В Сочи состоялся очередной саммит Путина, Эрдогана и Роухани

ABD F35C’leri ve B52’leri S400 için hazırlıyor.

Soçide Suriyanın gələcək taleyi və xüsusilə də İdlib bölgəsi konuşuldu

Soçi sonrası

Նիկոլ Փաշինյանի փրկությունը

Ermenistan 29 Ocak 2019
9

Հայ ժողովուրդը փրկիչներ սիրող ժողովուրդ է ու իր բոլոր խնդիրների լուծումը փրկիչների հետ կապող ժողովուրդ է։ Ինչպես մեր երկուհազարամյա երկար ու ձիգ պատմությունը, այնպես էլ անցած կարճատև 30 տարիները լի են օրինակներով, երբ այս կամ այն անձի՝ ասպարեզում հայտնվելուց հետո հասարակությունն իր ողջ հույզերն ու սպասումները դրել է մի զամբյուղի մեջ ու նվիրել է այդ հերթական փրկչին։ Փրկիչները եկել ու գնացել են, առանց պետությունն ու հասարակությանը փրկելու, բնականաբար, բայց անփոփոխ է մնացել փրկչի սպասման ինստիտուտը։ Հիմա ապրում ենք հերթական փրկչի հայտնության ժամանակներում, և այդ փրկիչը Նիկոլ Փաշինյանն է։

Թավշյա հեղափոխությունից հետո հասարակության ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին համարում է իրենց սարգսյանական վարչակազմից ազատագրողը և լավ կյանք պարգևողը։ Նիկոլ Փաշինյանից ունեցած հանրային սպասումները ուղիղ համեմատական են նրան տրված վստահության քվեի հետ՝ 70-80 տոկոս։ Իսկ կարող է արդյոք Նիկոլ Փաշինյանը բավարարել այդ սպասելիքները։ Կարճ պատասխանենք՝ ոչ։ Ոչ, եթե շարունակվի պետական կառավարման այն քաղաքականությունը, որը որդեգրվել է նախորդ տարվա ապրիլ ամսից։ Նա այդ քաղաքականությամբ ոչ միայն ի վիճակի չի լինելու բավարարել հանրային սպասումները, այլ փոշիացնելու է դրանք ու մարդկանց հավատը, փոշիացնելու է՝ հասարակությանը գցելով խոր ընկճախտի մեջ։

Կարող է տարօրինակ հնչել, սակայն հերթական փրկչի դերում հայտնված Նիկոլ Փաշինյանն ինքն իրականում փրկության կարիք ունի։

Փաշինյանի կառավարության սխալները շատ են, շատ-շատ։ Բայց եթե փորձենք խմբավորել դրանք, ապա կարող ենք առանձնացնել երեք ձախողված ուղղություն՝ տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, կադրային քաղաքականություն։ Ընդ որում, վերջինը՝ կադրային քաղաքականությունն իր ֆունկցիոնալ նշանակությամբ ամենակարևորն է, քանի որ ունի համակարգաստեղծ բնույթ․ կադրերն են որոշում ինչպես տնտեսական քաղաքականությունը, այնպես էլ արտաքին քաղաքականությունը։ Այն, որ կադրային քաղաքականությունը ձախողված է, անուղղակիորեն խոստովանել է անգամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջին Ազգային ժողովում ունեցած ելույթում։ Խոսելով որոշ ՀՀԿ-ականների և նախկին իշխանության հետ ասոցացվող գործիչների պաշտոններում նշանակելու իր քաղաքականության մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Իսկ ո՞վ է ասում, թե նորերը հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություն և սթրեսներ եմ ապրել, երբ որ եղել են մարդիկ, ովքեր, հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր ու մի քանի շաբաթվա մեջ քանդուքարափ են եղել, ու ես չեմ կարող այս մասին չասել, որովհետեւ սա անազնիվ կլինի մեր ժողովրդի, ինքներս մեր առաջ: Այս կտրվածքով ինձ համար բացարձակապես տարբերություն չկա նախկին, թե ներկա․․․ Մեզ քննադատում են և՛ անփորձների նշանակելու մեջ, և՛ փորձվածների նշանակելու մեջ և լավ եք անում, բայց այն, ինչ մենք արել ենք, դրա փորձը ոչ ոք չունի: Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, դրա փորձը աշխարհում գոյություն չունի»:

Ինչպես տեսնում ենք, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով դեռ ամիսներ առաջ արձանագրել է իր կադրային քաղաքականության տապալումը։ Իսկ դա նշանակում է նաև այլ քաղաքականությունների տապալում, քանի որ կադրերն են մշակում տնտեսական զարգացման ռազմավարությունն ու հայեցակարգերը, որոնք բացակայում են այսօր, կադրերն են մշակում արտաքին քաղաքական դոկտրինը, որը խայտառակ վիճակում է այսօր։

Կադրային քաղաքականության տապալման, ձախողման պատճառները բազմաթիվ են։ Առաջիններից մեկն այն է, որ պատասխանատու պաշտոններում նշանակումները կատարվում են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին անձնական հավատարմության ցուցանիշով։ Բայց ինչպես վերը նշված մեջբերման մեջ նշել է Փաշինյանը, անգամ ամենաջերմեռանդ հեղափոխականները կարճ ժամանակ անց քանդուքարափ են անում ամեն ինչ։ Հեղափոխությանը նվիրվածությունը տակավին ու ամենևին չի նշանակում արդյունավետ աշխատանք, էֆեկտիվ կառավարում։ Արդյունավետ կառավարում են մասնագետները, իսկ հեղափոխականների մոտ ստացվում է արդյունավետորեն փողոցներ փակել ու թմբուկներ զարկել։

Առաջին հայացքից թվում է, թե իրավիճակն անելանելի է՝ հատկապես հաշվի առնելով իշխող մեծամասնության խորհրդարանական խմբակցության խայտաբղետ կազմն ու ոչ կոմպետենտությունը, կամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տապալումներն ու ավագանու աշխատանքը։ Բայց, ինչպես ասում ենք, եղածն արդեն եղած է և պետք է առաջ նայել։ Եվ ուրեմն, առաջ նայելու պարագայում ի՞նչ հնարավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նա ունի աննախադեպ բարձր լեգիտիմություն ու հանրային վստահություն, ինչը նրան հնարավորություն է տալիս ձևավորելու կառավարիչների արդյունավետ թիմ, որոնք կկարողանան սպասարկել հեղափոխության նպատակադրումներն ու իշխանության ներկայացրած խնդիրները։ Ընդ որում, խոսքը միայն առաջին դեմքերի մակարդակով նշանակումների մասին չէ։ Ցանկալի չէ, սակայն առաջին դեմքերը՝ նախարարները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կարող են մնալ իրենց տեղերում։ Իսկ ահա արդեն փոխնախարարների, վարչության պետերի և ղեկավար կազմի այլ անդամների մակարդակով պետական կառավարման մարմինները կարող են ողողվել արհեստավարժ, փորձառու կադրերով, որոնք կդառնան առաջին դեմքերի աշխատանքի ուղղորդողները, նրանց ուղեղային կենտրոնները։ Կառավարման գիտության մեջ դեռևս անցած դարի սկզբին ներմուծվել է շտաբ հասկացությունը, որը ղեկավարին աջակցող, օգնող մարմինն է։ Հենց շտաբային լիազորությունների շրջանակներում էլ պետական կառավարման համակարգը կարող է լրացվել բանիմաց կադրերով։

Ի դեպ, իշխանության ներկայացուցիչները, որպես վարվող կադրային քաղաքականության արդարացում, նշում են ցածր վարձատրությունը, անգամ ասում են, որ որոշ պրոֆեսիոնալ կադրեր հրաժարվել են մասնավոր սեկտորից տեղափոխվել պետական կառավարման համակարգ՝ ընդհուպ հրաժարվելով նախարարի պաշտոնից։ Հնարավոր է, բայց քիչ հավանական։ Որովհետև, եթե իշխանությունն ունենա ռազմավարական, հայեցակարգային զարգացման ծրագիր, վստահաբար, պրոֆեսիոնալների ճնշող մեծամասնությունը, հանուն բարձր առաքելության, հաճույքով կստանձնի այդ պաշտոնները։ Եթե չեն ստանձնում, նշանակում է այնքան լուրջ են, որ չեն ցանկանում ասոցացվել անկոնցեպտ, անռազմավարություն համակարգի հետ։ Եվ ի դեպ, ստացվում է, որ բոլոր այն պաշտոնները, որոնք զբաղեցնելու առաջարկից հրաժարվել են այդ պրոֆեսիոնալները, շարունակում են զբաղեցնել հեղափոխականները։ Ցավոք։

Ինչ վերաբերում է արհեստավարժների վճարման խնդրին, ապա դա տեխնիկապես հեշտ լուծելի խնդիր է։ Հասարակությունն այնքան ու այնպես է վստահում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ կլինի ամեն ամիս դիցուք 2-3 հազար դրամ հանգանակություն վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին բարձր աշխատավարձեր վճարելու համար։ Գումարը կարելի է հայթայթել նաև Սփյուռքից։

Կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է։ Եթե նա հապաղի դրսից՝ իր նեղ թիմից դուրս գտնվող շրջանակից պրոֆեսիոնալներ հրավիրելու հարցում, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել ինչպես իր ու իր իշխանության, այնպես էլ պետության համար։

Գառնիկ Գևորգյան

Yorumlar