաշվիլին, Վրաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց եւ փաստորեն այդպիսով նաեւ Հայաստանը ապահովագրելով ռուսական ազդեցության խուլ փակուղու հեռանկարից:

Մյուս կողմից, սակայն, Սահակաշվիլին բավականին բարձրացրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը Վրաստանում, թերեւս իր երաշխիքների համար՝ միայն Արեւմուտքի աջակցության հույսին չմնալու համար:

Ներկայում Վրաստանում գործնականում առկա է Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ, ՆԱՏՕ թեւի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դիմակայություն՝ ազդեցության համար: Խոշոր հաշվով, 2008 թվականի թվացյալ հաղթանակով հանդերձ, Մոսկվան այդ հաղթանակով Վրաստանում կրեց գլոբալ պարտություն:

Ռուսներն անկասկած պատկերացրին կատարվածը, եւ դրանից հետո սկսվեց Վրաստանում ԱՄՆ հետ պայմանավորվելու փորձը: Սահակաշվիլու հեռացումը գործնականում դրա արդյունք էր: Արեւմուտք-Ռուսաստան ակնառու պայմանավորվածությամբ իշխանության եկած Իվանիշվիլին ձեռնամուխ եղավ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ որոշ պայմանավորվածություններ վերանայելուն:

Բայց Իվանիշվիլին ըստ երեւույթին գործեց իբրեւ կոմերսանտ, խոշոր գործարար, ոչ քաղաքական գործիչ եւ առավել եւս պետական ստրատեգ: Ներկայում Վրաստանը գտնվում է այդ հարցում բացթողման հետեւանքի առաջ: Հատկանշական է, որ ռուս-վրացական լարվածության ալիքը բռնկվեց մի կողմից Ադրբեջանի հետ տարածքային վեժի թեժացման ֆոնին, մյուս կողմից այդ վեճի ֆոնին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման, որտեղ Վրաստանն ընդունել էր թուրք-ադրբեջանական զորավարժությանը մասնակցելու հրավեր:

Թբիլիսին փաստացի դեռ չմասնակցած հայտնվել է «զորավարժության» համար «նորմատիվային կորստի» դերում, կամ՝ պայմանական զորավարժության պայմանական «բեկոր» Ռուսաստանի ուղղությամբ:

Երեւանը պետք է դառնա ոչ միայն ռուս զբոսաշրջիկների Վրաստան «տարանցման» հաղորդուղի՝ ուղիղ չվերթերն արգելափակելու Մոսկվայի որոշման պայմաններում: Երեւանը պետք է դառնա Մոսկվա-Թբիլիսի ռազմավարական երկխոսության հաղորդուղի: Դրա այլընտրանքը չունեն թե Մոսկվան, թե Թբիլիսին: Այլապես, ռուս-վրացական հերթական կոնֆլիկտը՝ պատերազմով, թե առանց դրա, լինելու է խոշոր պարտություն արդեն ոչ միայն Մոսկվայի, այլ երկուսի համար էլ:

Ընդ որում, հատկանշական է, որ Վրաստանին «հարվածը», ու դրանով հարվածը Ռուսաստանին, հասցվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, երբ հասկացվեց, որ Հայաստանը «երրորդ կողմով» Ռուսաստանին հարվածելու համար այլեւս հարմար հարթակ չէ, այլեւս պինդ է:

ԱՄՆ կխրախուսի Մոսկվա-Թբիլիսի ռազմավարական երկխոսության երեւանյան հաղորդուղին, որովհետեւ ռուս-վրացական կոնֆլիկտն ավելորդ լարվածություն է ստեղծում նաեւ Վրաստանում ՆԱՏՕ ինստիտուցիոնալ հաստատման համար, ինչը վերջնականապես կզրոյացնի Թբիլիսիի հանդեպ վերահսկողության Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքն ու այդպիսով նաեւ Կովկասի նոր ռազմա-քաղաքական անվտանգության համակարգի զգալի ամբողջացումն ու ամրագրումը արգելակելու ձգտումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar